| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Թոգարմա |
Թոգարմա (նաև՝ Թեգարամա, Գուրենա, Թեգ Արամա, Թեգարամմա, Թիլ Գարիմմի, Թիլ Գարիմմու, Տեգարամա, Տեգարամմա, Տեգարմա, Տիգարամա, Թորգոմի տուն), քաղաք և երկրամաս Հնագույն Հայաստանում[1][2], Վերին Եփրատ գետի հովտում, նրա աջ կողմում[2]։
Թոգարմա անունը կազմված է «թոգ», որը նշանակում է ազգ, ցեղ, տուն, և «արմա» (արմեն ցեղի անունից) մասերից[1]։ Թորգոմ անձնանունը ծագում է եբրայերեն Thorgama ձևից, որի ճիշտ ընթերցումն է համարվում Togarma-ն։ Ըստ դրա` հունարեն տառադարձվել է՝ θοργaµá, θεργaµá, θοργoµá. իսկ հայերեն` Թորգոմա, որից էլ առաջացել է Թորգոմ[3] անձնանունը[2]։ Որոշ հետազոտողներ կարծում են, որ ասուրա-բաբելական աղբյուրների Թիլ Գարիմմու տեղանունը ոչ մի կապ չունի Թոգարմա, Թորգամա անվանաձևերի հետ, համարելով դրանք լեզվական առումով տարբեր անվանաձևեր[2]։
Մի շարք մասնագետներ, ելնելով խեթական արձանագրությունների հիշակատություններից, Թոգարման տեղադրում են Վերին Եփրատ գետի հովտում, աջ կողմում[2][4][5]՝ հետագայի Փոքր Հայքի Երկրորդ Հայք պրովինցիայում[1]։ Թոգարմա քաղաքը նույնացվում է այժմյան Մալաթիա քաղաքից հյուսիս-արևմուտք գտնվող Գյուրուն գյուղի հետ[1]։ Բոլոր մասնագետները «համաձայն են Թեգարամման Մելիտենեի արևմտուտքում տեղադրելու և Գաուրաինայի (ար-դի Գորունի) հետ նույնացնելու հարցում»[6], սակայն, ըստ նոր ուսումնասիրությունների՝ «Թեգարաման գտնվել է մալաթիայից անմիջապես հյուսիս՝ Եփրատի աջ ափին»[7][8]։
Թեգարամա քաղաքը առաջին անգամ հիշատակվում է Աշշուրի «կապադովկիական աղյուսակներում» (մ․թ․ա․ 20-18-րդ դարեր), իսկ մ․թ․ա․ 16-րդ դարից սկսած՝ խեթական աղբյուրներում[9]։ Թեգարամա երկիրը նույնացվում է Աստվածաշնչյան Թոգարմայի[1] հետ (հայերեն թարգմանության մեջ՝ «Տուն Թորգոմայ»), որը հիշատակվում է մ․թ․ա․ 593 թվականով[2]։
Հայկական աղբյուրներում Թոգարման հիշատակվում է «Թորգոմի տուն» տարբերակով և ըստ հայ պատմական ավանդության, «Թորգոմի տուն»-ը համարվում է Հայաստանի հոմանիշ[1], իսկ հայերը անվանվում են «Թորգոմեան», «Թորգոմածին»[2][3][10]։
Խեթական Մուրսիլիս Բ (մ․թ․ա․ 1345-1320) թագավորի տարեգրության մեջ հիշատակվում է Թեգարաման, որը գրառված է նրա գահակալության իններորդ տարում տեղի ունեցած ռազմական գործողությունների համատեքստում։ Ըստ ժամանակագրության՝ հայասացիներն ավերում են Իշտիտինա մարզը և պաշարում Կանաուվարա քաղաքը։ Մուրսիլիսի հրամանով Վերին երկրում բանակ դրած խեթական զորքերը օգնության են հասնում պաշարված քաղաքին և պարտության մատնում հակառակորդին։ Այդ ընթացքում Մուրսիլիս Բ-ն, որը գտնվում էր Կիզզուվանտա երկրում, մեկնում է Կարքեմիշ։ Ապա վերադառնում է Կիզզուվանտա՝ կանգ առնելով Թեգարամայում։ Խեթական բանակի հրամանատար Նուվանզան իր զորքերով նույնպես ժամանում է Թեգարամա։ Բայց դեպի Հայասա արշավանքը հետաձգվում է։ Մուրսիլիս Բ-ն իր զորքերով մեկնում է Խարրանա[2]։