Թոմ Շոլց | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Tom Scholz |
Ի ծնե անուն | անգլ.՝ Donald Thomas Scholz |
Ծնվել է | մարտի 10, 1947 (77 տարեկան) Թոլեդո, Օհայո, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | ռոք |
Մասնագիտություն | երաժիշտ, կիթառահար և երգերի հեղինակ |
Գործիքներ | կիթառ |
Լեյբլ | Epic Records |
Կրթություն | Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ և Ottawa Hills High School? |
Անդամակցություն | Boston |
Կայք | rockman.fr |
Tom Scholz Վիքիպահեստում |
Դոնալդ Թոմաս Շոլց (անգլ.՝ Donald Thomas Scholz, մարտի 10, 1947, Թոլեդո, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի ռոք երաժիշտ, կոմպոզիտոր, գյուտարար, ինժեներ և բարերար[1][2]։ Առավելապես հայտնի է որպես Boston խմբի հիմնադիր և միակ մշտական մասնակից։
Շոլցը ձայնագրման ինդուստրիա մտավ անսովոր ձևով։ Լինելով երաժշտությամբ հրապուրված Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ինժեներ՝ Շոլցը նախագծել է իր սեփական ձայնագրման ստուդիան բազմաբնակարան շենքի նկուղային հարկում։ Առաջին Boston ալբոմը հիմնականում ձայնագրվել է այս նկուղային ստուդիայում՝ օգտագործելով սարքեր, որոնք նախագծել և հորինել էր Շոլցը։ Խմբի նախնական հաջողությունից հետո նա հիմնադրել է Scholz Research & Development, Inc. ընկերությունը` զարգացնելով և շուկա հանելով իրենց սեփական գյուտերը, որոնցից շատերն արտադրվել էին Rockman ապրանքանիշի ներքո։ AllMusic-ում Շոլցին ներկայացնում էին «բացառապես ոչ ռոքնռոլյան կերպար, որը երբեք չէր սիրում փառքի ճառագայթների մեջ լինել», փոխարենը նա նախընտրում էր կենտրոնանալ երաժշտության, նոր էլեկտրոնային սարքավորումների գյուտի և դրանց արտադրության վրա[3]։
Թոմ Շոլցը ծնվել է Օհայո նահանգի Թոլեդո քաղաքում և մեծացել Օտտավա Հիլզի արվարձանում։ Նրա հայրը՝ Դոն Շոլցը, շինարար էր, որը հարստացել է անշարժ գույքի գործարքներից հիմնելով Scholz Design ընկերությունը, որը հանդիսանում էր Scholz Homes Inc.-ի նախորդը[4]։
Մանկության տարիներին Շոլցը սովորել է դաշնամուր նվագել[4]։ Նա միշտ սիրել է ինչ-որ բան պատրաստել կամ նորոգել՝ սկսած քարտինգից մինչև ինքնաթիռի մոդել[5]։
Շոլցն ավարտել է Օտտավա Հիլզի միջնակարգ դպրոցը 1965 թվականին։ Երաժշտական կարիերայից առաջ նա ստացել է մեքենաշինության բակալավրի (1969) և մագիստրոսի (1970) աստիճաններ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում և աշխատել Polaroid կորպորացիայում՝ որպես ավագ նախագծող ինժեներ։ Այդ ժամանակ Շոլցը բնակվում էր Բոստոնում։
Երբ դեռ Polaroid-ում էր, Շոլցը հրապուրվում էր երաժշտությամբ և սկսեց դեմո ձայնագրել իր տան ստուդիայում։ Այդ դեմո ձայնագրությունները գրավեցին Epic Records- ի ուշադրությունը, ովքեր պայմանագիր կնքեցին Շոլցի և երգիչ Բրեդ Դելպի հետ։ Չնայած Շոլցը կարծում էր, որ իր դեմոները բավականին լավն են, որպեսզի թողարկվեն որպես Բոստոնի դեբյուտային ալբոմ, Epic Records-ը ստիպված էր վերաձայնագրել դեմոները։ Ինքը Շոլցը կատարել է կիթառի, բասի և ստեղնաշարի պարտիաների մեծ մասը, բայց երբեմն մասնակցում էին այլ երաժիշտներ։ Epic Records-ում չէին ցանկանում, որ ալբոմը ամբողջությամբ ձայնագրվեր Շոլցի տանը և առաջարկեցին օգտագործել ձայնագրման այլ ստուդիա, բայց ալբոմում հայտնվածների մեծ մասն իսկապես ձայնագրվել էր նրա նկուղում։ Ալբոմը թողարկվեց 1976 թվականին և դարձավ այն ժամանակվա ամենավաճառվող դեբյուտային ալբոմը[6][7]։ Շոլցի պերֆեկցիոնիզմի պատճառով Don’t Look Back-ի հաջորդ ալբոմը հետաձգվեց երկու տարով. լուրեր կային, որ նա թմբուկի պարտիաներից մեկը ստիպել էր վերաձայնագրել 108 անգամ[3]։ Երբ վերջապես այն լույս տեսավ, Շոլցը դժգոհ էր արդյունքից՝ պնդելով, որ ձայնասկավառակը թողարկվել է ձայնագրող ընկերության ճնշման տակ։ Այնուհետև Շոլցը հայտարարեց, որ այլևս երբեք ձայնասկավառակ չի թողարկի, քանի դեռ լիովին չի բավարարվել վերջնական արդյունքով։ Դրա հետևանքով Բոստոնի երրորդ ալբոմը` Third Stage-ը, թողարկվեց միայն 1986 թվականին։ Ձայնասկավառակը չորս անգամ արժանացավ «պլատինե» մրցանակի, իսկ «Amanda» երգը հասավ հիթ շքերթի գագաթնակետին[8]։ Շոլցը և Բրեդ Դելպը դարձան օրիգինալ կազմի միակ մասնակիցները, ովքեր հայտնվել էին ալբոմում։
Երաժիշտի կարիերային զուգահեռ՝ Շոլցը թողարկեց նաև կիթառի էֆեկտների իր շարքը, որը կոչվում է Rockman: Ի թիվս այլ բաների, սարքերը կարող էին վերարտադրել Boston-ի կիթառի եզակի ձայնը։ Rockman-ի բնօրինակները ժամանակի ընթացքում դարձան հավաքածուների առարկա[9]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմ Շոլց» հոդվածին։ |
|