Թոմ Սվիֆթ (անգլ.՝ Tom Swift), գիտական ֆանտաստիկայի և արկածային ժանրի՝ դեռահասների համար նախատեսված համանուն գրքերի շարքի գլխավոր հերոսը, որոնք ԱՄՆ-ում լույս են տեսել 20-րդ դարասկզբից։ Սկզբում Թոմ Սվիֆթը երիտասարդ հանճար է, որ իր ժամանակները գերազանցող գյուտեր է անում՝ ստեղծելով տուրբինային շարժիչով մոտոցիկլետ, մոտորանավակ, օդանավ, էլեկտրական հրացան, ֆոտոհեռախոս և այլն։
Հանճարեղ գյուտարարի մասին գրքերը հայտնվել են էդիսոնադայի ժանրի ժողովրդականության ժամանակ[1]։ Թոմ Սվիֆթի մասին առաջին գրքերը լույս են տեսել 1910 թվականին մանկական և դեռահասների համար գրականության հրատարակմամբ զբաղվող «Stratemeyer Syndicate» հրատարակչության կողմից։ Հերոսի կերպարը հորինել է հրատարակչության հիմնադիր Էդվարդ Ստրատեմայերը[2]։ Գրքերի վրա աշխատել է մի խումբ հեղինակներ՝ Վիկտոր Էփլթոն ընդհանուր կեղծանվամբ, որոնց թվում են եղել նաև Էդվարդ Ստրատեմայերը և նրա դուստրը՝ Հարիետը[3]։ Այդ գոյություն չունեցող գրողի անունն օգտագործվել է նաև հաջորդ բոլոր շարքերում։ «Թոմ Սվիֆթ» անունն առաջին անգամ հանդիպում է Ստրատիմայերի հրատարակչության «Shorthand Tom the Reporter; Or, the Exploits of a Bright Boy» (1903) աշխատանքում։
Գրքերի առաջին շարքը հրատարակվել է 1910-1941 թվականներին և ունի 40 հատոր[4]։
Գրքերի երկրորդ շարքն ընդգրկում է 33 հատոր։ 1954 թվականին Հարիետ Ադամսն ստեղծել է «Թոմ Սվիֆթ կրտսերին»՝ հասակ առած գյուտարարի որդուն և հրատարակել գրքեր «Վիկտոր Էփլթոն II» կեղծանունով։ Տեքստերը գրվել են նաև այլ գրողների կողմից[3]։ Երկրորդ շարքի գրքերի սյուժեները նման են բնօրինակ շարքին և պատմում են Թոմ Սվիֆթի գիտատեխնիկական գյուտերի ու հայտնագործությունների և դրանց հետ կապված ամենատարբեր արկածների մասին։ Շարքը լույս է տեսել մինչև 1971 թվականը։
Երրորդ շարքը (1981-1984) նվիրված է Թոմ Սվիֆթ կրտսերի տիեզերական ճանապարհորդություններին և ներառում է 11 հատոր։ Ստրատեմայերի հրատարակչության հերոսի մասին գրքեր հրատարակելու իրավունքը ձեռք է բերել նաև «Simon & Schuster» հրատարակչությունը[5]։ Վերջինս հետագայում տպագրել է հաջորդ երկու շարքերը։
Չորրորդ շարքը (1991-1993), որում Թոմ Սվիֆթը վերադառնում է Երկիր, բաղկացած է 13 հատորից։
Հինգերորդ շարքը՝ «Tom Swift, Young Inventor» (2006 թվականից) ներառում է վեց գիրք։
Նկատելի է, թե ինչպես է Թոմ Սվիֆթի գյուտերի բնույթը փոխվում գիտական առաջընթացին զուգահեռ. եթե առաջին շարքում նա ստեղծում է առանց լարի կապի միջոցներ ու թռչող սարքեր, ապա վերջին շարքերը նվիրված են ժամանակակից գիտության ձեռքբերումներին (տիեզերական տեխնոլոգիաներ, կիբեռնետիկա, գենետիկական ճարտարագիտություն, նանոտեխնոլոգիաներ)։ Թոմ Սվիֆթի բազմաթիվ հայտնագործություններ ունեն իրական նախատիպեր (Չարլզ Պարսոնի ալմաստի սինթեզումը)[8] կամ կանխագուշակել ապագա տեխնոլոգիական զարգացումները։ Օրինակ՝ «Թոմ Սվիֆթն ու նրա ֆոտոհեռախոսը» գիրքը լույս է տեսել 1912 թվականին, իսկ պատկերը հեռախոսով ուղարկելու գաղափարն սկսել է զարգանալ 1925 թվականից։ 1912 թվականի «Թոմ Սվիֆթն ու նրա կախարդական տեսախցիկը» (անգլ.՝ Tom Swift and His Wizard Camera) գրքում նկարագրվում է դյուրակիր տեսախցիկի գաղափարը, որն սկսել է քննարկվել միայն 1923 թվականից[9]։
1914 թվականին Էդվարդ Ստրատեմայերը ծրագրել է ստեղծել կինոնկար Թոմ Սվիֆթի մասին, բայց ֆիլմի ստեղծման այդ և հետագա նախագծերը չեն իրականացել[10]։ 1946 թվականին Միացյալ Նահանգներում ռադիոյով հաղորդվել է գրքերի ընթերցումներ։ Թոմ Սվիֆթին ոգեշնչման աղբյուր են կոչել մի շարք գյուտարարներ, գիտնականներ ու գրողներ՝ Ռեյմոնդ Կուրցվեյլ[11], Ռոբերտ Հայնլայն, Այզեկ Ազիմով[12], Ստիվ Վոզնյակ[13][14]։ «Քամուց քշվածները» գրքի հեղինակ Մարգարետ Միտչելը խոստովանել է, որ մանկության տարիներին կարդացել է Թոմ Սվիֆթի մասին գրքեր[15]։ Թոմ Սվիֆթի մասին հիշատակումներ հաճախ կարելի է հանդիպել ամերիկացի գրողների, մասնավորապես Ռեյ Բրեդբերիի և Սթիվեն Քինգի գրքերում։
Թոմ Սվիֆթի մասին գրքերի գրական ոճը բարդացված է մակբայներով, ինչը 1950-1960-ական թվականներին ծաղրանմանակել է «սվիֆթիկա» կալամբուրի տիպը[16] Սվիֆթի գրքերի երկխոսությունների բնորոշ ոճի շնորհիվ.
«Մենք պետք է փախչենք,— սրընթաց ասաց Թոմ Սվիֆը»։
«Ես պարզապես հայտնագործել եմ լամպի նոր տեսակ,— ասած Թոմ Սվիֆթը փայլելով»։
«Տազեր» էլեկտրաշոկային զենքի անվանումը Ջեք Քավերը տվել է «Tom Swift and His Electric Rifle» (1911) ստեղծագործության վերնագրի առաջին տառերով՝ արտասանության հեշտության համար ավելացնելով ձայնավոր՝ Taser[17]։
↑Plunkett-Powell, Karen The Nancy Drew Scrapbook: 60 years of America's favorite teenage sleuth. — New York: St. Martin's Press, 1993. — С. 23. — ISBN 978-0-312-09881-0
↑Fowler, Elizabeth M. (9 сентября 1962). «Personality: Bookkeeper Now a Publisher». The New York Times.
Erardi, Glenn (13 December 2008). "Porcelains are 'Piano Babies'". The Berkshire Eagle (Pittsfield, MA). Accessed through Access World News on 23 May 2009.
Fowler, Elizabeth M. (9 September 1962). "Personality: Bookkeeper Now a Publisher". The New York Times, p. 159. Accessed through ProQuest Historical Newspapers on 23 May 2009.
Landon, Brooks (2002). Science fiction after 1900: from the steam man to the stars. New York: Routledge. ISBN978-0-415-93888-4.
Linzmayer, Owen (2004). Apple confidential 2.0: the definitive history of the world's most colorful company. California: No Starch Press. ISBN978-1-59327-010-0.
Molson, Francis J (Summer 1985). «Three Generations of Tom Swift». Children's Literature Association Quarterly. 10 (2): 60–63. doi:10.1353/chq.0.0612. ISSN0885-0429.
Nitrozac, Snaggy (2003). The Best of the Joy of Tech. California: O'Reilly. ISBN978-0-596-00578-8.
Sun Wire Services (2009 թ․ փետրվարի 14). «Taser inventor dies at 88». The Toronto Sun. էջ 17. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 27-ին.