Թոմաս Ադամս անգլ.՝ Thomas Sewall Adams | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 29, 1873[1] Բալթիմոր |
Մահացել է | փետրվարի 8, 1933[1] (59 տարեկան) Նյու Հեյվեն |
Գերեզման | Woodlawn Cemetery and Chapel Mausoleum[2] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Հաստատություն(ներ) | Եյլի համալսարան և Վիսկոնսինի համալսարան Մեդիսոնում |
Գործունեության ոլորտ | տնտեսագիտություն |
Պաշտոն(ներ) | նախագահ |
Ալմա մատեր | Ջոնս Հոփքինսի համալսարան |
Thomas Sewall Adams Վիքիպահեստում |
Թոմաս Ադամս (անգլ.՝ Thomas Sewall Adams, դեկտեմբերի 29, 1873[1], Բալթիմոր - փետրվարի 8, 1933[1], Նյու Հեյվեն), ամերիկացի տնտեսագետ, Եյլի համալսարանի պրոֆեսոր, 1927 թվականին Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի նախագահ։
Թոմասը ծնվել է 1873 թվականի դեկտեմբերի 29-ին Բալթիմորում, Մերիլենդ նահանգում, Ջոն Ուեսլի (1850-1917) և Ռութ (Հասլափ) Ադամսի (1852-1925) երրորդ որդին է[3]։
1893 թվականին Ադամսն ավարտել է Բալթիմորի քաղաքային քոլեջը և ընդունվել Ջոն Հոփքինսի համալսարան, որտեղ 1896 թվականին արժանացել է արվեստի բակալավրի, իսկ 1899 թվականին՝ դոկտորական աստիճանի[3]։
1899-1900 թվականներին աշխատել է ԱՄՆ-ի մարդահամարի բյուրոյում որպես վիճակագիր, իսկ 1900 թվականի նոյեմբերից մինչև 1901 թվականի հուլիսը աշխատել է Պուերտո Ռիկոյում որպես գանձապահի օգնական։ 1901 թվականին նշանակվել է Վիսկոնսինի համալսարանի պոլիտէկոնոմիայի ամբիոնի ասոցացված պրոֆեսոր, իսկ 1908 թվականին նշանակվել է Վիսկոնսինի համալսարանի տնտեսագիտության և վիճակագրության ամբիոնի լրիվ պրոֆեսոր[3]։
1903-1908 թվականներին հարկային օրենքներ է պատրաստել որպես Վիսկոնսինի հարկային հանձնաժողովի փորձագետ։ 1908-1909 թվականներին ԱՄՆ աշխատանքի բյուրոյի համար հետազոտել է կանանց և երեխաների աշխատանքը։ 1909 թվականին Սթենֆորդի համալսարանում դասավանդել է աշխատանքային իրավունքի մեկ դասընթաց և ֆինանսներ։ 1909 թվականի ամռանը Ալյասկայում ուսումնասիրել է աշխատանքային պայմանները։ 1910 թվականին Սենտ Լուիսում եղել Է Վաշինգտոնի համալսարանի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների ամբիոնի վարիչ։ 1911-1915 թվականներին շարունակել է աշխատել որպես Վիսկոնսինի հարկային հանձնաժողովի ղեկավար։ 1915 թվականին Կոռնելի համալսարանում տնտեսագիտության պրոֆեսոր է եղել։ 1916-1933 թվականներին Եյլի համալսարանում՝ պոլիտէկոնոմիայի պրոֆեսոր։ Եղել է ազգային հարկային ասոցիացիայի անդամ հիմնադրման օրվանից սկսած, 1912-1916 թվականներին եղել է քարտուղարը և 1923 թվականին նախագահը։ 1926 թվականին եղել է Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի փոխնախագահ, իսկ 1927 թվականին՝ նախագահ։ Ադամսը 1921 թվականին եղել է Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյի տնօրեն և նախագահ, Ազգային արդյունաբերական կոնֆերանսի ֆիսկալ կոմիտեի և ԱՄՆ Առևտրի պալատի անդամ։
Ադամսը մահացել է 1933 թվականի փետրվարի 8-ին թոքաբորբի բարդացումից[4]։
Ադամսն ամուսնացել է 1902 թվականի սեպտեմբերի 11-ին Էլիզաբեթ Մեթյուսի (1873-1941) հետ։ Ունեցել են երկու դուստր՝ Էլիզաբեթ Նոել Ադամսը (1907-1952) և Ռութ Հասլուփ Ադամսը (1910-2004)[5]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Ադամս (տնտեսագետ)» հոդվածին։ |
|