Թոմբիլի (թուրքերեն՝ Tombili, թարգմանաբար՝ թմբլիկ, ծննդյան օրն ու վայրը անհայտ է, - օգոստոսի 1, 2016), Ստամբուլի փողոցային կատու։ Միջազգայնորեն հայտնի է դարձել մի լուսանկարի շնորհիվ, որտեղ պատկերված է եղել մայթին պառկած[1]։ Մահից հետո Ստամբուլում նրա արձանմ է տեղադրվել։
Թոմբիլին (ընդհանուր թուրքական մականունը թմբլիկ ընտանի կենդանու համար) [2] փողոցային կատու է եղել, որ ապրել է Ստամբուլի Քադըքյոյ թաղամասի Զիվերբեյ վիլլայում։ Լրատվամիջոցների հաղորդագրություններում նշվում է, որ Թոմբիլիի սեռը արական է. սակայն դա վիճելի է[3]։ Թոմբիլին հայտնի է դարձել թաղամասի բնակիչների շրջանում իր ընկերասիրության և աստիճաններին հենվելու իր ձևի համար: Այս կեցվածքի լուսանկարի արդյունքում կատուն ամբողջ աշխարհում դարձել է համացանցային ֆենոմեն և հայտնի սոցիալական ցանցերում[4]։։ Քադըքյոյ թաղամասում նա պաշտամունքային կարգավիճակ է ստացել։ 2016 թվականին Թոմբիլին ծանր հիվանդացել է և մահացել օգոստոսի սկզբին[5]։
Նրա մահից հետո նրա հիշատակը հարգելու խնդրագիր են ստորագրել և հավաքվել է 17․000 ստորագրություն։ Քադըքյոյի քաղաքապետ Այքուրթ Նուհօղլուն համաձայնել է արձան տեղադրելուն։ Տեղացի քանդակագործ Սևալ Շահինը քանդակել է Թոմբիլիին, իրեն հռչակ բերած հայտնի կեցվածքով։ Հուշարձանը բացվել է Վայրի բնության համաշխարհային օրը՝ 2016 թվականի հոկտեմբերի 4-ին[6]։ Հարյուրավոր մարդիկ են եկել հարգանքի տուրք մատուցելու, իսկ Քադըքյոյի փոխքաղաքապետ Բաշար Նեջիփօղլուն միջոցառման առիթով ելույթ է ունեցել թուրքական հեռուստատեսությամբ[7]։
Մեկ ամիս անց քանդակն անհետացել է։ Սոցցանցերում տարածված լուսանկարում երևում է, որ արձանը կորել է տեղում միայն քանդակի արույրե հուշատախտակն է մնացել[8]: Քադըքյոյի քաղաքապետարանը 2016 թվականի նոյեմբերի 8-ին հայտարարել է, որ արձանը գողացել են[9]։ «Նրանք գողացել են Թոմբիլիի արձանը: Նրանք ամեն գեղեցիկի թշնամիներն են: Նրանք միայն ատելություն, արցունքներ և պատերազմ գիտեն», - ասել է թուրք պատգամավոր Թունջայ Օզքանը : Սակայն 2016 թվականի նոյեմբերի 10-ին արձանը վերադարձվել է[10]։