Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամբողջական անուն | Էնտոնի Կիտ Բուկ | ||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Անգլիա | ||||||||||||||||||||
Մականուն | Ցատկ | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 4, 1934[1] (90 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Բաթ, Սոմերսեթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն | ||||||||||||||||||||
Դիրք | աջ պաշտպան | ||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ | կարիերան ավարտել է | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Էնտոնի Կիտ Բուկ (անգլ.՝ Anthony Keith Book, սեպտեմբերի 4, 1934[1], Բաթ, Սոմերսեթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ և մարզիչ։ Բուկն իր կարիերայի սկիզբն անցկացրել է ցածրագույն դիվիզիոններում՝ հանդես գալով իր հայրենի քաղաքի՝ «Բաթ Սիթի» ակումբի կազմում։ Այնուհետև նա տեղափոխվել է Կանադա, որպեսզի հանդես գա «Տորոնտո Սիթի» ակումբի կազմում, իսկ ավելի ուշ վերադարձել է Անգլիա, որտեղ դարձել է «Պլիմուտ Արգայլի» ֆուտբոլիստը։ 31 տարեկան հասակում նա միանում է առաջին դիվիզիոնում հանդես եկող «Մանչեսթեր Սիթիին», որտեղ դարձել է թիմի ավագ։ Այն ժամանակահատվածում, երբ Բուկը եղել է թիմի ավագը, «Մանչեսթեր Սիթին» հաղթել է չորս անգամ, այդ իսկ պատճառով էլ նա համարվում է ակումբի պատմության ամենատիտղոսակիր թմավագը (2014)։ Բուկը հանդիսացել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչը 1974 թվականից մինչև 1979 թվականը, իսկ հետո նա ակումբի մարզչական շտաբում զբաղեցրել է տարբեր պաշտոններ մինչև 1996 թվականը[2][3]։
Թոնի Բուկը ծնվել է Բաթում, սակայն երբ նա եղել է չորս տարեկան, նրա ընտանիքը տեղափոխվել է Հնդկաստան, քանի որ նրա հայրը, լինելով Սոմերսետ Լայթ դիվիզիայի հետևազորի սպա, ծառայություն էր անցնում արտասահմանում[4]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բուկի հայրը ծառայում էր Բիրմայում, իսկ անձամբ Բուկը ապրում էր իր մոր և եղբայրների հետ զինվորական բարաքներում այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Բրիտանական Հնդկաստանը, Մումբայը և Մուլտանը։ 1945 թվականի սեպտեմբերին Բուկի ընտանիքը վերադառնում է Անգլիա։ Թոնին սկսում է սովորել Բաթի միջնակարգ դպրոցներից մեկում և ֆուտբոլային մրցաշարերում հանդես գալու իր առաջին փորձը ստանում է այն ժամանակ, երբ ընդգրկվում է Բաթի և Սոմերսեթի մանկական հավաքականների կազմում[5][6]։
16 տարեկան հասակում ավարտելով դպրոցը՝ Բուկը դառնում է որմնադիրի աշակերտ և սկսում է ֆուտբոլ խաղալ սիրողական մակարդակում՝ «Պիսդաուն Մայներս» ակումբի կազմում մինչև 1952 թվականին զորակոչվելը բանակ[7]։ Բուկը հանդես էր գալիս հարձակվողի դիրքում։ Բանակի թիմի կազմում հանդես գալու ժամանակ Բուկը վերաորակավորվում է որպես պաշտպան և փորձաշրջան է անցնում «Չելսիի» կազմում[8], ուր նրան հրավիրել էր իր բանակային ընկեր Ֆրենկ Բլանսթոունը, սակայն Բուկն ակումբ չի ընդունվել։ Զինվորական ծառայությունն ավարտելուց հետո Բուկը վերադառնում է Բաթում «թողած» իր աշխատանքին և սկսում է հանդես գալ «Ֆրում Թաուն» ակումբի կազմում[5]։ 1955-56 թվականների մրցաշրջանում «Ֆրումն» ուներ ֆինանսական դժվարություններ և տնօրինությունը տեղեկացնում է բոլոր ֆուտբոլիստների, որ նրանք կարող են հեռանալ թիմից, եթե ցանկանում են։ Բուկը պատմում է դրա մասին իր գործընկերոջը, որը խաղում էր Հարավային ֆուտբոլային լիգայում հանդես եկող «Բաթ Սիթիի» կազմում։ Գործընկերն իր հերթին բանակցություններ է վարում «Բաթի» տնօրինության հետ, ինչի արդյունքում 1956 թվականի հունվարին ակումբը Բուկին պայմանագիր է առաջարկում[9]։ «Բաթում» ֆուտբոլիստը անցկացնում է յոթուկես տարի և այդ ընթացքում դառնում թիմի ավագը և թիմի հետ միասին հաղթում Հարավային լիգան 1960 թվականին։ 1962 թվականի միջմրցաշրջանում «Բաթի» գլխավոր մարզիչն է դառնում Մալկոլմ Էլիսոնը, որի գլխավորությամբ Բուկն անցկացնում է իր վերջին տարիներն ակումբի կազմում[10]։
Երբ 1962-63 թվականների մրցաշրջանի վերջում Էլիսոնը առաջարկ է ստանում Կանադայի «Տորոնտո Սիթի» ակումբից. նա իր հետ տանում է նաև Բուկին։ Չնայած Էլիսոնը լքում է ակումբը որոշ ժամանակ անց, որպեսզի որպես մարզիչ աշխատի «Պլիմուտ Արգայլի» կազմում, այնուամենայնիվ Բուկը մնում է ակումբի կազմում երեք ամիս և այդ ընթացքում ակումբի հետ միասին հաղթում է Արևմտյան կանադական լիգայում և ճանաչվում է Կանադայի լավագույն եզրային պաշտպան[11][12]։
Անգլիա վերադառնալուց հետո Բուկը պայմանագիր է կնքում Էլիսոնի «Պլիմուտ» ակումբի հետ։ Գործարքի արժեքը կազմում է 1500 ֆունտ ստերլինգ։ Բուկը 30 տարեկան հասակում նշում է իր նորամուտը Անգլիայի ֆուտբոլային լիգայում, չնայած «Պլիմուտում» համարում էին, որ վերջինս 28 տարեկան է․ Էլիսոնը խորհուրդ է տալիս Բուկին կեղծել ծննդյան հետ կապված տվյալները, քանի որ մտածում էր, որ «Պլիմուտի» տնօրենների խորհուրդը 30 տարեկան ֆուտբոլիստի համար 1500 ֆունտ չէր վճարի[13]։ 1964-65 թվականների մրցաշրջանում ակումբը մինչև վերջին տուրերը պայքարում էր Երկրորդ դիվիզիոնը չլքելու համար։ «Գրիմսբի Թաուն» ակումբի հետ հավասար միավորներ հավաքելով՝ ակումբին հաջողվում է խույս տալ դիվիզիոնական մակարդակի իջեցումից՝ շնորհիվ երկու ակումբների միջև համեմատականորեն խփած և բաց թողած գոլերի քանակով լավ արդյունքի[14][15]։ Բացի դրանից հաջորդ մրցաշրջանում ակումբն իր պատմության մեջ առաջին անգամ դուրս է գալիս Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ, որտեղ երկու խաղերի արդյունքում 4:2 հաշվով պարտվում է «Լեսթեր Սիթիին»[16]։
Երկու տարի անց՝ «Պլիմուտի» կազմում անցկացրած 81 հանդիպումներից հետո, Բուկը, հետևելով Մալկոլմ Էլիսոնին, համալրում է այս անգամ արդեն «Մանչեսթեր Սիթիի» կազմը։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը աճել էր՝ հասնելով 17 000 ֆունտ սթերլինգի[17]։ Մարզիչ Ջո Մերսերը սկզբում չէր ցանկանում ծախսել այդ գումարը 30 տարին լրացած ֆուտբոլիստի վրա։ Սակայն Էլիսոնը համոզում է նրան՝ նշելով, որ Մերսերը հասել էր իր կարիերայի գագաթնակետին հենց այն ժամանակ, երբ «Էվերթոնից» տեղափոխվել էր «Արսենալ»՝ 32 տարեկան հասակում[18]։
Բուկն արդյունավետ էր գործում Մերսերի և Էլիսոնի գլխավորության ժամանակ։ Նա «Մանչեսթեր Սիթիի» կազմում նշում է իր նորամուտը 1966/67 մրցաշրջանի բացման խաղում ընդդեմ «Սաութհեմփթոնի», երբ գրանցվում է 1:1 հաշվով ոչ-ոքի[17]։ Բուկը դառնում է թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստ։ Իր առաջին մրցաշրջանում նա բաց է թողնում ակումբի խաղերից ընդամենը մեկը[19] և մրցաշրջանի վերջում ճանաչվում է «Մանչեսթեր Սիթիի» տարվա լավագույն ֆուտբոլիստ[20]։
1967 թվականի միջմրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիի» թիմի ավագ Ջոնի Կրոսանը տեղափոխվում է «Միդլսբրո», իսկ ավագի թևկապը հանձնվում է Բուկին, և այդ ժամանակ էլ խաղընկերները նրան տալիս են «Ցատկ» մականունը։ Ավագի կարգավիճակում անցկացրած առաջին մրցաշրջանն ստացվում է բավականաչափ հաջող։ Այդ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» նվաճում է թվով երկրորդ չեմպիոնական տիտղոսը։ 1969 թվականին գավաթի խաղարկության եզրափակչից մեկ շաբաթ առաջ Բուկը ճանաչվում է Անգլիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ՝ այդ կոչումը կիսելով Դեյվ Մակայի հետ։ Հաջորդ շաբաթ օրը «Մանչեսթեր Սիթին» մասնակցում է Անգլիայի գավաթի եզրափակչի՝ «Լեսթեր Սիթիի» դեմ խաղին և հաղթում 1:0 հաշվով[21]։
Հաջորդ մրցաշրջանում «Սիթին» դառնում է առաջին անգլիական ակումբը, որը մեկ մրցաշրջանում հաղթում է եվրոպական և բրիտանական տիտղոսներ՝ ՈՒԵՖԱ-ի Գավաթների գավաթի դափնեկրի տիտղոսը և Ֆուտբոլային լիգայի գավաթը։ Եվրոպական եզրափակչում «Սիթիի» մրցակիցն էր «Գուրնիկ Զաբժեն»․ անգլիացիներն այդ խաղում տանում են 2:1 հաշվով հաղթանակ, իսկ Բուկն այդ խաղում ավագն էր և մասնակցում է խաղի 90 րոպեներին[22]։ Լիգայի գավաթի խաղարկությունում ձեռք բերած հաղթանակի ճանապարհին «Մանսիթին» կիսաեզրափակչում 4:3 հաշվով հաղթանակ է տանում իր սկբունքային հակառակորդի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում։ Եզրափակչում նրանց մրցակիցն էր «Վեստ Բրոմվիչ Ալբիոնը», որը Ջեֆրի Էստլայի ջանքերով բացում է հանդիպման հաշիվը, իսկ «Ման Սիթիի» կազմից Մայք Դոյլն օգնում է խաղը տեղափոխել ավելացված ժամանակ, որտեղ թիմին հաղթանակ է պարգևում Բուկի թիմակից Գլին Պարդոուն[23][24]։ 1970 թվականի սեպտեմբերին Բուկը մասնակցում է Անգլո-իտալական լիգայի գավաթի խաղարկությանը, որտեղ ակումբը հանդիպում է «Բոլոնյայի» հետ։ Իտալացիները նվազագույն հաշվով հաղթանակ են տանում առաջին խաղում, իսկ երկրորդ խաղում գրանցվում է 2:2 հաշվով ոչ ոքի[25][26]։ Բուկն ավարտում է իր կարիերան 1974 թվականին[19]՝ ավագի թևկապը փոխանցելով Կոլոն Բելլին։ «Մանսիթիի» կազմում նա ֆուտբոլային լիգայի շրջանակներում մասնակցում է 242 հանդիպման և դառնում ակումբի պատմության ամենահաջող ավագը թիմի հետ հաղթանակած տիտղոսների քանակով։
Բուկն առանձնահատուկ էր նրանով, որ եղել հավանաբար միակ ֆուտբոլիստը, որն ունակ է եղել կանգնեցնել Ջորջ Բեսթին, երբ վերջինս գտնվում էր իր կարիերայի գագաթնակետին։ Մի շարք պաշտպաններ փորձում էին խլել գնդակը Բեսթից՝ առաջինը գրոհելով․ հիմնականում դրա պատճառն այն էր, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստի հռչակը ճնշում էր նրանց։ Բուկը, լինելով բավականաչափ արագաշարժ իր տարիքի համեմատ, միշտ թույլ էր տալիս, որ Բեսթը կատարեր իր առաջին շարժը։ Բեսթը կանգնելով փորձում էր մի քանի հնարքներ անել, իսկ Բուկը թույլ չէր տալիս, որ նա հայտնվի հարվածային գոտում։ Բուկը հայտնի է եղել նաև իր ֆուտբոլային մտածողությամբ։ Հաճախ նա վազում էր մրցակիցների հետ կողք կողքի և փոխանցում էր խնդրում. այդ մեթոդով նա ստիպում էր նրանց առանց որևէ դժվարության իրեն տալ գնդակը։ Բեսթը ավելի ուշ ճանաչում է Բուկին՝ որպես աշխարհի լավագույն եզրային պաշտպաններից մեկը[27][28]։
1973 թվականի նոյեմբերին «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ջոնի Հարթն առողջական խնդիրների պատճառով լքում է ակումբը, իսկ Բուկը դառնում է գլխավոր մարզչի պաշտոնակատար և ավելի ուշ նշանակվում է գլխավոր մարզիչ նշանակված Ռոն Սոնդերսի օգնական։ Մեկ տարի անց Բուկն ավարտում է իր խաղային կարիերան, որպեսզի կենտրոնանա մարզչական աշխատանքի վրա։ Սոնդերսը հեռացվում է վեց ամսից էլ պակաս ժամանակ անց, իսկ Բուկը կրկին դառնում է գլխավոր մարզչի պաշտոնակատար և մեկ խաղ անց նշանակվում է թիմի մշտական մարզիչ։ Բուկի առաջին հայտնի հաղթանակն է դառնում նվազագույն հաշվով հաղթանակը մանչեսթերյան դերբին, որում աչքի էր ընկել Դենիս Լոուն կրունկով հեղինակած իր հաղթական գոլով[29]։ Բուկի գլխավորությամբ անցկացված առաջին լիարժեք մրցաշրջանում ակումբն առաջնությունում զբաղեցնում է ութերորդ հորիզոնականը և գերազանցում է նախորդ մրցաշրջանում գրանցված արդյունքը, երբ ակումբը զբաղեցրել էր 14-րդ հորիզոնականը[29]։ 1976 թվականին Բուկի թիմը Լիգայի գավաթի եզրափակչում հաղթում է «Նյուքասլ Յունայթեդին» 2:1 հաշվով։ Այդպիսով նա դառնում է առաջին ֆուտբոլային գործիչը, որը հաղթել է գավաթը և՛ որպես ֆուտբոլիստ, և՛ որպես մարզիչ։ Բուկը մարզչի պաշտոնին է մնում մինչև 1979 թվականը․ նրան փոխարինելու է գալիս իր նախկին մարզիչ Մալկոլմ Էլիսոնը։ Մարզչի պաշտոնը թողնելուց հետո նա շարունակում է ծառայել ակումբին՝ զբաղեցնելով մի քանի տարբեր պաշտոններ մինչև 1997 թվականը, այդ թվում նա որոշ ժամանակ կրկին եղել է մարզչի պաշտոնակատար 1989 և 1993 թվականներին[30][31]։ 1997 թվականին նա միանում է «Հադերսֆիլդ Թաուն» ակումբին որպես Բրայան Հորտոնի գլխավոր գործակալ։
Թոշակի անցնելուց հետո Բուկն զբաղեցնում է երկու խորհրդանշական պաշտոն․ նա «Մանչեսթեր Սիթիի»[32] պատվարժան նախագահն է և «Մանչեսթեր Սիթիի» երկրպագուների պաշտոնական ակումբի ցմահ նախագահը[33]։ Նա 2004 թվականի հունվարին ընդգրկվել է «Մանչեսթեր Սիթիի» Փառքի սրահում[34]։
Թոնի Բուկի եղբայրը՝ Կիմը[35], եղել է «Բորնմութի», «Նորտհեմպտոն Թաունի», «Մենսֆիլդ Թաունի» և «Դոնկաստեր Ռովերսի» դարպասապահը, իսկ կարիերան ավարտելուց հետո մարզել է «Ուեստոն-սուպեր-Մեռ» ակումբը։ Տոնիի զարմիկը՝ Սթիվ Բուկը, նույնպես դարպասապահ է եղել և հիմնականում հանդես է եկել «Չելտնեմ Թաունի» կազմում, որտեղ էլ ավարտել է իր կարիերան 2012 թվականին[36]
2004 թվականին Թոնի Բուկը Դևիդ Քլեյթոնի հետ միասին հրատարակել է ինքնակենսագրություն, որում ներկայացրել է իր կարիերան որպես խաղացող և մարզիչ։ Գրքում հատուկ շնորհակալություն է հայտնվում նաև Բուկի թիմակից ընկերոջը՝ Քոլին Բելին[37]։
{{cite book}}
: |author=
has generic name (օգնություն)
{{cite web}}
: CS1 սպաս․ unfit URL (link)
|
|