Թորգոմ Բ | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 16, 1919[1] |
Ծննդավայր | Բաքուբա, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 12, 2012[2] (93 տարեկան) |
Մահվան վայր | Երուսաղեմ[3] |
Կրոն | Հայ Առաքելական Եկեղեցի |
Մասնագիտություն | քահանա |
Զբաղեցրած պաշտոններ | Երուսաղեմի հայոց պատրիարք |
Պարգևներ և մրցանակներ |
Թորգոմ Բ (Թորգոմ Մանուկյան, փետրվարի 16, 1919[1], Բաքուբա, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 12, 2012[2], Երուսաղեմ[3][4]), հայ եկեղեցական գործիչ, գրող։ Երուսաղեմի Հայոց Պատրիարք (1990-2012)։
Ամենապատիվ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը ծնվել է 1919 թ. փետրվարի 16-ին, Բաղդադի հյուսիսում (Իրաք)` Բագուբա քաղաքի մոտ գտնվող փախստականների ճամբարում։ Բաղդադի Սրբոց Թարգմանչաց հայկական դպրոցում նախակրթական ուսումն ավարտելուց հետո ընդունվել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի Սրբոց Հակոբյանց ժառանգավորաց վարժարան։ 1936 թ. օգոստոսի 2-ին սարկավագ է ձեռնադրվել ձեռամբ երջանկահիշատակ Պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Գուշակյանի։ 1939 թ. հուլիսի 23-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա` ստանալով Թորգոմ անունը։ 1939-1946 թթ. Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանում տարբեր պաշտոններ է վարել. աշխատել է Պատրիարքարանի «Սիոն» ամսագրի խմբագրությունում, ինչպես նաև եղել է ճեմարանի փոխտեսուչ[5][6]։ 1946 թ. հուլիսին մեկնել է ԱՄՆ և նշանակվել Հյուսիսային Ֆիլադելֆիայի (Փենսիլվանիա) Ս. Երրորդություն հայկական եկեղեցու հոգևոր հովիվ։ 1951 թ. Ամերիկայի Արևելյան թեմի առաջնորդի կողմից նշանակվել է թեմի առաջնորդական փոխանորդ։ 1954 թ. Հյուսիսային Ֆիլադելֆիայում մեկ տարով վերսկսելով ծառայությունը՝ Հայր Թորգոմը վերադարձել է Երուսաղեմ և նշանակվել ճեմարանի տեսուչ։ Նա նաև վարել է Պատրիարքարանի դիվանապետի պարտականությունները։ 1960 թ. վերադառնալով ԱՄՆ՝ ուսումը շարունակելու նպատակով ընդունվել է Քեմբրիջի Եպիսկոպոսական Աստվածաբանական Դպրոց (Մասաչուսեթս)։ 1962 թ. ընտրվել է Հայ Եկեղեցու Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ։ Նույն թվականի հոկտեմբերի 14-ին, ձեռամբ երջանկահիշատակ Ամենայն Հայոց Վազգեն Ա Կաթողիկոսի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ձեռնադրվել է եպիսկոպոս։
1966 թ. ապրիլին, Արևմտյան թեմի առաջնորդի պաշտոնում 4 տարի ծառայելուց հետո Թորգոմ Եպիսկոպոսը ընտրվել է Հայ Եկեղեցու Ամերիկայի Արևելյան թեմի առաջնորդ։ Երկու տարի անց երջանկահիշատակ Վազգեն Ա Կաթողիկոսի կողմից նրան շնորհվել է Արքության պատիվ։ Արևելյան թեմի առաջնորդի պաշտոնում 24 տարի ծառայելուց հետո Թորգոմ Արքեպիսկոպոսը 1990 թ. մարտի 22-ին ընտրվել է Երուսաղեմի 96-րդ Պատրիարք։ 1994 թ. օգոստոսի 19-ին Վազգեն Ա Կաթողիկոսի մահից հետո Ամենապատիվ Սրբազան Հայրը նշանակվել է Կաթողիկոսական Տեղապահ։ Թորգոմ Արքեպիսկոպոս Մանուկյանը ստացել է մի շարք ակադեմիական պարգևներ, արժանացել է Նյու Յորքի Ընդհանուր Աստվածաբանական Ճեմարանի պատվավոր դոկտորի կոչման։ 1986 թ. ստացել է նաև Ամերիկայի երկու գլխավոր պարգևները. «Ազատության Արձան» և «Էլիզ Այլընդ» պատվո շքանշանները։
Թորգոմ Պատրիարքը մեծ ավանդ է ունեցել միջազգային էկումենիկ հարաբերությունների զարգացման գործում։ Նա ծառայել է ԱՄՆ-ում Քրիստոսի Եկեղեցիների Ազգային Ժողովի հանձնաժողովում, նախագահել է «Կրոնն ամերիկյան կյանքում» խորհուրդը։ Եղել է նաև «Խղճմտանքի կոչ» հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ։ Թորգոմ Պատրիարքը հեղինակ է 20 մենագրությունների, որոնց թվում՝ բանաստեղծական երեք ժողովածուներ, հայկական Ս. Պատարագի ուսումնասիրություն, հայոց Մեծ Եղեռնին նվիրված գրքեր և Երուսաղեմի սուրբ վայրերի մանրամասն ուղեցույց[7]։ Պատրիարք Հայրը ճանաչված կոմիտասագետ էր[8]։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թորգոմ Բ» հոդվածին։ |
|
Նախորդող՝ Եղիվարդ |
Երուսաղեմի Հայոց Պատրիարք 1990–2012 |
Հաջորդող՝ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյան |
|