«Իգդիրի ցեղասպանության թանգարան և հուշարձան» (թուրքերեն՝ Iğdır Soykırım Anıt-Müzesi), հուշարձան նվիրված թուրք «նահատակներին», որոնք, համաձայն թուրքական պետական պատմագրության, սպանվել են հայերի կողմից՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Ընդորում, ըստ թուրք պատմագրիչների ոչ թե թուրքերն են ցեղասպանել հայերին, այլ հակառակը, հայերն են իրականացրել թուրքական սպանդ։ Հուշարձան-թանգարանը գտնվում է Թուրքիայում գտնվող Իգդիր քաղաքում։ Բացվել է 1999 թվականի հոկտեմբերին։
Աշխարհում, ինչպես նաև ակադեմիական շրջանակներում տարածված փաստ է, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանություն (ինչպես նաև ասորիների և հույների), որն իրականացվել է երիտթուրքերի կառավարության կողմից։ Համաձայն ժամանակակից հետազոտողների, պատերազմի ժամանակ երիտթուրքերի կողմից սպանվել է, տարբեր տվյալներով և հաշվարկներով, վեց հարյուր հազարից մինչև մեկ ու կես միլիոն մարդ։ Որոշ հաշվարկների համաձայն, ցեղասպանությանը նախորդած և հաջորդած ժամանակահատվածում սպանվել է, ընդհանուր առմամբ, 2,1 միլիոն մարդ[1][2] (տես նաև Հայոց ցեղասպանություն#Զոհերի թիվ)։ Միևնույն ժամանակ Թուրքիայում և նրա սահմաններից դուրս բնակվող որոշ պատմաբանների կարծիքով, «հայոց ցեղասպանությու չի եղել», այլ հայերի և թուրքերի միջև տեղի են ունեցել զանգվածային բախումներ, որոնք ավարտվել են երկկողմ կորուստներով։ Թուրքական կողմը պնդում է, որ 1910-ից 1922 թվականներին հայերի կողմից սպանվել է 523 հազար թուրք։ Ժամանակակից անկախ հետազոտությունները նշում են, որ թուրք զոհերի թիվը կազմում է 75 հազար[3]։
Հուշարձանի ստեղծման գաղափարը հնչել է Իգդիրում տեղի ունեցած «Պատմական փաստերը և հայերը» խորագրով գիտական կոնֆերանսի ժամանակ, որը տեղի է ունեցել 1995 թվականի ապրիլի 24-ից 26-ը, երբ ողջ աշխարհը իր հարգանքն էր հայտնում Հայող ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Գաղափարի հեղինակը եղել է ադրբեջանցի ճարտարապետ Ջաֆար Գիյասին։ Կոնֆերանսի վերջնական հռչակագրի մեջ նշվում է, որ հուշարձանը պետք է տեղադրվի Իգդիրում, «որպեսզի հավերժացվի ավելի քան մեկ միլիոն թուրքերի հիշատակը, ովքեր զոհվել են Արևելյան Անատոլիայում» և որպեսզի «պատասխան տրվի ապրիլի 24-ի ցեղասպանության հայտարարություններին և տարբեր երկրներում տեղադրված հուշարձաններին, որոնք չեն հարգում թուրքերի ցեղասպանությունը»[4]։
Հուշարձանի շինարարությունը սկսվել է 1997 թվականի օգոստոսի 1-ին, իսկ 1999 թվականի հոկտեմբերի 5-ին տեղի է ունեցել պաշտոնական բացումը[4]։ Հուշարձանի բացման արարողության ժամանակ Իգդիրի մարզպետի ներկայացուցիչը հայտարարել է, որ «այսուհետմ երբ հայերը կդիտեն իրենց սուրբ Արարատ լեռանը, նրանք կտեսնեն մեր հուշարձանը»[5]։
Ինչպես նշում է Բեռլինի ազատ համալսարանի պրոֆեսոր Տեսս Հոֆմանը, Թուրքիայում արգելված է հիշատակել Հայոց ցեղասպանության մասին։ Թուրքիայի հայերը հնարավորություն չունեն հավերժացնել իրենց նախնիների հիշատակը և ստիպված են դիմանալ թուրքական հուշարձաններին և թանգարաններին, որոնք «նվիրված են իբր հայերի կողմից թուրք և մուսուլման այլ ազգերի կոտորածներին», այդ թվում նաև Իգդիրի հուշարձանին[5]։
Թուրքական «Milliyet» պարբերականը 2005 թվականին հաղորդել է, որ 1999 թվականին կառուցված հուշարձան-թանգարանը, որը «նվիրված է հայերի կողմից սպանված 80 000 թուրքերին», վերջին երկու տարիներին պահանջված չէ։ Պատճառը աշխատակիցների բացակայությունն է։ Իգդիրի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի կառավարման բաժինը թերթին հայտնել է, որ թանգարանի բացման համար անհրաժեշտ է նախապես ծանուցել այցելուներին։ «Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի կողմից իրականացված ջարդերից տուժածների միության» ղեկավար Իսմեթ Տագալը հայտարարել է, որ ցեղասպանության հուշարձանը օգտագործվում է սիրահարների հանդիպումների համար[6].
Հուշարձանը տեղակայված է եռանկյան կենտրոնում՝ 7,2 մետր բարձրություն ունեցող դամբարանաբլրի վրա։ Բլրի տակ կառուցված է կլոր սրահ, որտեղ տեղակայված է «ցեղասպանության» թանգարանը։ Սրահն իրենից ներկայացնում է թուրքերի սիմվոլիկ գերեզման, որոնք «սպանվել» էին հայերի կողմից։ Այսպիսի դամբարանաբլուրներում, որի կենտրոնում տեղադրված է եղել սարկոֆագը, ավանդույթի համաձայն թուրքերը թաղել են իրենց առաջնորդներին, ովքեր բնակվել են եվրասիական տափաստաններում[4]։
Հուշարձանը իրենից ենթադրում է հինգ սրերի խումբ, որոնք ունեն 36 մետր բարձրություն։ Վերևից դիտելու դեպքում՝ հուշարձանն ունի հնգագծի տեսք (պենտագրամա)։ Սրերը դրված են ի հիշատակ թուրքական բանակի, նրա նահատակների և զինվորների, ովքեր փրկել են մուսուլման բնակչությանը «ցեղասպանությունից»։ Սրերը խորհրդանշում են նաև թուրքական բանակի ուժը, որոնք տեղադրված են դաշույների վրա։ Վերջիններս խորհրդանշում են հայերին, որոնց ազգային նպատակը Արարատ լեռան ետ բերումն է[4]։
Ներկայումս հուշարձանը Թուրքիայի ամենախոշոր հուշարձանային համալիրն է։ Իգդիրի մարզպետի կարծիքով, հուշարձանը պետք է երևա Երևանից[5]։ Հուշարձանի և Երևանի միջև հեռավորությունը կազմում է 37,5 կիլոմետր։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իգդիրի ցեղասպանության թանգարան և հուշարձան» հոդվածին։ |
|