Իլյա Դարչիաշվիլի | |
Կրթություն՝ | Թբիլիսիի պետական համալսարան |
---|---|
Մասնագիտություն՝ | պետական ծառայող, դիվանագետ և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | փետրվարի 21, 1981 (43 տարեկան) |
Ծննդավայր | Սիղնաղ, Վրաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Վրաստան |
Ինքնագիր | |
Իլյա Դարչիաշվիլի (վրաց.՝ ილია დარჩიაშვილი, փետրվարի 21, 1981, Սիղնաղ, Վրաստան), վրացի պետական և քաղաքական գործիչ, դիվանագետ նախկինում բանկի կառավարիչ։ 2022 թվականի ապրիլի 4-ից զբաղեցնում է Վրաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը[1]։
Ծնվել է Վրաստանի Սիղնաղ քաղաքում։ 2002 թվականին Դարչիաշվիլին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի տնտեսագիտության բաժինը։ 2004 թվականին էլ ավարտել է նույն համալսարանի Տնտեսագիտության և գործարար կառավարման մագիստրոսական բաժինը։ 2011 թվականին ստացել է նաև Գրենոբլի կառավարման դպրոցի մագիստրոսի աստիճան (տնտեսագիտություն և գործարար կառավարում)։ Դարչիաշվիլին 2003-2012 թվականներին, որպես կառավարիչ, աշխատել է Bank Republic/Société Générale-ում։ Այնուհետ վերադարձել է Վրաստան և մտել դիվանագիտական ծառայության մեջ՝ աշխատանքի անցնելով Լեհաստանում Վրաստանի դեսպանատանը[2] ։
2014 թվականին Իրակլի Ղարիբաշվիլու պաշտոնավարման առաջին շրջանում Դարչիաշվիլին դարձել է պետության կառավարման ներքո գտնվող Համայնքային զարգացման հիմնադրամի փոխտնօրեն՝ հաջորդ տարի նշանակվելով տնօրեն։ Նույն տարում նա նշանակվել է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալ։ 2016-2017 թվականներին Արտաքին գործերի նախարարությունում զբաղեցրել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը։ 2017-2021 թվկաաներին եղել է Լեհաստանում Վրաստանի դեսպանը։ Իրակլի Ղարիբաշվիլու վարչապետի պաշտոնում վերանշանակվելուց հետո՝ 2021 թվականի մարտին Դարչիաշվիլին նշանակվել է Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում[2]։
2022 թվականի ապրիլի 4-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նրան նշանակել է արտաքին գործերի նախարարի պաշտոնում, քանի որ Դավիթ Զալկալիանին ազատվել էր զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանի պաշտոնում[2]։ Դարչիաշվիլու նշանակումը տեղի է ունեցել Ուկրաինայի հետ հարաբերությունների բարդ շրջանում, երբ Վրաստանի կառավարությունը հրաժարվել էր միանալ Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցներին, որն առաջացել էր Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման պատճառով։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հույս էր հայտնել աշխատել վրացի նորանշանակ գործընկերոջ հետ[3]։ Արտաքին գործերի նախարարի պաշտոնում Դարչիաշվիլին իր նախարարական առաջին այցը 2022 թվականի ապրիլի 6-ին կատարել է Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը մասնակցելու համար[4]։
Իլյա Դարչիաշվիլին ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան[5]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլյա Դարչիաշվիլի» հոդվածին։ |