Իմպերիալ գերմ.՝ Hotel Imperial | |
---|---|
Երկիր | Ավստրիա |
Տեղագրություն | Ռինգշտրասե, Վիեննա |
Հիմնադիր | Ֆիլիպ Վյուրտենբերգցի |
Հիմնադրման թվական | 1873թ. |
🌐 | marriott.de/hotels/travel/vieil-hotel-imperial-a-luxury-collection-hotel-vienna/(գերմ.) |
«Իմպերիալ» (գերմ.՝ Hotel Imperial), շքեղ հյուրանոց Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ Ռինգշտրասե փողոցում։ Ունի Luxury Collection Starwood Hotels and Resorts Worldwide կատեգորիա[1][2][3]։
Հյուրանոցի շենքը կառուցվել է 1862-1865 թվականներին որպես Ֆիլիպ Վյուրտենբերգցու պալատ[3]։ Շինությունը կառուցել է ճարտարապետ Առնոլդ Ցենետը իտալական նոր-վերածննդյան ոճով։ Հերցոգն ու իր կինը՝ Մարիա Թերեզա Ավստրիացին, նոր պալատ են ժամանել 1866 թվականին, բայց արդեն 1871 թվականին այն վաճառվեց բանկիր Գորացյու ֆոն Լանդաուին։ Ենթադրվում է, որ հերցոգ Վյուրտենբերգցին պալատի հանդեպ հետաքրքրությունը կորցրել է այն բանից հետո, երբ պալատից դեպի Վիեննա գետ բացվող տեսարանը փակվեց Վիեննայի երաժշտական միության նոր կառուցված շենքով, իսկ դեպի զբոսայգի տանող ճեմուղին փակվեց կառուցված ճանապարհով։ Ենթադրվում է, որ պալատը գնվել է մի խումբ ներդրողների կողմից։ Շենքի վերաձևափոխումը հյուրանոցի կատարվել է ճարտարապետ Վիլհեյմ Գրոսի կողմից։ Նոր հյուրանոցի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1873 թվականի ապրիլի 28-ին՝ 1873 թվականի Համաշխարհային ցուցահանդեսի նախաշեմին, որին մասնակցել է Ֆրանց Յոզեֆ կայսրը և կայսրուհի Էլիզաբեթը[3]։
1875 թվականին սեփականատերերը հյուրանոցը վարձակալության են տալիս Յոհան Ֆրոներին, ով Բուդապեշտում հյուրանոցների կառավարման հաջող փորձ ուներ։ 1912 թվականին «Իմպերիալ» հյուրանոցը դառնում է բաժնետիրական ընկերություն։ Հյուրանոցում կատարվում են վերանորոգման աշխատանքներ, այդ թվում՝ կենտրոնական ջեռուցման համակարգին տեղադրում։ Կայսրության ժամանակաշրջանում «Իմպերիալ» հյուրանոցում բնակվել են իշխան Օտտո ֆոն Բիսմարկը, գրաֆ Պատրիս Մակ-Մահոնը, Սերբիայի Միլան I թագավորը, Բուլղարիայի Ֆերդինանդ I թագավորը, Ռիխարդ Վագները, Էլեոնորա Դուզեն և Սառա Բեռնարը։ 1928 թվականին շենքում ավելացվում է երկու հարկ։ Միջպատերազմական շրջանում «Իմպերիալ» հյուրանոցի այցելուներից են եղել Թոմաս Մանը, Լուիջի Պիրանդելլոը, Ջոն Գոլսուորսին և Կլոդ Անեն։ Ավստրիայի անշլյուսից հետո Վիեննա կատարած իր այցելությունների ժամանակ «Իմպերիալ» հյուրանոցում է բնակվել Ադոլֆ Հիտլերը[4]։ Պատերազմից հետո հյուրանոցում էին բնակվում Ավստրիայում գտնվող Խորհրդային Միության տեղական իշխանությունները։ 1961 թվականին ԽՍՀՄ և ԱՄՆ առաջնորդների՝ Վիեննայում հանդիպման ժամանակ հյուրանոցում են բնակվել Ջոն Քենեդին և Նիկիտա Խրուշչովը։ 1994 թվականին «Իմպերիալ» հյուրանոցը, ըստ «Condé Nast» պարբերականի ընթերցողների, ճանաչվել է աշխարհի լավագույն հյուրանոց։ Ավանդությթի համաձայն այստեղ են գիշերում պաշտոնական այցով Վիեննա ժամանած բարձրաստիճան պետական գործիչները։ Մասնավորապես, հյուրանոցում են բնակվել ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնը, Նորվեգիայի Ուլաֆ V թագավորը, Իոսիպ Տիտո, Բելգիայի Լեոպոլդ II թագավորը, Ինդիրա Գանդին, Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհին, Իսպանիայի Խուան Կառլոս թագավորը և Ճապոնիայի կայսրական ընտանիքը՝ Ակիհիտոն և Միտիկոն։
«Իմպերիալ» հյուրանոցում են գիշերել մշակույթի բազմաթիվ գործիչներ, ինչպիսիք են Օտտո Պրեմինգերը, Ուոլթ Դիսնեյը, Օտտո Կլեմպերերը, Ալֆրեդ Հիչքոքը, Ֆրենկ Սինատրան, Վուդի Ալլենը, Յուլ Բրինները, Պիտեր Ուստինովը, Միշել Պիկոլին, Զուբին Մեթան, Վլադիմիր Գորովիցը, Ռիկարդո Մուտին, Միք Ջագերը, Մրայա Քերին և Սոֆիա Կոպպոլան։ «Իմպերիալ» հյուրանոցում Մայքլ Ջեքսոնը գրել է իր Earth Song երգը։
Հյուրանոցի առաջին հարկում տեղակայված է «Իմպերիալ» սրճարանը, որը թողարկում է գաղտնի բաղադրությամբ մարցիպանով և կաթնային շոկոլադով համանուն տորթ[5]։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Իմպերիալ հյուրանոց (Վիեննա) կատեգորիայում։ |