Իմրիխ Բուգար | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Բնօրինակ անուն | Imrich Bugár |
Մասնագիտացում | թեթևատլետ |
Երկիր | ![]() ![]() |
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 14, 1955[1][2] (69 տարեկան) |
Ծննդավայր | Ohrady, Dunajská Streda District, Տրնավայի երկրամաս, Սլովակիա |
Հասակ՝ | 196 սանտիմետր[3] |
Քաշ | 120 կիլոգրամ |
Իմրիխ Բուգար (սլովակ.՝ Imrich Bugár, ապրիլի 14, 1955[1][2], Ohrady, Dunajská Streda District, Տրնավայի երկրամաս, Սլովակիա), հունգարացի սկավառականետորդ[4], ով 1970-ական թվականների վերջից մինչև 1990-ական թվականների սկիզբը հանդես է եկել Չեխոսլովակիայի ու Չեխիայի Հանրապետության հավաքականներում։ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր (1980 թ.), Եվրոպայի չեմպիոն (1982 թ.) և աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր (1983 թ.)։ Նրա լավագույն նետումը եղել է 71,26 մետր, որով էլ նա գրավում է ութերորդ տեղը բոլոր ժամանակների մարզիկների շարքում։ Սկավառակի նետման Չեխիայի գործող ռեկորդակիր։
Իմրիխ Բուգարը ծնվել է 1955 թվականի ապրիլի 14-ին Չեխոսլովակիայի Տրնավայի երկրամասի Օխրադի գյուղում։ Ունի հունգարական արմատներ[4]։ Թեթև ատլետիկայով ակտիվորեն զբաղվել է վաղ տարիքում. նախ մարզվել է Բրատիսլավայի «Ինտեր» ակումբում, ապա Պրահայի «Դուկլա» ակումբում[5]։
Մեծահասակների միջազգային մրցություններում առաջին լուրջ հաջողությանը Իմրիխ Բուգարը հասել է 1978 թվականին, երբ Չեխոսլովակիայի ազգային հավաքականի կազմում մասնակցել է Պրահայում անցկացվող Եվրոպայի առաջնությանը, որտեղ արժանացել է բրոնզե մեդալի՝ սկավառակի նետման ժամանակ զիջելով գերմանացի Վոլֆգանագ Շմիդտին ու Ֆինն Մարկու Տուոկոյին[6]։ Այդ մրցաշրջանում Իմրիխ Բուգարն առաջին անգամ հաղթել է Չեխոսլովակիայի առաջնությունում հետագա տարիներին պահպանելով այդ չեմպիոնական տիտղոսը. ընդհանուր առմամբ նա երկրի չեմպիոն է դարձել 13 անգամ ( 1978, 1979, 1980, 1981, 1982, 1983, 1984, 1985, 1986, 1988, 1990, 1991 և 1992)[7], իսկ 1993 և 1994 թվականներին դարձել է Չեխիայի չեմպիոն[8]։ Մի շարք հաջող ելույթների շնորհիվ նա իրավունք է ստացել ներկայացնելու Չեխոսլովակիան 1980 թվականին Մոսկվայում անցկացված Ամառային օլիմպիական խաղերին։ Այդտեղ նա նվաճել է արծաթե մեդալ՝ զիջելով միայն ԽՍՀՄ ներկայացուցիչ Վիկտոր Ռաշչուպկինին[9]։
1982 թվականին Իմրիխ Բուգարը հաղթել է Աթենքում անցկացվող Եվրոպայի առաջնությունում և մրցաշրջանի արդյունքներով ճանաչվել է երկրի լավագույն մարզիկ։ Մեկ տարի անց նա առաջին տեղն է գրավել Հելսինկիում անցկացվող աշխարհի առաջնությունում և արժանացել է ոսկե մեդալի։ Իմրիխ Բուգարը եղել է 1984 թվականին Լոս Անջելեսում անցկացվող օլիմպիական խաղերին մասնակցելու հիմնական թեկնածուներից մեկը, սակայն Չեխոսլովակիան սոցիալիստական մի շարք այլ երկրների հետ քաղաքական պատճառներով բոյկոտել է այդ մրցությունը։ 1985 թվականին Սան Խոսեում անցացվող առաջնության ժամանակ Իմրիխ Բուգարը սկավառակը նետել է 71,26 մետր՝ սահմանելով ազգային ռեկորդ, որը մնում է անգերազանցելի[10]։
1986 թվականի Եվրոպայի առաջնության ժամանակ Իմրիխ Բուգարը զբաղեցրել է 8-րդ տեղը, իսկ Մոսկվայում անցկացվող Բարի կամքի խաղերում եղել է 4-րդը[11][12]։ Հաջորդ մրցաշրջանում Հռոմում անցկացվող աշխարհի առաջնությունում եղել է 7-րդը։ Լինելով Չեխոսլովակիայի ազգային հավաքականի առաջատար մարզիկներից մեկը՝ հաջողությամբ անցել է 1988 թվականին Սեուլում անցկացվելիք Օլիմպիական խաղերի որակավորումը։ Խաղերի բացման արարողության ժամանակ նա եղել է Չեխոսլովակիայի հավաքականի դրոշակակիրը, սակայն սկավառակի նետման առաջնությունում գրավել է ընդամենը 12-րդ տեղը[13]։
Սեուլի օլիմպիական խաղերից հետո Իմրիխ Բուգարը մնացել է Չեխոսլովակիայի թեթև ատլետիկայի հավաքականի հիմնական կազմում և շարունակել է մասնակցել միջազգային խոշոր մրցություններին։ 1990 թվականին Հարավսլավիայի Սպիլիտ քաղաքում անցկացվող Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը, իսկ 1991 թվականին մասնակցել է Տոկիոյում անցկացվող աշխարհի առաջնությանը, սակայն չի կարողացել անցնել եզրափակիչ փուլ։ Ավելի ուշ տեղի է ունեցել 1992 թվականին Բարսելոնայում անցկացվելիք Օլիմպիական խաղերի ընտրությունը, սակայն Իմրիխ Բուգարը զբաղեցրել է 20-րդ տեղը և չի կարողացել հաղթահարել որակավորման փուլը։
Երբ Չեխոսլովակիան դադարել է գոյություն ունենալուց, Իմրիխ Բուգարը ստացել է Չեխիայի քաղաքացիություն և հետագա մի քանի տարիների ընթացքում միջազգային մրցությունների է մասնակցել Չեխիայի ազգային հավաքականի կազմում։ Մասնավորապես նա հանդես է եկել 1993 թվականին Շտուտգարտում անցկացվող աշխարհի առաջնությանը և 1994 թվականին Հելսինկիում անցկացվող Եվրոպայի առաջնությանը սակայն առանձնակի հաջողությունների չի հասել։ Այդ մրցությունների ավարտից կարճ ժամանակ անց Իմրիխ Բուգարը որոշել է ավարտել իր մարզական կարիերան՝ Չեխիայի հավաքականում իր տեղը զիջելով երիտասարդ մարզիկներին[7][8]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իմրիխ Բուգար» հոդվածին։ |
|