![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Վինսենթ վան Գոգ[1] |
տարի | հունվար 1889 և 1889[1] |
բարձրություն | 60,5 սանտիմետր[2][1] |
լայնություն | 50 սանտիմետր[2][1] |
ստեղծման վայր | Առլ |
ժանր | ինքնապատկեր |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Քորթոուլդ պատկերասրահ[1] |
հավաքածու | Քորթոուլդ պատկերասրահ և Քորթոուլդ պատկերասրահ[1] |
հիմնական թեմա | Վինսենթ վան Գոգ |
մասն է | Ինքնադիմանկար կտրած ականջով և ծխամորճով |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
![]() |
Ինքնադիմանկար՝ վիրակապած ականջով, հոլանդացի նկարիչ Վինսենթ վան Գոգի ինքնադիմանկար։ Նկարը ստեղծվել է 1889 թվականին[3]։
Ինքնադիմանկարում պատկերված է Վան Գոգը` երկնագույն գլխարկով, կանաչ վերնազգեստով և վիրակապով, որը փակում է ականջը և ձգվում կզակի տակ։ Նկարիչը պատկերված է ավանդական երեք քառորդ դիրքով, իսկ նրա հայացքն ուղղված է կադրից մի փոքր աջ։ Կերպարի հետևում բաց պատուհանն է, որով պետք է օդը ներթափանցի ներս։ Հետին ֆոնում երևում են նաև մոլբերտը` մի քանի ոչ պարզ գրառումներով, ինչպես նաև ճապոնական մի փորագրություն փայտի վրա։ Փորագրությունը նույնացնում են «Գեյշան բնության մեջ» ճապոնական փորագրության հետ, որ տպագրվել է 1870-ական թվականներին։ Դա ցույց է տալիս ճապոնականության ազդեցությունը Վան Գոգի ստեղծագործության վրա. ճապոնական փորագրությունները հանդիպում են նաև նկարչի այլ նկարների ֆոնին[4]։ Նկարը նկարված է իմպաստո ոճով. լուսային էֆեկտն ուժեղացնելու համար կիրառվել են խիտ, գունեղ վրձնահարվածներ, որոնք հիմնականում ուղղահայաց են արված։ Դրա շնորհիվ ստեղծվել է տեքստուրա, որը դուրս է գալիս կտավից` ավելացնելով մակերևույթի հարթությունը։ Մաշկի գույնը կանաչ ու դեղին գույներով է հագեցած։ Նկարչի ականջը փակող վիրակապը մատնանշում է նրա ամենահայտնի կոնֆլիկտը։ Վան Գոգն իր ինքնադիմանկարները նկարելիս կիրառել է հայելի, այդ պատճառով որոշ մարդիկ սխալմամբ ենթադրում են, որ նա աջ ականջի մի մասն է կտրել ձախի փոխարեն[5]։
Վան Գոգը Փարիզից տեղափոխվել է Առլ` հույս ունենալով ստեղծել նկարիչների միություն, որտեղ նկարիչները կսատարեն միմյանց։ Նա հրավիրում է Պոլ Գոգենին` մի նկարչի, ում հետ հետ նա ընկերացել էր Փարիզում։ Սակայն այս զույգն այնքան էլ հաշտ չէր. նկարիչները հաճախ են վիճաբանում, երբեմն` շատ ուժգին։ 1888 թվականի դեկտեմբերի 23-ին վիճաբանության ժամանակ Վան Գոգը նոպայի մեջ է ընկնում, որի ժամանակ Գոգենին սպառնում է ածելիով, սակայն հետո ինքն է տրավմա ստանում` կտրելով ձախ ականջի մի մասը։ Հոգեկան անհավասարակշռության մեջ` նա ականջի կտրած հատվածը տանում է Maison de Tolérance հասարակաց տուն` ցանկանալով նվիրել Ռեյչել անունով մարմնավաճառահուն։ Երբ հաջորդ առավոտ Գոգենը վերադառնում է, տեսնում է, որ տանը ոստիկաններ կան, և ամեն սենյակում արյան հետքեր են։ Վան Գոգը վնասել էր վզի երակը, ինչի հետևանքով շատ արյուն էր կորցրել։ Նրան տարել էին հիվանդանոց, որտեղ նա խոստովանել էր, որ չի հիշում, թե ինչ է կատարվել նոպայի պահին։ Իր ամբողջ կյանքի ընթացքում Վան Գոգը տառապել է նմանատիպ նոպաներից, որոնք երբեմն բնութագրվել են կպչուն մտքերով[4]։
Վան Գոգի մահվան ժամանակ նկարը պատկանել է Ժյուլիեն Տանգիին, չնայած պարզ չէ, թե ինչպես է այն հայտնվել նրա մոտ։ Տանգին 1887 թվականին մի քանի անգամ որպես բնորդ է ծառայել նկարչին։ Նկարը ցուցադրվել է Փարիզում 1901 և 1905 թվականներին` Վան Գոգի նկարների հետահայաց մեծ ցուցադրության ժամանակ։ 1928 թվականին նկարը ձեռք է բերել Սեմյուել Կուրտոն։ Ներկայումս այն գտնվում է Կուրտոյի պատկերասրահում (Լոնդոն, Մեծ Բրիտանիա)[6]։
Որոշ քննադատներ այս նկարը համարում են կրկնօրինակ, սակայն եթե դա ճիշտ լիներ, ապա այն պետք է որ նկարված կլիներ 1890-ական թվականներին, իսկ այդ ժամանակ դա արժեքավոր չէր լինի, քանի որ նկարիչը մահացել էր մի քանի տարի առաջ և իր կենդանության օրոք մեկ-երկու նկար էր միայն վաճառել։ 1889 թվականի հունվարի 17-ին Վինսենթը իր եղբայր Թեոյին գրել է, որ վերջացրել է ևս մեկ ինքնադիմանկար։ Շփոթմունք է առաջանում, թե արդյոք դա եղել է այս նկարը, թե «Ինքնադիմանկար կտրած ականջով և ծխամորճով» նկարը[4]։ Այս նկարներից յուրաքանչյուրում Վան Գոգը պատկերված է նույն հագուստով և նստած է նույն դիրքով, չնայած տարբեր են գունային երանգները, պարագաները և դիրքերը։ «Ինքնադիմանկար կտրած ականջով և ծխամորճով» նկարը ակադեմիական շրջանակներում ավելի լայն ճանաչում ունի որպես Վան Գոգի վրձնին պատկանող նկար։