Իռլանդատյացություն, երբեմն անվանվում է նաև հիբերնատյացություն կամ հիբերնոֆոբիա, էթնիկ հակակրանքի վրա հիմնված տրամադրություններ իռլանդացիների նկատմամբ։ Այդպիսի տրամադրությունները կարող են ներառել ճնշում, հալածանք, խտրականություն կամ ատելություն իռլանդացիների՝ որպես էթնիկ խմբի կամ ազգության նկատմամբ։ Այն կարող է ուղղված լինել ընդհանուր առմամբ Իռլանդիա կղզու բնակիչների դեմ, սակայն երբեմն էթնիկ պատկանելությամբ պայմանավորված խտրականության թիրախում են նաև իռլանդացի ներգաղթյալներև և իռլանդական սփյուռքի ներկայացուցիչները։
Իռլանդացիների նկատմամբ հակասական տրամադրությունները ի հայտ են եկել միջնադարից ի վեր, վաղ ժամանակակից դարաշրջանում և լուսավորության դարաշրջանում։ Դրա մասին վկայում է իռլանդացիների տարբեր ժամանակահատվածների ներգաղթը Մեծ Բրիտանիա, Հյուսիսային Ամերիկա, Ավստրալիա, Նոր Զելանդիա և Հարավաֆրիկյան Հանրապետություն։ Հակասական տրամադրություններ առկա են նաև հենց Իռլանդիայի ներսում՝ սոցիալական, ռասայական և մշակութային որոշակի տարբերություններով պայմանավորված։ Այդպիսի հակասությունների պատճառների թվում կարելի է առանձնացնել աղանդավորությունը կամ մշակութային, կրոնական և քաղաքական հակամարտությունները (օրինակ՝ հակամարտությունը հյուսիսային Իռլանդիայում)։
Պատմականորեն իռլանդացիների նկատմամբ թշնամանքի առաջացման կարևորագույն պայմանների թվում եղել է նաև դավանանքը։ Դարերի ընթացքում հրահրվել է թշնամանք բոլոր այն իռլանդացիների նկատմամբ, ովքեր հաստատակամորեն հավատարիմ են մնացել կաթոլիկությանը՝ չնայած Էդվարդ VI-ի և հետագա կառավարիչների կողմից բողոքականություն ընդունելուն միտված մի շարք նախաձեռնություններին[1]։ Փաստացի, Իռլանդիայում կրոնական մեծամասնությունը կառավարվում էր կրոնական փոքրամասնության կողմից, ինչը հանգեցնում էր բազմամյա սոցիալական բախումների։ 19-րդ դարի կեսերին՝ Մեծ սովի ժամանակ, որոշ ավետարանական բողոքականներ փորձում էին կրոնափոխ դարձնել սովամահ կաթոլիկներին՝ վերջիններիս սնունդ առաջարկելով[2]։
Գելական իռլանդացիների և նրանց մշակույթի նկատմամբ անգլիացիների բացասական վերաբերմունքը սկիզբ է առել դեռևս Անգլիայի թագավոր Հենրի II Պլանտագենետի օրոք։ 1155 թվականին Հռոմի պապ Ադրիան IV-ը թողարկում է «Laudabiliter» կոչվող պապական բուլլան, որը հետագայում Հենրիին հնարավորություն ընձեռեց նվաճել Իռլանդիան՝ որպես իռլանդական եկեղեցու վրա պապական վերահսկողության ամրապնդման միջոց[3][4]։ Հռոմի պապ Ադրիանը այդ ժամանակահատվածում իռլանդացիներին անվանել է «կոպիտ և բարբարոս» ժողովուրդ։
Նորմանդական ներխուժումը Իռլանդիա մեկնարկում է 1169 թվականին՝ Հռոմի Պապ Ալեքսանդր III- ի աջակցությամբ։ Նա նույնպես իռլանդացիներին անվանում է «բարբարոս ազգ»՝ «կեղտոտ գործելակերպով»[5]։
Ջերալդ Ուելսացին ուղեկցում էր Հենրի թագավորի որդուն՝ Ջոնին, 1185 թվականին Իռլանդիա կատարած նրա ուղևորության ժամանակ։ Դրա ընթացքում նա գրում է Topographia Hibernica («Իռլանդիայի տեղագրություն») և Expugnatio Hibernia («Իռլանդիայի նվաճումը») աշխատությունները, որոնք երկուսն էլ շրջանառության մեջ են մտնում դարեր անց։ Այդ երկերում նշվում էր, որ թեև Իռլանդիան հարուստ երկիր էր, իռլանդացիները, այնուամենայնիվ, հետամնաց էին և ծույլ։
Նրանք իրենց արտերն օգտագործում են հիմնականում արոտավայրերի համար։ Այստեղ քիչ է մշակվում և ավելի սակավ ցանվում։ Սակայն, խնդիրը ոչ թե հողի որակն է, այլ արդյունաբերության բացակայությունը նրանց կողմից, ովքեր պետք է այն իրականացնեն։ Այս ծուլությունը նշանակում է, որ հանքանյութերի տարբեր տեսակներ, որոնցով լցված են երկրի թաքնված երակները, ոչ արդյունահանվում են, ոչ էլ շահագործվում։ Նրանք չեն նվիրվում կտավատի կամ բրդի արտադրությանը, ոչ էլ մեխանիկական կամ առևտրային գործողությունների։ Նվիրված միայն հանգստին և ծուլությանը, սա իսկապես բարբարոս մի ժողովուրդ է։ Նրանք իրենց ապրուստի համար կախված են կենդանիներից և ապրում են կենդանիների պես[6]։
Ջերալդի տեսակետները անտիպ չէին, և նման տեսակետներ կարելի է գտնել Վիլյամ Մալմսբերիի և Ուիլյամ Նյուբուրգի գրվածքներում ևս։ Ինչ վերաբերում է իռլանդական ամուսնական և սեռական սովորույթներին, Ջերալդը հայտնում է մանրամասնություններ. «Նրանք տրվում են ինցեստին՝ ամուսնանալով կամ ավելի շուտ անառակելով իրենց մահացած եղբայրների կանանց հետ»։ Ավելի վաղ արքեպիսկոպոս Անսելմը մեղադրել էր իռլանդացիներին կանանց փոխանակության մեջ։ Աշխատությունում նշվում է՝ իբրև «իռլանդացիներն իրենց կանանց փոխանակում են այնպես, ինչպես մյուս տղամարդիկ փոխանակում են իրենց ձիերին»։
Այլ տեսակետներ կարելի է գտնել դարեր անց կրկնված սըր Հենրի Սիդնիի խոսքերում, որը երկու անգամ Իռլանդիայի լորդ տեղակալ էր թագուհի Էլիզաբեթ I-ի արքունիքում, և Էդմունդ Թրեմեյնի՝ նրա քարտուղարի խոսքերում։ Թրեմեյնի կարծիքով իռլանդացիները «պոռնկություն են անում, ամուսնություն չեն ունենում, հոշոտում, գողանում և կատարում են բոլոր զզվելիությունները՝ առանց խղճի»[7]։ 1596 թվականին տարածված, բայց մինչև 1633 թվականը լույս տեսած «Իռլանդիայի ներկա վիճակի տեսակետը» գրքում անգլիացի պաշտոնյա և հայտնի բանաստեղծ Էդմունդ Սփենսերը իռլանդացիներին անվանել է «աթեիստներ կամ անհավատներ»։ «Իռլանդիայի մասին հակիրճ գրառման մեջ» գրքում Սպենսերը պնդում էր, որ «[Իռլանդիայում] Չի կարող լինել իշխանության համապատասխանություն, եթե չկա կրոնական համապատասխանություն... Չի կարող լինել հիմնավոր համաձայնություն երկու հավասար հակադրությունների միջև՝ անգլիացիների և իռլանդացիների միջև»[8]։
Հակաիռլանդական տրամադրությունները նշանակալի դերակատարություն են ունեցել իռլանդացիների դեմ իրականացված վայրագությունների գործում։ Օրինակ՝ 1305 թվականին Փիրս Բերմինգհեմը ստանում է վարձատրություն և այլ պարգևներ՝ իռլանդական Օ'Քոնոր կլանի երեսուն անդամներին գլխատելու և նրանց Դուբլին ուղարկելու հետո։ 1317 թվականին իռլանդացի մատենագիրներից մեկի արտահայտած կարծիքի համաձայն՝ անգլիացու համար իռլանդացուն կամ անգլուհու համար իռլանդացուն սպանելն այնքան դյուրին է, որքան շանը սատկացնելը[9]։
Մեծ Բրիտանիայում բողոքականության ընդունումից հետո վաղ արդի ժամանակաշրջանում իռլանդացի կաթոլիկները ենթարկվում են ինչպես սոցիալական, այնպես էլ քաղաքական խտրականության՝ հկաթոլիկությունից հրաժարվելու փաստով պայմանավորված։ Այս խտրականությունը երբեմն դրսևորվում էր մեծ պուրիտանական կամ պրեսբիտերական բնակչություն ունեցող բնակավայրերում, ինչպիսիք են Իռլանդիայի հյուսիսարևելյան մասերը, Շոտլանդիայի կենտրոնական գոտին և Կանադայի որոշ շրջաններ[10][11]։ Կրոնական կոնֆլիկտի քողի տակ ժամանակի ընթացքում սկսում է ի հայտ գալ քողարկված ազգայնականություն և էթնիկ հակակրանք, ինչպես Մեծ Բրիտանիայում իռլանացիների նկատմամբ, այնպես էլ Իռլանդիայում բրիտանացիների նկատմամբ[12]։
Հակաիռլանդական տրամադրությունները ակներև են 18-րդ դարի մի քանի գրողների ստեղծագործություններում։ Նրանց թվում է ֆրանսիացի փիլիսոփա Վոլտերը, ով պատկերել է կաթոլիկ իռլանդացիներին որպես վայրենի և հետամնաց արարածների՝ պաշտպանելով բրիտանական իշխանությունը երկրում[13]։
Վիկտորիանական Բրիտանիայի և 19-րդ դարի Միացյալ Նահանգներում հակաիռլանդական տրամադրությունները գլխավորապես պայմանավորված էին հասարակության մեջ խոր արմատացած կարծրատիպերով, թե իռլանդացիները բռնի և ալկոհոլամոլ ժողովուրդ են[14]։ Այնպիսի հեղինակավոր ամսագրեր, ինչպիսին է, օրինակ, «Punch»-ը, իռլանդացի անհատին ներկայացնում է որպես անասնական, կապկանման կամ դիվային հատկանիշներ ունեցող արարածի[15][16]։
Նապոլեոնյան պատերազմների ավարտից հետո տեղի է ունենում գյուղատնտեսության ոլորտում գների աննախադեպ անկում։ Դրան հաջորդած դեպրեսիայի ժամանակահատվածում հարավային Անգլիայի ագարակագործները չեն կարողանում իրենց գյուղատնտեսական աշխատողներին վճարել սահմանված չափի աշխատավարձեր, քանի որ պատերազմից վերադարձած տղամարդկանց քանակով պայմանավորված առկա էր աշխատուժի ավելցուկ։ Աշխատուժի ավելցուկ կար, որին գումարվեց պատերազմներից վերադարձած տղամարդիկ։ 1829 թվականին այս խառնաշփոթին ավելանում է նաև իռլանդացի միգրանտ աշխատողների աննախադեպ հոսքը, որոնք պատրաստ էին աշխատել իրենց անգլիացի գործընկերների վաստակածի կեսի դիմաց[17][18]։ Այս ամենը հերթական անգամ հակասությունների տեղիք է տալիս և Թանեթ կղզում տեղի ֆերմայի բանվորները հավաքում են իռլանդացի բանվորներին։ Ուիլյամ Քոբեթը այս կապակցությամբ գրել է.
Բրիտանիայում առանձնահատուկ էր տեղացիների կոպիտ և անհարգալից վերաբերմունքը իռլանդացի բանվորների նկատմամբ։ Իռլանդացի ֆերմերները և այլ աշխատողները ևս ենթարկվում էին բռնի սպառնալիքների և հրկիզման։ Այս հակասությունները առավել խորանալով վերածվեցին Ճոճվող խռովությունների։
Ինչպես մյուս ներգաղթյալ բնակչությանը, նրանք ևս երբեմն մեղադրվում էին քրոնիզմի մեջ և ենթարկվում իրենց կրոնական և մշակութային համոզմունքների խեղաթյուրման։ Իռլանդիայի կաթոլիկները հատկապես տուժում էին բողոքականների հարձակումներից[15]։
Լիվերպուլում, որտեղ Մեծ սովից հետո հաստատվում են մեծաքանակ իռլանդացիներ, ծավալվում է հակաիռլանդական նախապաշարմունքների մեծ ալիք։ Իռլանդական ծովով անցնող և քաղաքի ավելի աղքատ թաղամասերում բնակություն հաստատած մարդկանց մեծ թվաքանակը հանգեցնում է ֆիզիկական հարձակումների, որի արդյունքում սովորական պրակտիկա է դառնում իռլանդական առոգանությամբ կամ նույնիսկ իռլանդական անուններով մարդկանց աշխատանքից ազատումն ու աշխատանքային հնարավորություններից զրկումը։
1836 թվականին երիտասարդ Բենջամին Դիզրաելին գրել է.
Իռլանդացիներն ատում են մեր կարգերըը, մեր քաղաքակրթությունը, մեր ձեռնարկատիրական արդյունաբերությունը, մեր մաքուր կրոնը։ Այս վայրի, անխոհեմ, անտարբեր, անորոշ և սնահավատ ցեղը ոչ մի հարգանք չի տածում անգլիական ինքնության նկատմամբ։ Մարդկային երջանկության նրանց իդեալը տոհմական բծախնդիրների և կոպիտ կռապաշտության փոփոխությունն է։ Նրանց պատմությունը մոլեռանդության մասին է[19]։ |
1882 թվականին Մաամտրասնա քաղաքում՝ Իռլանդիայի Մայոյի և Գոլվեյ կոմսության սահմանին, սպանվում են հինգ անձինք։ Անդրադառնալով միջադեպին՝ «The Spectator»-ը գրել է հետևյալը.
Այս շաբաթ Դուբլինում հետաքննված Մաամտրասնայի ողբերգությունը, որը եզակի երևույթ է Միացյալ Թագավորության տարեգրության մեջ է, բացահայտորեն ցույց է տալիս երկու փաստ, որոնք անգլիացիները մեծապես հակված են մոռանալու։ Մեկը Իռլանդիայի որոշակի շրջաններում գյուղացիական մի դասի գոյությունն է, որոնց հազիվ թե կաելի է քաղաքակիրթ էակներ համարել, քանի որ նրանք ավելի մոտ են վայրենիներին, քան ցանկացած այլ սպիտակամորթ մարդ։
Մյուսը նրանց բնավորության արտասովոր և բացառիկ մռայլությունն է։ Իռլանդիայի հեռավոր վայրերում, հատկապես՝ Կոննուտում, մի քանի կղզիներում և մեկ կամ երկու լեռնային թաղամասերում, ապրում են մշակներ, ովքեր գիտելիքով, սովորություններով և կյանքի կարգապահությամբ չեն գերազանցում Մաորիներին կամ այլ պոլինեզիացիներին։ - Մաամտրասնայի ողբերգության մասին, The Spectator[20]
|
19-րդ դարում բողոքական ամերիկացի նատիվիստների խտրականությունը իռլանդացի կաթոլիկների նկատմամբ հասնում է իր գագաթնակետին 1850-ականների կեսերին, երբ «Ոչինչ չգիտեմ» (Know-Nothing) շարժումը փորձ է կատարում հեռացնել կաթոլիկներին պետական պաշտոններից։