Իսրայելյան սիլիկոնային հովիտ (եբրայերեն՝ סיליקון ואדי), բարձր տեխնոլոգիական արտադրությունների համակենտրոնացման շրջան Իսրայելի ափամերձ հարթավայրում, ինչպես ԱՄՆՍիլիկոնային հովտում։ Երբեմն օգտագործվում է նաև «Silicon Wadi»՝ սիլիկոնային վադի անվանումը։
Իսրայելյան սիլիկոնային հովտի տարածքն ընդգրկում է երկրի զգալի մասը, չնայած այն հանգամանքին, որ ձեռնարկությունների հատկապես բարձր համակենտրոնացում նկատվում է «Մեծ Թել Ավիվի» մերձակայքում, Հերցլիայից մինչև Ռիշոն Լե-Ցիոն, այդ թվում այնպիսի քաղաքների տեխնոպարկերում, ինչպիսիք են՝ Հայֆան, Ռաանանան, Պետահ Տիկվան, Կեսարիան, Ռեհովոտի ակադեմիական քաղաքում և նրա մերձակայքում։ Համեմատաբար վերջերս այդպիսի տեխնոպարկեր ստեղծվեցին Երուսաղեմի շրջակայքում, Իոկնեամ Իլիտում և այլ վայրերում։
Իսրայելական բարձր տեխնոլոգիական ընկերությունները սկսեցին կազմավորվել 1960-ական թվականներին։ 1961 թվականին հիմնադրվեց ECI Telecom, 1962 թվականին՝ Tadiran և Elron ընկերությունները։ Միջազգային շուկայում հաջողված ընկերությունների թիվը դանդաղ էր աճում, և միայն 1990-ականների սկզբին սկսեցին ի հայտ գալ տարեկան մեկ կամ երկու նոր հաջողված ընկերություններ։ Motorola–ն առաջին ամերիկյան ընկերությունն էր, որ 1964 թվականին Իսրայելում բացեց իր գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների ստորաբաժանումը։ Սկզբում կենտրոնը մշակեց անլար արտադրանքի թողարկման տեխնոլոգիան, այդ թվում հեռահար ոռոգման համակարգերը, այնուհետև մշակեց միկրոպրոցեսորների արտադրությունը, ինչպիսին է Motorola 68030-ը։
1967 թվականին զենքի մատակարարման նկատմամբֆրանսիական արգելքից հետո, Իսրայելը ստիպված էր զարգացնել սեփական ռազմական արդյունաբերությունը` կենտրոնանալով հարևանների նկատմամբ տեխնոլոգիական գերազանցության վրա։ Առանձին ռազմական ընկերություններ սկսեցին մշակել նոր տեխնոլոգիաներ ռազմական տեխնիկան քաղաքացիական նշանակությամբ օգտագործելու համար։ 1970-ական թվականներին ի հայտ եկան բազմաթիվ առևտրային նորարարություններ, որոնց մի մասը հիմնված էր ռազմական մշակումների վրա, օրինակ Scitex թվային տպագրության համակարգը[1]։
Ավելի քան 50 տարի տեղական պահանջարկը փորձության ենթարկեց իսրայելական արդյունաբերական էքսպանսիան, քանի որ երկրի բնակչությունը արագ աճում էր, իսկ կենսամակարդակը բարձրանում։ Վերջերս իսրայելական առաջավոր տեխնոլոգիաների, ծրագրային ապահովման, էլեկտրոնիկայի և այլ ժամանակակից սարքավորումների նկատմամբ համաշխարհային պահանջարկի աճը նպաստեց արդյունաբերության զարգացմանը։ Նոր տեխնոլոգիաների բնագավառում Իսրայելի բարձր դիրքն ապահովվում է բարձրագույն կրթությանը, նոր տեխնոլոգիաների մշակմանը և գիտահետազոտական ուսումնասիրություններին անհրաժեշտ ուշադրություն դարձնելով։ Այդ ուղղությամբ տարվող աշխատանքների ընդլայնմանը նպաստում է մշակութային գործոնը և ներգաղթի հանդեպ ազատ ու համարձակ մոտեցումը[2]։ Կառավարությունը նույնպես օժանդակում է արդյունաբերության զարգացմանը, այդ նպատակով բյուջեից տրամադրելով ցածր տոկոսադրույքներով վարկեր։ Արդյունաբերության առջև ծառացած հիմնական խնդիրներից են ներքին հումքային բազայի և էներգետիկ ռեսուրսների սակավությունը և ներքին շուկայի սահմանափակությունը։ Ըստ Ստենֆորդի համալսարանի պրոֆեսոր և ձեռնարկատիրական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Չարլզ Ա. Հոլլոուեյի` առավելություններից մեկը այն է, որ իսրայելական բուհերի շրջանավարտների մեծ մասը դառնում են IT-ոլորտի ձեռնարկատերեր կամ միանում են ստարտափերին, երկու անգամ ավելի, քան ամերիկյան բուհերի շրջանավարտները, որոնք նույնպես նախընտրում են ավանդական կորպորատիվ կառավարման պաշտոնները։ Օրինակ ICQ-ն համարվում է աշխարհում ամենահայտնի ծրագրային արտադրանքներից մեկը, որը մշակվել է չորս երիտասարդ ձեռնարկատերերի կողմից։ IBM-ն ունի իր IBM Content Discovery Engineering թիմը Երուսաղեմում, որը համարվում է IBM գիտահետազոտական լաբորատորիաների խմբի մի մասը Իսրայելում[2]։
Իսրայելում գործող բազմազգ տեխնոլոգիական ընկերություններ
2010 թվականի դրությամբ Իսրայելում գործող բազմազգ հետազոտական և զարգացման կենտրոններում աշխատել է ավելի քան 35000 աշխատակից։ Վերջին տարիներին Արևելյան Ասիայի բազմազգ ընկերություններն ու ներդրողները, հատկապես Չինաստանից, ակտիվորեն ներդրումներ են կատարել և գրասենյակներ բացել Իսրայելում, այդ թվում չինական տեխնոլոգիական հսկաներ, ինչպիսիք են՝ Alibaba, Baidu, Tencent և Kuang-Chi[3]: Շուրջ 60 օտարերկրյա գիտահետազոտական կենտրոններ զբաղվում են բազմաբնույթ գործունեությամբ, ներառյալ կենսատեխնոլոգիան, քիմիական նյութեր, արդյունաբերական մեքենաներ, կապի սարքավորումներ, գիտական գործիքներ, բժշկական սարքավորումներ, ֆլեշ հիշողության պահեստամասեր, համակարգչային տեխնիկայի բաղադրիչներ, ծրագրեր, կիսահաղորդիչներ և ինտերնետ։
↑Schindler, Max (2017 թ․ սեպտեմբերի 25). «Computing giant IBM buys up Israeli start-up Cloudigo». The Jerusalem Post. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)