Իվանա Նինկովիչ | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | լողորդ |
Երկիր՝ | Բոսնիա և Հերցեգովինա |
Ծննդյան ամսաթիվ՝ | դեկտեմբերի 15, 1995 (28 տարեկան) |
Ծննդավայր՝ | Տրեբինյե, Սերբական Հանրապետություն, Բոսնիա և Հերցեգովինա |
Հասակ՝ | 171 սանտիմետր |
Իվանա Նինկովիչ (սերբերեն՝ Ivana Ninković, սերբական կիրիլիցա՝ Ивана Нинковић, դեկտեմբերի 15, 1995, Տրեբինյե, Սերբական Հանրապետություն, Բոսնիա և Հերցեգովինա), բոսնիացի լողորդուհի, Բանյա Լուկա քաղաքի ջրային մարզաձևերի «Օլիմպ» ակումբի և Բոսնիա և Հերցեգովինայի լողի ազգային հավաքականի անդամ։
Իվանան վաղ մանկական հասակից լողի պարապմունքների է հաճախել իր հայրենի քաղաքի՝ Տրեբինեի «Լեոտար Տրեբինե» ակումբում[1]։ 2011 թվականին մասնակցել է Բալկանների լողի պատանեկան առաջնությանը, որտեղ բրաս լողաոճով 50 մետր մրցատարածությունում գրավել է երրորդ տեղը[2]։ Այդ նույն տարում Շանհայում անցկացված աշխարհի պատանեկան առաջնությունում և 2012 թվականի սկզբներին Դեբրեցենում կայացած Եվրոպայի առաջնությունում ձեռք բերած բարձր ցուցանիշները, անձնական ռեկորդ սահմանելը հաշվի առնելով՝ 16-ամյա մարզուհուն հրավիրել են մասնակցելու 2012 թվականի ամառային օլիմպիական խաղերին. միջոցների սղության պատճառով Իվանան օլիմպիական մրցավայր՝ Լոնդոն է մեկնել առանց իր մարզիչ Վելկա Պիլևիչի[3] և չի կարողացել բարձր արդյունք ապահովել։ Այդուհանդերձ՝ նա հռչակվել է Սերբական Հանրապետության, ապա նաև Բոսնիա և Հերցեգովինայի «Տարվա լավագույն մարզուհի»[4], իսկ հաջորդ տարի՝ 2013 թվականին արժանացել է Բանյա Լուկա քաղաքի լավագույն մարզուհու տիտղոսին[5]։
2013 թվականին Իվանա Նինկովիչն ընդունվել է ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի համալսարան (ճարտարագետի մասնագիտություն ստանալու համար) և հանդես է եկել այդ համալսարանի Sun Devils թիմի կազմում[6]։