Իրինա Անտոնովան ծնվել է 1922 թվականի մարտի 20-ին, Մոսկվայում, Հոկտեմբերյան հեղափոխության մասնակից, նավի էլեկտրիկ, այնուհետև Փորձարարական ապակու ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Անտոնովի (1891-1966, ծնունդով Սանկտ Պետերբուրգից) և Իդա Միխայլովնա Անտոնովայի[7] (ծննդյամբ Հեյֆից[8] կամ Ռոզենբլյում[5], 1899-1999) ընտանիքում[9]։ Մայրը ծնունդով Լիտվայից էր, երեք տարի սովորել էր Խարկովի կոնսերվատորիայում, որը չէր ավարտել[10] և տեղափոխվելով Մոսկվա, աշխատել էր տպարանում որպես գրաշար։ Մի քանի տարի անց ծնողները բաժանվել են։ Հայրն ունեցել է մեկ այլ ընտանիք, իսկ 1926 թվականին ծնվել է նրա դուստրը՝ Գալինան[8]։
1930-1933 թվականներին Իրինան ապրել է իր հայրիկի և կրտսեր քրոջ՝ Գալինայի հետ Բեռլինում, որտեղ հորը գործուղել են Գերմանիայում ԽՍՀՄ առևտրային ներկայացուցչությունում աշխատելու[5][8]։ Այդ ընթացքում նա սովորել է գերմաներեն և բնագրից կարդացել Գյոթեի, Հայնեի, Շիլլերի ստեղծագործությունները։ Բացի այդ, Իրինան լավ տիրապետել է ֆրանսերենին և իտալերենին, ինչպես նաև մի փոքր անգլերենին[7]։ Բեռլինի միջնակարգ դպրոցում սովորելիս նա ակտիվորեն զբաղվել է մարմնամարզությամբ և տիրապետել է լողի բոլոր ոճերին[11]։ Վերադառնալով Մոսկվա՝ նա մոր հետ ապրել է Պոկրովսկի բուլվարի բնակարանում[12]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի (1941-1945) սկզբին ավարտել է բուժքույրական դասընթացները և 1942 թվականի գարնանից, որպես բժշկական ծառայության կրտսեր սերժանտ, աշխատել Կրասնայա պրեսնյայի հոսպիտալում[12][13], ապա մինչև պատերազմի ավարտը՝ Բաումանսկայա փողոցի հոսպիտալում[14]։ Աշխատել է որպես բուժքույր հիմնականում վիրահատությունների ժամանակ գիշերը և վաղ առավոտյան, իսկ ցերեկը սովորել է Մոսկվայի պետական համալսարանում[14]։
Հաղթանակից հետո Իրինային տվել են, իր խոսքով, «մայորի ուսադիրներով համազգեստ»[10], և մինչև 1945 թվականի հունիսի վերջը խորհրդային խմբի կազմում նա պետք է գործուղվեր Գերմանիա՝ նպատակ ունենալով ԽՍՀՄ տեղափոխել Դրեզդենի պատկերասրահի մշակութային արժեքների հավաքածուն, որը հայտնաբերվել էր խորհրդային զինված ուժերի կողմից փետրվարին Դրեզդեն քաղաքի ռմբակոծության ժամանակ[14]։ Բայց Իրինայի գործուղումը չի կայացել։ Որոշվել է ավելի փորձառու մասնագետ ուղարկել։ Եվ արդեն 1945 թվականի հուլիսի վերջին Անտոնովան Պուշկինի կերպարվեստի պետական թանգարանի այլ թանգարանապահների հետ միասին ստացել և ցուցակագրել է Դրեզդենից Մոսկվա բերված մշակութային արժեքները։ Դրանից հետո թանգարանն ընդունել և ցուցակագրել է մոտ 760 աշխատանք Դրեզդենի պատկերասրահից[10][14]։ Հաջորդ տասը տարիների ընթացքում թանգարանի գիտաշխատողներն ու վերականգնողները բծախնդրորեն վերականգնել են համաշխարհային արվեստի գլուխգործոցները, որոնք վնասվել էին պատերազմի ընթացքում։ 1955 թվականի մայիսին Մոսկվայում բացվել է Դրեզդենի պատկերասրահի հավաքածուի ցուցահանդեսը, որի ցուցադրությունում ընդգրկված են եղել Ռաֆայելի«Սիքստինյան Տիրամայրը», Ջորջոնեի«Քնած Վեներան», Պինտուրիկիոյի «Տղայի դիմանկարը», Յան Վերմեերի«Պատուհանի մոտ նամակ կարդացող աղջիկը», Խոսե դե Ռիբերայի«Սուրբ Ինեսսան» և արվեստի այլ գործեր։ 1955 թվականի օգոստոսին Նիկիտա Խրուշչովի պահանջով Խորհրդային Միությունը Դրեզդենի պատկերասրահին է վերադարձրել գեղանկարչական բոլոր գլուխգործոցները (ընդհանուր առմամբ՝ 1,240 արվեստի գործ), որոնք Կարմիր բանակի ավար էին դարձել նացիստական Գերմանիայի պարտությունից հետո[14][15]։
1961 թվականի փետրվարին Իրինա Անտոնովան նշանակվել է Մոսկվայի Ալեքսանդր Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանի տնօրեն։ Ըստ նրա, պրոֆեսոր Բորիս Ռոբերտովիչ Վիպերը իրեն առաջարկել է ղեկավարել Պուշկինի անվան թանգարանը, երբ նա երեսունինը տարեկան էր, և նա չէր կարող հրաժարվել դրանից.
Ինձ բոլորովին անսպասելիորեն առաջարկեցին տնօրենի աշխատանքը։ Ես ոչ բաժնի վարիչ էի, ոչ էլ գիտական քարտուղար։ Ես շատ շփոթված էի ... Մոտ մեկ ամիս տատանվում էի, հետո մի մարդու հետ զրույցի բռնվեցի և նա ինձ ասաց, որ այդ աշխատանքը հենց ինձ համար է և ինձ կվերցնեն որպես ավագ գիտնական։ Եվ գիտեք, այս պարզ արտահայտությունն ինձ վրա տպավորություն թողեց։ Եվ ես այդ ժամանակ համաձայնեցի։
Որպես Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանի տնօրեն՝ Անտոնովան նախաձեռնել և կազմակերպել է միջազգային խոշոր ցուցահանդեսներ, այդ թվում՝ «Մոսկվա-Փարիզ», «Մոսկվա-Բեռլին», «Ռուսաստան-Իտալիա», «Մոդիլիանի», «Թյորներ», «Պիկասո» և շատ ուրիշներ[17]։
1981 թվականին նա դաշնակահար Սվյատոսլավ Ռիխտերի հետ միասին հիմնել է «Դեկտեմբերյան երեկոներ» երաժշտության և նկարչության փառատոնը, որն ամեն տարի անցկացվել է թանգարանում։ Եղել է փառատոնի մշտական տնօրենը։ 1998 թվականին փառատոնը կոչվել է Սվյատոսլավ Ռիխտերի անունով։
90-ականների կեսերին Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանի տնօրեն Իրինա Անտոնովան և նրա տեղակալ Իրինա Դանիլովան դիմել են Ռուսական պետական հումանիտար համալսարանի ռեկտոր Յուրի Աֆանասևին գեղարվեստական նմուշների պահեստներ բացելու առաջարկով և համալսարանի տարածքում ուսանողների, ռեստավրատորների, թանգարանագետների, արվեստի պատմաբանների, մշակութաբանների, պատմաբանների համար անցկացնելու կրթական դասընթացներ։ Արդյունքում, 1995 թվականի հուլիսին ստեղծվել է Հումանիտար գիտությունների Ռուսաստանի պետական համալսարանի թանգարանային կենտրոնը, իսկ 1997 թվականի հունիսի 30-ին Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի տարածքում բացվել է «Ի. Վ. Ցվետաևի անվան արվեստի կրթական թանգարանը»[18][19]։
Իրինա Ալեքսանդրովնան հեղինակ է ավելի քան 100 հրապարակումների (կատալոգներ, հոդվածներ, ալբոմներ, հեռուստածրագրեր, գիտահանրամատչելի ֆիլմերի սցենարներ)։ Մի քանի տարի դասավանդել է Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի արվեստի պատմության բաժնում[20], կինեմատոգրաֆիայի ինստիտուտում, Պուշկինի անվան գեղարվեստի պետական թանգարանի լսարանում, Փարիզի Արևելյան լեզուների ինստիտուտում[21]։
Եղել է Ռուսաստանի Դաշնության հանրային պալատի անդամ (2011-2020)։ 2012 թվականի փետրվարի 6-ին դարձել է Ռուսաստանի Դաշնության նախագահՎլադիմիր Պուտինի վստահված անձ 2012 թվականի մարտի 4-ին կայացած ընտրություններում[22][23]։
2013 թվականի ապրիլի 11-ին Անտոնովան նշանակվել է Ռուսաստանի պետական թանգարանների գլխավոր համակարգող[24]։ Իր պաշտոնաթողությունից երեք ամիս անց Անտոնովան այս նշանակումն անվանել է «ամենամաքուր խելագարություն», որի միակ իմաստն է եղել արդարացնել կամ հարթել Պուշկինի թանգարանի տնօրենի պաշտոնից իր ազատումը[6]։
2013 թվականի մայիսին Անտոնովան կրկին առաջ է քաշել այն միտքը, որը նա արտահայտել էր դեռ 2009 թվականին[25], Մոսկվայում վերստեղծել Նոր արևմտյան արվեստի թանգարան, որը նախկինում քանդել էր Ստալինը, որին Պուշկինի կերպարվեստի թանգարանն ու Պետական Էրմիտաժը նվիրել էին իրենց հավաքածուների լավագույն մասը՝ իմպրեսիոնիստական կտավները։ Այդ առաջարկն առաջացրել է Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկու սուր բողոքը և ավելի լայն բախում թանգարանային համայնքում։ Անհանգիստ իրադարձություններից հետո Ռուսաստանի մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին սկսեց շտապեցնել Անտոնովային հրաժարականով[6][26]։
«Իզվեստիա» -ին տված հարցազրույցում Անտոնովան նախատել է մշակույթի նախկին նախարար Ալեքսանդր Ավդեևին և տնտեսական զարգացման նախկին նախարար Էլվիրա Նաբիուլինային, որոնք Պուշկինի թանգարանի հոգաբարձուների խորհրդի անդամ են եղել, Ռուսաստանի նախագահի՝ թանգարանային քաղաք կառուցելու և Պուշկինի թանգարանի վերակառուցումը ձախողելու համար[6]։
2013 թվականի հուլիսի 1-ին, Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկու հրամանով, նա ազատվեց Պուշկինի կերպարվեստի թանգարանի տնօրենի պաշտոնից՝ «իր սեփական ցանկությամբ» ձևակերպմամբ։ Անտոնովան հուլիսի 1-ին հայտնեց, որ ինքն է ընտրել իր իրավահաջորդի թեկնածությունը՝ «Մանեժ» մոսկովյան ցուցահանդեսային ասոցիացիայի գեղարվեստական ղեկավար Մարինա Լոշակին[27]։ Ավելի ուշ Անտոնովան պարզաբանեց, որ իրականում ինքը որպես իր իրավահաջորդ առաջարկել է Մոսկվայի պետական համալսարանի և Ռուսաստանի պետական համալսարանի հումանիտար գիտությունների մշակութաբան գիտնականներին, բայց նախարարությունը մերժել է իր առաջարկած բոլոր թեկնածուներին։ Նախարարության կողմից առաջարկված թեկնածուներից Լոշակը նրա համար ամենաընդունելին էր եղել[28]։
Իրինա Ալեքսանդրովնան 52 տարի (1961-2013) ղեկավարել է Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանը։
Պաշտոնաթողությունից հետո՝ 2013 թվականի հուլիսի 1-ին, Անտոնովան նշանակվեց Պուշկինի կերպարվեստի պետական թանգարանի նախագահ[29]։
Իրինա Անտոնովան մահացել է 2020 թվականի նոյեմբերի 30-ին՝ Մոսկվայում իր կյանքի 99-րդ տարում։ Բժիշկների եզրակացության համաձայն մահվան պատճառը եղել էր կորոնավիրուսային վարակը և սրտանոթային համակարգի հիվանդությունները[30][31]։ Իրինա Ալեքսանդրովնային, իր ցանկության համաձայն, հուղարկավորեցին Մոսկվայի Նովոդեվիչի գերեզմանատանը, իր հարազատների՝ մոր ու ամուսնու կողքին[32][33]։ Հրաժեշտի արարողությունը տեղի ունեցավ 2020 թվայանի դեկտեմբերի 3-ին Պուշկինի անվան գեղարվեստի պետական թանգարանում փակ ձևաչափով (համաճարակի պատճառով)[34], իսկ հուղարկավորությունը տեղի ունեցավ դեկտեմբերի 4-ին[35] զինվորական պատիվներով (որպես «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի լիիրավ ասպետ)[36]։
Ամուսինը (1947 թվականից)՝ Եվսեյ Իոսիֆովիչ Ռոտենբերգը (1920-2011)[5], արվեստագիտության դոկտո, Արևմտյան Եվրոպայի դասական արվեստի հիմնարար աշխատությունների հեղինակ, Արվեստագիտության պետական ինստիտուտի դասական արվեստի բաժնի ղեկավար։ Իրինան և Եվսեյն ամուսնացել են 1947 թվականին՝ համատեղ ապրել են վաթսուն չորս տարի, մինչև ամուսնու մահը[8][11]։
Որդին - Բորիսը (ծն. 1954)[5], մանկուց հաշմանդամ է (1-ին խումբ)[8][11][37]։
Իրինա Ալեքսանդրովնա Անտոնովան հավատարիմ է եղել ձախ քաղաքական հայացքներին և եղել է սոցիալիզմի գաղափարների ջատագով։ Նա կարծել է, որ դա միակ ճիշտ համակարգն է, որը, «ցավոք, գործնականում իրեն չի արդարացրել»։ Ժամանակակից ռուսական հասարակությունում նրան դուր չի եկել «օլիգարխիկ տարրը» և առհասարակ հարուստ մարդիկ։ Համակրել է Վլադիմիր Պուտինին, բայց դատապարտել Pussy Riot-ի ազատազրկման դատավճիռը։ Նա իրեն համարել է ոչ կրոնական անձնավորություն։ Սիրել է Բորիս Պաստեռնակի պոեզիան։ Նա համոզված էր, որ այդքան երկար է ապրել, քանի որ բացարձակապես չէր մտածում մահվան մասին, կյանքում նա միշտ անկեղծ էր և «երբեք գրպանը լայն չէր բացում»[6]։
2014 թվականին ստորագրել է Ռուսաստանի Դաշնության մշակույթի գործիչների Կոլեկտիվ դիմումը՝ ի պաշտպանություն Ուկրաինայի և Ղրիմի տարածքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականության[42]։
ԽՍՀՄ մանկավարժական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ (1989)։
«Ռուսաստանի հումանիտար գիտությունների պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում» (1996)՝ XX դարի երկրորդ կեսի ռուսական և համաշխարհային մշակույթի, գիտության և արվեստի զարգացման բնագավառում ունեցած մեծ վաստակի համար, համաձայն Հումանիտար գիտությունների Ռուսաստանի պետական համալսարանի կանոնադրության[43]։
Ռուսաստանի արվեստի ակադեմիայի իսկական անդամ (2001, թղթակից անդամ՝ 1997):
Մադրիդի Սան Ֆերնանդոյի ակադեմիայի թղթակից անդամ (Իսպանիա)։
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան (2007, դեկտեմբերի 6)։ Թանգարանների զարգացմանը, ներքին և համաշխարհային մշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակման գործում նշանակալի ավանդի համար[44],
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան (20 մարտի, 2002) - ռուսական մշակույթի զարգացման գործում նշանակալի ավանդի համար[45],
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» III աստիճանի շքանշան (17 մարտի, 1997) - Պետությանը մատուցած ծառայությունների և Ռուսաստանի ազգային մշակութային ժառանգության պահպանման գործում անձնական մեծ ներդրման համար[46],
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան (28.02.2012) - ազգային մշակույթի զարգացման գործում մեծ ներդրման և երկար տարիների հասարակական գործունեության համար[47],
«Բարեգործության համար» պարգևի շքանշան (20 մարտի, 2017)-ազգային մշակույթի զարգացման գործում ներդրման, հասարակության բարոյականության և հանդուրժողականության մակարդակի բարձրացմանն ուղղված ակտիվ հասարակական գործունեության, երկար տարիների բեղմնավոր աշխատանքի համար[48],
Ժողովուրդների բարեկամության շքանշան (1980 թվականի նոյեմբերի 14)՝ 22-րդ օլիմպիական խաղերի նախապատրաստման և անցկացման ընթացքում կատարած աշխատանքների համար[49],
«ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ» պատվավոր կոչում (1979 թվականի հունիսի 21)՝ խորհրդային կերպարվեստի բնագավառում ծառայությունների համար[50],
Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակ 2017 թվականին մարդասիրական գործունեության ոլորտում ակնառու ձեռքբերումների համար (2018 թվականի հունիսի 8)[51][52],
1995 թվականի գրականության և արվեստի բնագավառում Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակ (կրթական գործունեության ոլորտում) (1996 թվականի մայիսի 27)՝ Պուշկինի անվան գեղարվեստի պետական թանգարանում «Դեկտեմբերյան գիշերներ» միջազգային երաժշտական փառատոնի անցկացման համար (1981-1995)[53],
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ (Ֆրանսիա),
Արվեստի և գրականության շքանշանի ասպետ (Ֆրանսիա),
Իտալիայի Հանրապետության հանդեպ վաստակի համար շքանշանի ասպետ (7 դեկտեմբերի, 2000)[54],
Մոսկվայի կառավարության պատվոգիր (2002 թվականի մարտի 19)՝ ազգային մշակույթի զարգացման և հոբելյանական միջոցառումների անցկացման գոծում նշանակալի ծառայությունների համար[55],
Բիզնեսի և ձեռներեցության Ռուսական ակադեմիայի Կանանց նվաճումների հանրային ճանաչման «Օլիմպիա» ազգային մրցանակի 2001 թվականի դափնեկիր[57],
Լև Նիկոլաևի անվան ոսկե մեդալ (2011)՝ կրթության բնագավառում նշանակալի ավանդի, գիտության և մշակույթի նվաճումների մասսայականացման համար,
Վլադիմիր Վիսոցկու 2013 թվականի «Своя колея» մրցանակի դափնեկիր,
Սուրբ մեծ նահատակ Անաստասիայի կայսերական շքանշան (12 հուլիսի 2013, Ռուսաստանի կայսերական տուն), հայրենիքին մատուցած ծառայությունների և բարեգործության համար[58],
Ֆինանսիստների համառուսաստանյան «Репутация» մրցանակաբաշխության դափնեկիր «Ռուսական մշակույթի պահպանմանն ու զարգացման բնագավառում զգալի ավանդի համար» հատուկ անվանակարգում (2012)[59],
Իրինա Անտոնովան հանդիսանում է «Մշակույթ» հեռուստաալիքի «Հինգերորդ չափում» համաշխարհային մշակույթի պատմության մասին հեռուստածրագրերի շարքի հեղինակ և վարող[60]։
Լեոնիդ Պարֆյոնովի «Աստծո աչքը» վավերագրական ֆիլմում նա պատմում է այն իրադարձությունների մասին, որոնց մասնակցել է ինքը (պրեմիերան կայացել է 2012 թվականի մայիսի 31-ին Առաջին ալիքով)։ Ֆիլմը նվիրված էր Մոսկվայի Ալեքսանդր Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանի 100-ամյա պատմությանը։ Ֆիլմի խաղային դրվագներում երիտասարդ տարիների Անտոնովային մարմնավորել է դերասանուհի Մարինա Զուդինան։
Մասնակցել է «Զվեզդա» հեռուստաալիքի «Հիշողության ճանապարհ» հեռուստանախագծի հաղորդումներից մեկին (հաղորդումը կայացել է 2019 թվականի հոկտեմբերի, 25-ին), որը նվիրված է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին (1941-1945)[13]։
↑Пресс-служба ГМИИ имени А. С. Пушкина. Ирина Александровна Антонова. Официальный сайт Государственного музея изобразительных искусств имени А. С. Пушкина // pushkinmuseum.art (1 декабря 2020 года)