Իրինոտեկան | |
---|---|
Քիմիական բանաձև | C₃₃H₃₈N₄O₆ |
Մոլային զանգված | 9,7E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Դասակարգում | |
CAS համար | 97682-44-5 |
PubChem | 60838 |
EINECS համար | 691-567-9 |
SMILES | CCC1=C2C=C(C=CC2=NC3=C1CN4C3=CC5=C(C4=O)COC(=O)C5(CC)O)OC(=O)N6CCC(CC6)N7CCCCC7 |
ЕС | 691-567-9 |
ChEBI | 54825 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Իրինոտեկան, վաճառքային անվանումը Կամպտոսար, դեղամիջոց, որը կիրառվում է հաստ աղու քաղցկեղի և թոքի մանր բջջային քաղցկեղի բուժման մեջ[2]։ Հաստ աղու քաղցկեղի բուժման մեջ կիրառվում է միայնակ կամ ֆտորուրացիլի հետ[2]։ Թոքի մանր բջջային քաղցկեղի բուժման մեջ կիրառվում է ցիսպլատինի հետ[2]։ Այն կիրառվում է դանդաղ ներերակային ներարկման ձևով[2]։
Հաճախ հանդիպող կողմնակի երևույթներից են լուծը, փսխումը, ոսկրածուծի ընկճումը, մազաթափությունը, շնչառության դժվարացումը և տենդը[2]։ Այլ ծանր կողմնակի երևույթներից են թրոմբերի առաջացումը, հաստ աղու բորբոքումը և ալերգիկ ռեակցիաները[2]։ UGT1A1*28 գենի տվյալ ալելով հոմոզիգոտ անձինք ունենք կողմնակի երևույթների ավելի բարձր ռիսկ[2]։ Հղիության ընթացքում դեղի կիրառումը կարող է վնասել պտղին[2]։ Իրինոտեկանը տոպոիզոմերազայի ինհիբիտորների ընտանիքի դեղամիջոց է[3]։ Այն ընկճում է տոպոիզոմերազա 1-ը, որը բերում է ԴՆԹ-ի վնասման և բջջի մահվան[2]։
Իրինոտեկանը 1996թ-ին ԱՄՆ-ում հաստատվել է բժշկական կիրառման համար[2]։ Այն ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղերի ցանկում, որտեղ ներառված են առողջապահության համակարգի ամենաարդյունավետ և անվտանգ դեղերը[4]։ Միացյալ թագավորությունում այն հասանելի է, որպես ջեներիկ դեղամիջոց և NHS-ի համար արժե 114 ֆունտ 100 մգ-ի համար[3]։ Այն անջատվում է կամպտոտեցին կոչվող բնական նյութից, որը հայտնաբերվում է չինական դեկորատիվ բույս Կամպտոտեկա ակումինատայում[2][5]։
Հիմնականում կիրառվում է հաստ աղու քաղցկեղի բուժման համար, առավել հաճախ այլ քիմիաթերապևտիկ միջոցների հետ համակցված։ Դրանցից է FOLFIRI սխեման, որը ներառում է ներերակային 5-ֆտորուրացիլ, լեյկովորին և իրինոտեկան։ XELIRI սխեման ներառում է կապեցիտաբին և իրինոտեկան[6][7]։
Այն կարող է կիրառվել նաև ֆտորուրացիլի և ֆոլինաթթվի հետ միասին ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի սկզբնական բուժման ձախողման դեպքում[8]։
Իրինոտեկանի ամենահաճախ հանդիպող կողմնակի երևույթներից են ծանր լուծը և իմունային համակարգի ծայրահեղ ընկճումը[9]։
Իրինոտեկան-ասոցացված լուծը կլինիկորեն ծանր է արտահայտվում, երբեմն բերելով ծանր ջրազրկման, որը պահանջում է հոսպիտալացում կամ ինտենսիվ թերապիայում բուժում։ Վերջինիս դեմ պայքարում են ագրեսիվ հակալուծային միջոցներով, ինչպիսիք են լոպերամիդը կամ կո-ֆենոտրոպ լուծի առաջին իսկ նշանների դեպքում։
Իրինոտեկանը բացասական է ազդում իմուն համակարգի վրա։ Այն արտահայտվում է լեյկոցիտների արտահայտված նվազումով՝ հատկապես նեյտրոֆիլների հաշվին։ Հիվանդի մոտ կարող է դիտվել նեյտրոպենիայի շրջան (կլինիկորեն նշանակալի նեյտրոֆիլների նվազում արյան մեջ), ինչին ի պատասխան ոսկրածուծը ուժեղացնում է լեյկոցիտների արտադրությունը։
Կամպտոտեցինը, որը բուսական ծագման հակաքաղցկեղային նյութերի կառուցվածքային դասակարգման 4 տեսակներից մեկն է, ցիտոտոքսիկ ալկալոիդ է, որը կազմված է պիրոլային (3,4 β) խինոլինի խումբ պարունակող պենտացիկլիկ օղից՝ S կոնֆիգուրացիայով լակտոնի և կարբօքսիլատի ձևով[10]։ Իրինոտեկանը հիդրոլիզի հետևանքով վերածվում է ակտիվ ձև SN-38-ի, որը տոպոիզոմերազա I-ի ինհիբիտոր է։ Այնուհետև այն ինակտիվանում է գլուկուրոնիդացման ճանապարհով շնորհիվ ուրիդին դիֆոսֆատ գլուկուրոնոսիլտրանսֆերազ 1A1-ով (UGT1A1)։ Ակտիվ մետաբոլիտ SN-38-ով տոպոիզոմերազ I-ի ընկճումը բերում է ԴՆԹ-ի կրկնապատկման և տրանսկրիպցիայի ընկճման[9]։
Իրինոտեկանի մոլեկուլային ազդեցությունը կայանում է տոպոիզոմերազ 1-ԴՆԹ կտրող կոմպլեքսի (գուանին +1 պարունակող հատված) կապումով[11]։ Իրինոտեկանի մոլեկուլը մտնում է տոպոիզոմերազա 1-ԴՆԹ կտրման հատվածի նուկլեոտիդների արանքում և ընկճում (ինակտիվացնում) է տոպոիզոմերազ 1-ին[11]։
Իրինոտեկանը հատուկ ֆերմենտով վերածվում է ակտիվ մետաբոլիտ SN-38-ի, որն այնուհետև ինակտիվանում է UGT1A-ով գլյուկուրոնիդացման ճանապարհով։
UGT1A1 ֆերմենտի տարբերակներից մեկի TA7 դեպքում, որը կոչվում է նաև *28-րդ տարբերակ, հիվանդների մոտ ֆերմենտն էքսպրեսիայի է ենթարկվում ավելի քիչ և հաճախ ունենում են Ժիլբերտի համախտանիշ։ Քիմիաթերապիայի ժամանակ նրանք ենթարկվում են իրինոտեկանի ավելի մեծ դոզաների ազդեցությանը, քանի որ օրգանիզմը չի հասցնում համապատասխան կերպով ինակտիվացնել իրինոտեկանը։ Հետազոտություններում այս փաստն արտահայտվում է ծանր նեյտրոպենիայի և լուծի ավելի մեծ հաճախականությամբ[12]։
2004թ-ին կլինիկական հետազոտությունում հաստատվեց, որ *28-րդ տարբերակն ունի ավելի մեծ տոքսիկություն և մինչև քիմիաթերապիան գենետիկական թեստավորմամբ հնարավոր է կանխագուշակել դեղի տոքսիկությունը[12]։
2005թ-ին FDA-ը փոփոխություններ մտցրեց իրինոտեկանի ֆարմակոգենոմիկայի ուղեցույցներում, որտեղ նշվում էր, որ UGT1A1 գենի հոմոզիգոտ պոլիմորֆիզմով, ավելի կոնկրետ *28-րդ տարբերակով անձանց դեպքում պետք է կիրառվեն իրինոտեկանի ավելի ցածր դեղաչափեր[13]։ Իրինոտեկանը առաջին քիմիաթերապևտիկ դեղերից է, որը դոզավորումը կատարվում է ռեցիպիենտի գենոտիպից ելնելով[14]։
Իրինոտեկանը FDA-ի կողմից արագացված հաստատման է ենթարկվել 1996թ-ին, իսկ վերջնական հաստատումը կատարվել է 1998թ-ին[15][16]։
Դեղի հայտնագործման ընթացքում անվանվել է CPT-11։
Իրինոտեկանի լիպոսոմային ձևը վաճառվում է Օնիվիդ անվանումով, որն արտադրում է Merrimack Pharmaceuticals-ը, և 2015թ-ի հոկտեմբերին FDA-ի կողմից հաստատվել է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բուժման համար[17]։ 2016թ-ի հոկտեմբերին Shire Plc-ի (այժմ Տակեդա) միջոցով հաստատվել է ԵՄ կողմից[18]։
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)