Իֆոսֆամիդ | |
---|---|
Քիմիական բանաձև | C₇H₁₅Cl₂N₂O₂P |
Մոլային զանգված | 4,3E−25 կիլոգրամ գ/մոլ |
Քիմիական հատկություններ | |
Դասակարգում | |
CAS համար | 3778-73-2 |
PubChem | 3690 |
EINECS համար | 223-237-3 |
SMILES | C1CN(P(=O)(OC1)NCCCl)CCCl |
ЕС | 223-237-3 |
ChEBI | 3562 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Իֆոսֆամիդ (ԻՖՕ), վաճառքային անվանումը Իֆեքս, քիմիոթերապևտիկ դեղ, որն օգտագործվում է տարբեր տեսակի քաղցկեղների բուժման մեջ[1]։ Դրանցից են՝ ամորձու քաղցկեղը, փափուկ հյուսվածքային սարկոման, օստեոսարկոման, միզապարկի քաղցկեղը, թոքի մանր բջջային քաղցկեղը, արգանդի վզիկի քաղցկեղը և ձվարանի քաղցկեղը[1]։ Կիրառվում է ներերակային ներարկման ձևով[1]։
Հաճախ հանդիպող կողմնակի երևույթներից են` մազաթափությունը, փսխումը, մեզում արյան առկայությունը, վարակները և երիկամային խնդիրները[1]։ Այլ ավելի ծանր կողմնակի երևույթներից են՝ ոսկրածուծի ընկճումը և գիտակցության խանգարումները[1]։ Հղիության ընթացքում կիրառումը հավանաբար կվնասի պտղին[1]։ Իֆոսֆամիդը պատկանում է ալկիլացնող միջոցների և ազոտային իպրիտի ածանցյալների խմբին[1][2]։ Այն ազդում է խանգարելով ԴՆԹ-ի կրկնապատկումը և ՌՆԹ-ի սինթեզը[1]։
Իֆոսֆամիդը բժշկական կիրառման համար ԱՄՆ-ում հաստատվել է 1987 թ․-ին[1]։ Այն ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության անփոխարինելի դեղերի ցանկում, որտեղ ներառված են առողջապահական համակարգի ամենաարդյունավետ և ամենաանվտանգ դեղերը[3]։ Զարգացող երկրներում դեղի արժեքը կազմում է 7․35-70․70 ԱՄՆ $ յուրաքանչյուր 2գ-ի համար[4]։ Միացյալ թագավորությունում դեղի այդ NHS-ի համար արժե 130․04 ֆունտ[5]։
Այն կիրառվում է քաղցկեղների տարբեր տեսակների բուժման համար․
Այն սպիտակ փոշի է, որը, քիմիոթերապիայի համար օգտագործման ժամանակ վերածվում է մաքուր, անգույն հեղուկի։ Կիրառվում է ներերակային ներարկման ձևով։
Իֆոսֆամիդը հաճախ կիրառվում է մեսնայի հետ միասին, հեմոռագիկ ցիստիտով որոշ հիվանդների մոտ դիտվող ներքին արյունահոսությունից խուսափելու համար։
Իֆոսֆամիդը տրվում է արագ, երբեմն՝ մի ժամվա ընթացքում։
Հեմոռագիկ ցիստիտը հազվադեպ է առաջանում, երբ իֆոսֆամիդը կիրառվում է մեսնայի հետ։ Հաճախ հանդիպող, դեղաչափ սահմանափակող կողմնակի երևույթ է էնցեֆալոպաթիան (ուղեղի դիսֆունկցիա)[6]։ Այս երևույթը դիտվում է դեղամիջոցը ստացած հիվանդների մինչև 50%-ի մոտ։ Այս երևույթը հավանաբար միջնորդված է քլորացետալդեհիդով՝ իֆոսֆամիդի քայքայման արգասիքներից մեկով, որն ունի նմանատիպ քիմիական հատկություններ, ինչ ացետալդեհիդն ու քլորալ հիդրատը։ Իֆոսֆամիդային էնցեֆալոպաթիայի ախտանշանները կարող են լինել թեթև (կենտրոնացման դժվարացում, հոգնածություն), միջին (դելիրիում, փսիխոզ) և ծանր (ոչ ցնցումային էպիլեպտիկ ստատուս կամ կոմա)։ Երեխաների մոտ, այս ախտանշանները կարող են խանգարել երեխայի նորմալ նյարդաբանական զարգացումը։ Գլխուղեղից բացի, իֆոսֆամիդը ախտահարում է նաև ծայրամասային նյարդերը։ Ծանրության աստիճանը գնահատվում է կամ Քաղցկեղի ազգային ինստիտուտի, կամ Մինվելլի չափանիշներով (I-IV աստիճան)։ Նախկինում գլխուղեղի հետ ունեցած խնդիրները և արյան մեջ ալբումինի ցածր քանակը մեծացնում է իֆոսֆամիդային էնցեֆալոպաթիայի զարգացման հավանականությունը։ Դեպքերի մեծ մասում այս վիճակն անցնում է 72 ժամվա ընթացքում։ Եթե դեղի ներմուծման դեպքում այս վիճակն առաջանում է, խորհուրդ է տրվում դադարեցնել դեղի օգտագործումը։ Ծանր (III-IV աստիճանի) էնցեֆալոպաթիայի ամենաարդյունավետ բուժումը մեթիլեն կապույտի ներերակային ներարկումն է, որը կրճատում է էնցեֆալոպաթիայի տևողությունը․ մեթիլեն կապույտի ազդեցության հստակ մեխանիզմն անհայտ է։ Որոշ դեպքերում մեթիլեն կապույտը կարող է կիրառվել, որպես կանխարգելիչ միջոց նախքան իֆոսֆամիդի ներարկումը։ Այլ բուժումներից են ալբումինի, թիամինի ներարկումները և դիալիզի անցկացումը հիվանդի փրկման համար[6]։
Իֆոսֆամիդը կարող է առաջացնել նաև նորմալ անիոնային պակասորդով ացիդոզ, մասնավորապես՝ երիկամային խողովակային ացիդոզ տիպ 2[7]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իֆոսֆամիդ» հոդվածին։ |
|