«Լադանիվա» (ֆր.՝ Ladaniva), Ֆրանսիայում հիմնադրված հայկական խումբ։ 2019 թվականին հիմնադրված դուետի կազմում են երգչուհի Ժակլին Բաղդասարյանը և Լուի Թոմասը։ Նրանց երաժշտական ոճը ոգեշնչված է աշխարհի տարբեր երկրների երաժշտությամբ, մասնավորապես՝ ավանդական բալկանյան երաժշտությամբ, մալոյայով և հայկական ֆոլկլորով։ Խմբի հիմնադիրներ Ժակլինի և Լուիի հայրերը ժամանակին «Լադա Նիվա» են ունեցել, ինչի արդյունքում որոշել են խումբը անվանել Լադանիվա։ Խումբը «Jako» երգով ներկայացրել է ՀայաստանըՇվեդիայում տեղի ունեցած Եվրատեսիլ 2024 երգի մրցույթում, որտեղ զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը[1]։
Լադանիվան հիմնադրվել է 2019 թվականին Լիլում՝ երգչուհի Ժակլին Բաղդասարյանի և բազմագործիքավորող Լուի Թոմասի համագործակցության արդյունքում[2]։ Բաղդասարյանը ծնվել է 1997 թվականին Եղեգնաձորում, մեծացել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում՝ նախքան 2014 թվականին մոր հետ Ֆրանսիա արտագաղթելը։ Թոմասը ծնվել է 1987 թվականին Լիլում՝ երաժիշտների ընտանիքում[3]։
2020 թվականի մարտին և ապրիլին՝ COVID-19 համավարակի ժամանակ Լադանիվան հրապարակել է երկու տեսանյութ՝ «Vay Aman» և «Zepyuri nman», որոնք մեծ հաջողություն են ունեցել, մասնավորապես՝ հայ համայնքի մոտ։ Այնուհետև հրապարակել են «Kef chilini» տեսահոլովակը, որի դիտումների քանակը մի քանի ամսում հասել է 18 միլիոնի[4]։ 2023 թվականին Լադանիվան թողարկել է իր առաջին ալբոմը[5]։
Լադանիվայի երգացանկը մի կողմից ոգեշնչված է Հայաստանի, Ռուսաստանի և Բալկանների ավանդական երգերով, իսկ մյուս կողմից՝ Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի և Ռեյունիոն կղզու երաժշտությամբ[6]։