Լաստենիա Լառիվա | |
---|---|
Ծննդյան անուն | իսպ.՝ Lastenia Micaela Larriva y Negrón |
Ծնվել է | մայիսի 6, 1848 |
Ծննդավայր | Լիմա, Պերու |
Վախճանվել է | սեպտեմբերի 24, 1924 (76 տարեկան) |
Վախճանի վայր | Լիմա, Պերու |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծուհի, լրագրող և վիպասան |
Լեզու | իսպաներեն |
Քաղաքացիություն | Պերու |
Կրթություն | Colegio Sagrados Corazones Belén? |
Ամուսին | Նումու Լյոնա |
Լաստենիա Լառիվա Դե Լյոնա (իսպ.՝ Lastenia Larriva de Llona, մայիսի 6, 1848, Լիմա, Պերու - սեպտեմբերի 24, 1924, Լիմա, Պերու), պերուացի բանաստեղծուհի, գրող, լրագրող, հրատարակիչ, ֆեմինիստուհի։
Լաստենիա Լառիվան ծնվել է բանաստեղծ և գրող Ժոզե դե Լառիվայի մեծահարուստ ընտանիքում։ Ավարտել է եկեղեցական դպրոցը։ 1872 թվականին առաջին անգամ ամուսնացել է և այդ ամուսնությունից ունեցել երեք դուստր և մեկ որդի։ 1881 թվականին՝ Խաղաղօվկիանոսյան պատերազմի ժամանակ, նրա ամուսինը մահացել է Լիմա ներխուժող չիլիական ուժերից պաշտպանության ընթացքում։ Լաստենիան երաժշտություն է դասավանդել Լիմայի հարուստ ընտանիքներում։ Այնուհետև նա հանդիպել է էկվադորացի բանաստեղծ Նումու Պոմպիլիոն Լյոնային, որի հետ էլ ամուսնացել է 1882 թվականին։ Իր ամուսնու մասնագիտական պարտականությունների շնորհիվ Լաստենիան և իր երեխաները շատ են ճանապարհորդել նրա հետ, ապրել են Գուայակիլում, Էկվադորի ափին, այնուհետև Բոգոտայում (Կոլումբիա), որտեղ Լյոնան եղել է Էկվադորի դեսպանը։ 1887 թվականին ընտանիքը վերադարձել է Լիմա։ Նույն թվականին նա դարձել է հեղինակավոր գրական ակումբի անդամ[1]։
Ակտիվորեն մասնակցել է «La Nación» թերթի ստեղծմանը, հիմնել է «El Tesoro del Hogar» գրական թերթը։ 1910-1911 թվականներին հրատարակել է «Arequipa Ilustrada» երկշաբաթյա գրական թերթը։ Կյանքի վերջին տարիներին նա կորցրել էր տեսողությունը և տառապում էր բազմաթիվ հիվանդություններով։
Լաստենիան մի շարք վեպերի, պատմվածքների, էսսեների, պոեզիայի ժողովածուների հեղինակ է, որոնցից մի քանիսը թարգմանվել են այլ լեզուներով։ Ժամանակակից գրողների մասին նրա կենսագրական և քննադատական մի շարք հոդվածներ հրատարակվել են «Excelent Figures» խորագրի ներքո։ 1889 թվականին Լաստենիան հրատարակեց բանաստեղծությունների գիրք՝ «La Ciencia y la Fe»: 1888 և 1890 թվականները հատկապես բեղմնավոր էին նրա գրական ստեղծագործության բնագավառում։ Այս ժամանակահատվածում նա Գայայակիլում հրատարակել է «Un drama singular o historia de una familia» և «Pro Patria» վիպակները։ Նրա աշխատանքները հրատարակվել են Իսպանիայի, Արգենտինայի, Վենեսուելայի, Պերուի, Էկվադորի և Կոլումբիայի տարբեր թերթերում և ամսագրերում։
|