Լարիսա Մարոլտ | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 10, 1992[1][2] (32 տարեկան) |
Ծննդավայր | Կլագենֆուրտ, Ավստրիա |
Քաղաքացիություն | Ավստրիա |
Մասնագիտություն | դերասանուհի և մոդել |
Ժանրեր | հեռուստանովել |
Ծնողներ | հայր՝ Heinz Anton Marolt? |
Պարգևներ և մրցանակներ | |
Լարիսա-Անտոնիա Մարոլտ (գերմաներեն՝ Larissa-Antonia Marolt. հուլիսի 10, 1992[1][2], Կլագենֆուրտ, Ավստրիա[3] ), ավստրիացի մոդել և դերասանուհի։ Նա Ավստրիայի Next Topmodel- ի առաջին փուլի հաղթողն է[4]։ Այդ հաղթանակից հետո մասնակցել է նաև Գերմանիայի Next Top Model- ի չորրորդ եթերաշրջանին, զբաղեցրել ութերորդ տեղը[5]։
Լարիսան մեծացել, հասակ է առել Կարինթիայի Սենթ Կանզյան քաղաքում, որտեղ նրա հայրը՝ Ավստրիական Ազատության կուսակցության նախկին անդամ և թոշակի անցած տեղական քաղաքական գործիչ Հայնց Անտոն Մարոլտը, հյուրանոցի սեփականատեր է։ Լարիսան ունի երկու եղբայր և մեկ ավագ քույր։ Մարոլտը հաճախել է գիմնազիա և անցել իր A-Levels-ը 2010 թվականին։
14 տարեկանից նա ակտիվորեն գործել է Կլագենֆուրտի քաղաքային թատրոնի երիտասարդական թատերական ակումբում, որտեղ էլ նրան բացահայտել են որպես մոդելի[6]։
16 տարեկանում Մարոլտը լսումներ անցավ Ավստրիայի հաջորդ թոփ մոդել մրցույթի համար, որտեղ ինը այլ աղջիկների հետ ընտրվեց որպես հեռուստաշոուի մասնակցության թեկնածու։ Վերջին դրվագում նա հռչակվեց «Austria's Next Topmodel» տիտղոսի հաղթող։ Մրցանակը ներառում էր պայմանագիր Wiener Models մոդելային գործակալության հետ, լուսանկարի տպագրում ավստրիական Miss ամսագրի 2008 թվականի փետրվարյան համարի շապիկին, պայմանագիր՝ որպես Swarovski Crystallized--ի հաջորդ գովազդային արշավի դեմք հանդես գալու համար և մասնակցություն Հայդի Կլումի վարած Germany's Next Topmodel մրցութային շոուին։ Այդպիսով՝ Մարոլտը խորվաթուհի Անդրեա Աքմազդիչից հետո դարձավ երկրորդ աղջիկն ամբողջ աշխարհում, ով հնարավորություն ստացավ մասնակցելու երկու տարբեր Top Model շոուների։
Չնայած նախորդած հաղթանակներին և հանդիսատեսի համակրանքին՝ Մարոլտին չհաջողվեց շահել իր մրցակցուհիների համակրանքը, ինչի արդյունքում էլ խմբից մեկուսացվեց[7]։ Նորաձևության երկու ցուցադրությունների մասնակցելուց հետո նա 2009 թվականին հանդես եկավ Amber Fashion Show-ում[8] և Vienna Life Ball-ում։ Բացի այդ, Նրա լուսանկարները հայտնվեցին մի քանի ավստրիական ամսագրերի, այդ թվում՝ Madonna-ի և Live-ի շապիկներին։
2010 թվականին Լարիսան մեկնեց Նյու Յորք, սովորեց Լի Ստրասբերգի ինստիտուտում։ Ավարտելուց հետո եկավ Բեռլին, որտեղ խաղաց Մաքսի Քենիգի դերը գերմանական Anna und die Liebe սերիալում։ Նա դերակատարումով հանդես եկավ նաև Դանի Լովինսկի հեռուստասերիալում։
Կինոյում Մարոլտի նորամուտը տեղի է ունեցել ավստրիական « Rise Up» ֆիլմում։ Նա այնուհետև հանդես է եկել Բարբարա Գրաֆթների նկարահանած And Dance-ում, որի պրեմիերան կայացել է 2014 թվականի մարտի 11-ին Վիեննայի Հազարամյակի քաղաքի UCI կինոթատրոնում[9]։ Մարոլտը, որպես գլխավոր դերակատարուհի, խաղում է նաև 2013 թվականի ավստրիական «Hoppped Up - Friedliche Droge» սարսափ ֆիլմում, որի ռեժիսորն է Մայքլ Ֆիշան[10]։ Ֆիլմը Ավստրիայի և Գերմանիայի կինոթատրոններում էկրան է բարձրացել 2014 թվականի սկզբին[11]։
2014 թվականին Լարիսան մասնակցել է I'm a Celebrity...Get Me Out of Here! շոուի գերմանական տարբերակին և զբաղեցրել 2-րդ տեղը։ Ընդ որում՝ նա ընտրվեց Գերմանիայի, Ավստրիայի և Շվեյցարիայի հեռուստադիտողների կողմից ութ փորձարկումների համար անընդմեջ՝ սահմանելով նոր համաշխարհային ռեկորդ, քանի որ ոչ մի այլ հայտնի մարդ միջազգային շոուներից որևէ մեկում այդքան հաճախ անընդմեջ չէր ընտրվել[12][13]։
2014 թվականի փետրվարի 8-ին Մարոլտը իր ծննդավայրում՝ Կլագենֆուրտում, արժանացավ ընդունելության և քաղաքապետ Քրիստիան Շայդերից ստացավ «Հատուկ Լինդվուրմ» մրցանակը[14][15], որը նախկինում միայն մեկ անգամ էր շնորհվել. 2004 թվականին հանձնվել էր գերմանացի արտիստ Թոմաս Գոտշալկին[16]։
2014 թվականի մարտի 28-ից մայիսի 16-ը Մարոլտը մասնակցեց «Let's Dance» գերմանական հեռուստաշոուի յոթերորդ եթերաշրջանին և իր պարընկեր Մասիմո Սինատոյի հետ զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը[17]։
2014 թվականի ապրիլի 26-ին Վիեննայի Հոֆբուրգում կայացած Romy TV մրցանակաբաշխության 25-րդ արարողության ժամանակ Մարոլտին հանձնվեց Romy մրցանակը[18][19]։
2014 թվականի հունիսի 17-ին Վիեննայում Առաջատար կանայք մրցանակաբաշխության ժամանակ Մարոլտն ստացավ «New-Face-Award» մրցանակը։ Մրցանակները ութ անվանակարգերում սահմանել է ավստրիական Madonna ամենշաբաթյա հանդեսը[20]։ Մարոլտից բացի՝ մրցանակների արժանացան Քրիստինա Շտյուրմերը, Աննա Ֆենինգերը, Ուրսուլա Կարվենը և Սառա Նուրուն[21]։
2014 թվականի օգոստոսին Լարիսան օգնեց մեծացնելու իրազեկվածությունը ALS հիվանդության մասին՝ մասնակցելով Ice Bucket Challenge-ին[22]։
RTL հեռուստատեսության ղեկավար Ֆրենկ Հոֆմանը 2014 թվականի հուլիսի 17-ին հայտարարեց, որ սկսվել են վավերագրական դրամայի նկարահանումները, որոնք նվիրված են Մարոլտի կյանքին[23]։ «Լարիսան գնում է Հոլիվուդ» վավերագրական ֆիլմը 2015 թվականի ապրիլի 25-ից սկսել է ցուցադրվել Գերմանիայում[24]։
2016 թվականի հունվարին Մարոլտը դերասան Թոմաս Հելդի հետ կիսեց առաջին տեղը գերմանական VOX հեռուստաալիքի Promi Shopping Queen ոճային մրցույթում։ Նա իր քրոջ՝ Լիզա-Մարիի հետ[25] գնումներ էր կատարում Կլագենֆուրտում և մրցանակային գումարը նվիրաբերեց Kärntner Kinderkrebshilfe-ին[26][27]։
Մարոլտը 2011-ից 2016 թվականներին հանդիպում էր կինոռեժիսոր Ուիթնի Սադլեր-Սմիթի հետ[28][29][30]։
2015 թվականին Մարոլտը հոր հետ միասին գնել է Seehotel Klopein հյուրանոցը Կլոպայն լճի ափին, որը գտնվում է ավստրիական Կարինթիա երկրամասի Սանկտ Կանզյան համայնքում[31][32]։ Ինը շենքից բաղկացած երեք աստղանի հյուրանոցը, որ UniCredit Bank Austria AG-ն վաճառել է Marolt Hotel GmbH-ին, գտնվում է նրա ծնողներին պատկանող հյուրանոցից ընդամենը մեկ կիլոմետր հեռավորության վրա[33]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լարիսա Մարոլտ» հոդվածին։ |
|