Կինեմատոգրաֆիայի լեհական դպրոց կամ՝ լեհական կինոդպրոց (լեհ.՝ Polska Szskola Filmowa) - Լեհաստանի կինոռեժիսորների ու սցենարիստների հասարակական-գեղարվեստական ոչ ֆորմալ միավորում, որը գործել է մոտավորապես 1950-ական թվականների կեսերից մինչև 1960-ական թվականների կեսերը։
Լեհական կինոգործիչների դպրոցը ներկայացնող արվեստագետները գտնվել են իտալացի նեոռեալիստների (նոր իրապաշտների) նկատելի ազդեցության տակ։ Միավորման ստեղծման և լայնաթափ գործունեության ազդակ հանդիսացավ սոցիալիստական ճամբարի մաս կազմող երկրներում 1950-ական թվականների կեսերին տիրապետող դարձած հայացքների ազատականացումը, որն սկիզբ էր առել ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինի մահից և Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության քսաներորդ համագումարում նրա անձի պաշտամունքի սուր քննադատությունից հետո։
Լեհ կինեմատոգրաֆիստների ստեղծագործությունների գլխավոր թեմաները դարձան Երկրորդ համաշխարհային պատերազմում Լեհաստանի դերի վերլուծությունը, գերմանական օկուպացիայի տարիների լեհական պատմության բարդությունների ցուցադրումը, «Կռայովա արմիա»-ի («Հայրենի բանակի») ռազմիկների ճակատագիրը, նրանց դերը ինչպես պատերազմական, այնպես էլ ետպատերազմյան Լեհաստանում, լեհերի ազգային մեծ ողբերգությունը, գերմանացի ֆաշիստների ստեղծած համակենտրոնացման դաժան ճամբարները, Վարշավայի նշանավոր ապստամբությունը։
Տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները հնարավորություն տվեցին, որ միավորման անդամները ավելի բաց ներկայացնեն Լեհաստանի վերջին շրջանի պատմության առավել ցավոտ, սուր հարցերը։ Սակայն այն էլ պետք է ասել, որ գրաքննությունը դեռևս շատ ուժեղ էր, հատկապես ետպատերազմյան և ժամանակակից դեպքերի ու իրադարձությունների լուսաբանման նկատմամբ։ Հենց դրանում էր լեհական և իտալական կինեմատոգրաֆիական նեոռեալիստական դպրոցների միջև հիմնական տարբերությունը։ Այդուհանդերձ, լեհ կինոգործիչներին հաջողվեց Արևելյան Եվրոպայում առաջինը վառ կերպով ներկայացնել ազգային առանձնահատկությունները՝ հակադրվելով պաշտոնապես պարտադրվող սոցիալիստական ռեալիզմի ստանդարտ պահանջներին։ Միավորման մեջ ընդգրկված կինոգործիչները առանձնահատուկ ուշադրություն էին նվիրում անհատի դերի բացահայտմանը՝ ի հակադրություն կոլեկտիվիզմի։ Արվեստագիտական այս շարժման մեջ գոյություն ունեին երկու ուղղություններ. երիտասարդ կինոռեժիսորները՝ Անջեյ Վայդայի[1] գլխավորությամբ իրենց գլխավոր խնդիրն էին համարում հերոսականության մեկնաբանությունն ու ցուցադրումը[2][3], մինչդեռ մյուս խումբը, որի առավել ակնառու ներկայացուցիչը Անջեյ Մունկն էր[4], վերլուծում, ներկայացնում էր լեհական բնավորության գծերը ազգային առասպելաբանության պսակազերծման, հեգնանքի, հումորի միջոցով։
Կինեմատոգրաֆի լեհական դպրոցի ականավեր ներկայացուցիչների մեջ, բացի արդեն նշված Անջեյ Վայդայից և Անջեյ Մունկից, հիշատակման են արժանի նաև Եժի Կավալերովիչը, Վոյցեխ Եժի Հասը, Թադեուշ Կոնվիցկին...