Լիբանանի ազգայնականությունը ազգայնական գաղափարախոսություն է, որը լիբանանցի ժողովրդին դիտարկում է որպես առանձին ազգ, որը անկախ է արաբական աշխարհից։ Գաղափարախոսությունը լիբանանցիներին համարում է փյունիկեցիների անմիջական հետնորդները։
Այս գաղափարախոսությունը արմատավորված է եղել դեռևս 19-րդ դարում մարոնի քրիստոնյաների և դրուզների միջև կրոնական պատերազմից, որը տեղի է ունեցել Լիբանանի լեռնաշղթայում[1]։
20-րդ դարի Լիբանանի քաղաքացիական պատերազմի ընթացքում Լիբանանի ազգայնականությունը կապված էր «Քաթայիբ» կուսակցության, Լիբանանյան ուժերի, «Ազգային-լիբերալ կուսակցության» և սեկուլիստական շարժումների հետ, ինչպիսիք են մայրիների պահապանները, «Ազգային դաշինքը» և «Լիբանանյան նորացման կուսակցությունը», որը ղեկավարում էր հայտնի լիբանանցի բանաստեղծ և փիլիսոփա լուսահոգի Սայիդ Աքլը։
Լիբանանի ազգայնականությունը շարունակվում է և ներառում իրեդենտիստական գաղափարներ, որոնք դուրս են գալիս Լիբանանի սահմաններից ՝ ձգտելով միավորել հին Փյունիկիայի բոլոր հողերը ժամանակակից Լիբանանի շուրջ[2]։ Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ ժամանակակից Լիբանանը, Սիրիայի միջերկրածովյան ափը և Հյուսիսային Իսրայելը մի տարածք է, որը մոտավորապես համապատասխանում է հին Փյունիկիային․ լիբանանցիների մեծ մասը նույնացնում է այս տարածաշրջանը հնագույն Փյունիկիային[3]։ Այսպիսով, առաջարկվող Մեծ լիբանանյան երկիրը ներառում է Լիբանանը, Սիրիայի միջերկրածովյան ափը և Իսրայելի հյուսիսը։
Լիբանանի ժողովրդի մշակութային և լեզվական ժառանգությունը ինչպես բնիկների, այնպես էլ օտար մշակույթների խառնուրդ է, որոնք հազարամյակներ շարունակ իշխել են այդ հողին և տարածքում բնակվող ժողովրդին։ 2013-ին տված հարցազրույցում առաջատար հետազոտող Պիեռ Զալուան նշել է, որ գենետիկ փոփոխականությունը նախորդել է կրոնական փոփոխականությանը և բաժանմանը․ «չկա հստակ օրինաչափություն, որը վկայում է այն մասին, որ մի համայնքն իր մեջ ավելի շատ փյունիկեցիներ է կրում, քան մյուսը»[4]։
«Ապագա շարժումը» և «Ազատ հայրենասիրական շարժումը» նույնպես հետևում են լիբանանյան ազգայնականության գաղափարախոսությանը։