Լիբերթար պահպանողականությունը[1], որը հայտնի է նաև որպես պահպանողական լիբերթարիզմ[2][3][4] և կոնսերվատարիզմ[5][6], քաղաքական գաղափարախոսություն է, որում համատեղված են պահպանողականությունն ու լիբերթարիզմը՝ ներկայացնելով պահպանողականության լիբերթար թևը, և հակառակը[7]։
Լիբերթար պահպանողականությունը պաշտպանում է առավելագույնս մեծ տնտեսական ազատության և իշխանության կողմից հասարակական կյանքի նվազագույն կարգավորման գաղափարը՝ արտացոլելով դասական լիբերալիզմի laissez-faire սկզբունքը, որը, սակայն, կապվում է դեպի սոցիալապես ավելի պահպանողական գաղափարախոսության հանդեպ հավատին՝ կարևորելով իշխանության ու պատասխանատվության դերը[1]։ Սկիզբ առնելով Միացյալ Նահանգներում՝ լիբերթար պահպանողականությունը առաջնահերթություն է տալիս ազատությանը՝ խրախուսելով խոսքի ազատությունը, ընտրության ազատությունը, ազատ տեղաշարժումը, սեփականությունը ազատ տնօրինելու իրավունքը և ազատ շուկայական կապիտալիզմը՝ հասնելու համար պահպանողական նպատակների, և մերժում է լիբերալների սոցիալական նախագծումը[8]։
Լիբերթար պահպանողականությունը կարող է նաև ընկալվել իբրև մի գաղափարախոսություն, որը խթանում է քաղաքացիական հասարակությունը պահպանողական ինստիտուտների ու մարմինների միջոցով, ինչպիսիք են ընտանիքը, պետությունը, դավանանքը, կրթությունը՝ պետական իշխանությունը նվազեցնելու լիբերթարական հետապնդումների մեջ[9]։
Քաղաքագիտության մեջ լիբերթար պահպանողականությունը մի գաղափարախոսություն է, որում միակցված են տնտեսական սկզբունքների պահպանումը, ինչպիսին է ֆիսկալ դիսցիպլինը (հաշվեկշռված բյուջե), պայմանագրերի հարգումը, մասնավոր սեփականության և ազատ շուկաների պաշտպանությունը[7], ինչպես և ավանդական պահպանողականության՝ ինքնօգնության ու ընտրության իրավունքի շեշտադրումը laissez-faire-ի սկզբունքով և տնտեսապես լիբերալ-կապիտալիստական հասարակության շնորհիվ, որի սոցիալական նորմերի մեջ են մտնում դավանանքի կարևորությունն ու դավանական բարոյախոսության արժևորումը[7]՝ սահմանափակ լիազորություններով, սահմանադրական, ներկայացուցչական կառավարության շրջանակի միջոցով[10]։ Մարգարեթ Ռենդալի համոզմամբ՝ լիբերթար պահպանողականությունը սկիզբ առավ որպես լիբերալ ինդիվիդուալիզմի մի արտահայտություն ու անձնական ազատության պահանջ[11][12]։ Ըստ Էնդրյու Գիլբերթի՝ պահպանողական կուսակցությունները, ինչպես, օրինակ՝ բրիտանական Պահպանողական կուսակցությունն ու Հանրապետական կուսակցությունը, զգալի չափով հարում էին լիբերթար-պահպանողական թևին, թեև Գիլբերթը պնդում է, որ «հարց է՝ արդյոք ինչքանով են պահպանողականությունն ու լիբերթարիզմը համատեղելի»[13]։ Մարկ Ա. Գրեյբերի կարծիքով լիբերթար պահպանողականները «գաղափարապես համատեղելի, օրինավոր լիբերալ ինդիվիդուալիստներ են»[14]։
1998 թ. Ջորջ Ուեսքոթ Քերին խմբագրեց «Ազատություն և առաքինություն։ Պահպանողական/Լիբերթար բանավեճ» գիրքը, որում ներառված էսսեները, Քերիի խոսքերով, ներկայացնում էին «ազատության և բարոյականության միջև եղած հակասությունը» և «երկու գաղափարախոսությունները բաժանող հիմնական սահմանագծերը»[15]։ Բրայեն Ֆարմերի համար «լիբերթարիզմը պահպանողականության մի ձև է՝ հաճախ համարվող առանձնացված պահպանողականության ավելի տարածված գաղափարախոսություններից՝ մասամբ այն պատճառով, որ այն մի փոքր ավելի ծայրահեղ է, մասամբ էլ, որ լիբերթարները հաճախ իրենց առանձնացնում են առավել տարածված պահպանողականության այլ ձևերից»[16]։
2004-ին Թոմաս ԴիԼորենցոն գրել է, որ լիբերթար-պահպանողական կոնստիտուցիոնալիստները հավատում են, թե կառավարության լիազորությունները սահմանափակելու ճանապարհը Միացյալ Նահանգների Սահմանադրությունը գործադրելն է։ ԴիԼորենցոն, սակայն, քննադատել է նրանց՝ գրելով, թե «լիբերթար/պահպանողական կոսնտիտուցիոնալիստների մտածելակերպի ճակատագրական սխալը գալիս է նրանց անիրազեկությունից կամ կանխամտածված անտեղյակությունից, թե հիմնադիրների կարծիքով՝ ինչպես էր Սահմանադրությունը գործադրվելու, այն է՝ ազատ, անկախ և ինքնիշխան պետությունների քաղաքացիների և ոչ թե դաշնային դատարանների կողմից»։ Այնուհետև ԴիԼորենցոն գրում է, որ այն լիազորությունները, որոնք աստիճանաբար իշխանությանը փոխանցվեցին Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ժամանակ, տապալեցին 1787-ի Սահմանադրությունը[17]։
2006 թ. Նելսոն Հուլթբերգը գրել է, թե լիբերթարների ու պահպանողականների միջև «գաղափարական ընդհանուր հիմք» կա։ Ըստ Հուլթբերգի՝ «իրական պահպանողական շարժումը հենց սկզբից էլ քաղաքական լիբերթարիզմի, մշակութային պահպանողականության ու արտասահմանում ոչ ինտերվենցիոնիզմի խառնուրդ էր՝ ավանդված մեզ Հիմնադիր հայրերի կողմից»։ Նա ասում էր, թե այդ պահպանողականությունը «գրավվել էր» նեոպահպանողականության կողմից՝ «հենց այն թշնամիների, ում դեմ պայքարելու համար էր դա ստեղծվել՝ ֆաբիանների, նյուդիլականների, ուելֆեյրիստների, պրոգրեսիստերի, գլոբալիստների, ինտերվենցիոնալիստների, միլիտարիստների, պետություն կառուցողների և կոլեկտիվիստների նմանների, որոնք ջանասիրաբար փորձում էին կործանել Հիմնադիրների՝ Նահանգների Հանրապետությունը»[18]։
Լիբերթար պահպանողականությունը սատարում է ազատ շուկայական կապիտալիզմի լիբերթարական գաղափարը՝ պաշտպանելով շուկայում կառավարության նվազագույն միջամտության սկզբունքը։ Մի շարք լիբերթար պահպանողականներ հավանություն են տալիս Ավստրիական դպրոցի տնտեսությանն ու քննդատաբար են մոտենում ֆիատ դրամին։ Լիբերթար պահպանողականները նաև խրախուսում են բոլոր հնարավոր տեղերում սեփականաշնորհել կառավարության կողմից ավանդաբար գործարկվող կամ ապահովվող ծառայությունները՝ օդանավակայաններից ու օդային երթևեկության կառավարման համակարգերից մինչև վճարովի ավտոճանապարհներ ու ուղետուրքի գանձման խցիկներ[1][8]։ Լիբերթար պահպանողականությունը պաշտպանում է տնտեսական ազատության գաղափարը արտադրանքի ու կապիտալի շուկայում և սպառման մեջ՝ միևնույն ժամանակ բացառելով կոլեկտիվ գործողությունները, կոլեկտիվ պայմանագրերը ու արհմիություններն ընդհանրապես[17]։
1950-ականներին Ֆրենկ Մեյերը՝ «National Review» ամսագրի ականավոր հեղինակներից մեկը, լիբերթարիզմի և պահպանողականության իր սեփական միակցությունը կոչեց ֆուզիոնիզմ[19][20]։
1975-ին «Reason» ամսագրին տված մի հարցազրույցում Կալիֆոռնիայի նահանգապետ Ռոնալդ Ռեյգանը դիմեց լիբերթարներին՝ հայտարարելով, թե «հավատում է, որ լիբերթարիզմն է պահպանողականության սիրտն ու հոգին»[21]։ Ռոն Փոլը ընտրված առաջին պաշտոնատար անձանցից մեկն էր երկրում, որ սատարեց Ռեյգանի նախագահական ընտրարշավը[22] և ակտիվորեն քարոզարշավներ անցկացրեց Ռեյգանի համար 1976 ու 1980 թվականներին[23]։ Այնուամենայնիվ, Ռոն Փոլը արագորեն հիասթափվեց վերջինիս վարչական քաղաքականությունից դեռ 1980 թ.՝ Ռեյգանի ընտրվելուց հետո, և հետագայում վերհիշում էր, որ միակ հանրապետականն է եղել, որը 1981 թ. դեմ է քվեարկել Ռեյգանի՝ բյուջեի շուրջ առաջարկներին[24][25]՝ սարսափած պատմելով, որ «1977-ին Ջիմի Քարտերն առաջարկեց 38 միլիարդ դոլար պակասուրդով բյուջե, և Պալատի բոլոր հանրապետականները դեմ քվեարկեցին։ 1981 թ. Ռեյգանը առաջարկեց 45 միլիարդ դոլար պակասուրդով բյուջե, որը վերջում դարձավ 113 միլիարդ դոլար, բայց հանրապետականները տոնում էին նրա մեծ հաղթանակը։ Նրանք կարծես մի հեքիաթային կղզում ապրեին»[22]։ Ռոն Փոլն իր զզվանքն արտահայտեց երկու գլխավոր կուսակցությունների քաղաքական մշակույթի հանդեպ 1984 թ. տված մի ելույթում՝ Ներկայացուցիչների պալատից հեռանալուց հետո՝ նախապատրաստվելու Սենատի մի ձախողված ընտրական մրցավազքի, և վերջում ներողություն խնդրեց իր լիբերթար ընկերներից Ռեյգանին նախկինում սատարելու համար[25]։ Արդեն 1987 թ. Ռոն Փոլը պատրաստ էր Հանրապետական կուսակցության հետ խզել բոլոր կապերը, ինչպես ներկայացված է հրաժարականի իր կտրուկ դիմումի մեջ[23]։ Չնայած տարբեր ժամանակներում միացած լինելով և՛ լիբերթար, և՛ հանրապետական կուսակցություններին՝ Ռոն Փոլը խոստովանել է, որ սրտի խորքում միշտ լիբերթար է եղել[24][25]։
1980-ականներին լիբերթարները, ինչպես՝ Ռոն Փոլն ու Մյուրեյ Ռոտբարդը[26][27], քննադատում էին նախագահ Ռեյգանին, ռեյգանոմիկան և Ռեյգանի վարչական քաղաքականությունը, քանի որ դրանք մի շարք այլ պատճառների հետ մեկտեղ Միացյալ Նահագների առևտրային մեծ պակասուրդը պարտքի էին վերածել, և Ռեյգանի իշխանության ներքո Միացյալ Նահանգներն Առաջին համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ պարտապան պետություն է դարձել[28][29]։ Ռոտբարդը պնդում էր, որ Ռեյգանի նախագահությունը «աղետ է դարձել լիբերթարիզմի համար Միացյալ Նահանգներում»[30], իսկ Ռոն Փոլը Ռեյգանին բնորոշում էր որպես «դրամատիկ ձախողակ»[23]։
Արդեն իսկ լինելով ռադիկալ դասական լիբերալ և հակաինտերվենցիոնալիստ՝ մեծապես ազդված Հին Աջերից, հատկապես դրանց՝ դեպի վարչական պետությունն ունեցած ընդդիմական դիրքերից, առավել պարզորոշորեն լինելով հակապատերազմական ու հակաիմպերիալիստական[31] համոզմունքների տեր՝ Ռոտբարդը Միացյալ Նահանգներում դարձավ լիբերթարիզմի ամենահարգված դեմքը[32][33]։ Երբ նա հեռացավ Նոր Ձախերից, որոնց հետ մի քանի տարի շարունակ նա օգնել էր կապեր հաստատել մյուս լիբերթարների հետ[34][35], Ռոտբարդը լիբերթար շարժման իրեն հավատարիմ հատվածին դաշինքի մեջ ներգրավեց ավելի ու ավելի պալեոպահպանողական բնույթ ստացող ուղղության հետ[36][37]։ Շատ ուսումնասիրողներ, այդ թվում և՛ լիբերթարներ, և՛ ոչ լիբերթարներ այն համարում էին ռասիզմի ու հասարակական ռեակցիայի հասնող[38][39][40]։ Ենթադրելով, որ լիբերթարները մշակութային նոր պրոֆիլի կարիք ունեն, ինչը նրանց ավելի ընդունելի կդարձնի սոցիալապես ու մշակութապես պահպանողական մարդկանց համար՝ Ռոտբարդը քննադատում էր լիբերթարիզմի աջակիցների միտումները «ազատ ոգու կոչելու այն մարդկանց, որոնք չեն ուզում շրջապատի վրա ճնշում գործադրել, և որոնք չեն ուզում ուրիշներից ճնշման ենթարկվել»՝ ի տարբերություն «ամերիկացիների մեծամասնության», որ «շատ լավ կարող են թունդ կոնֆորմիստներ լինել, որոնք ուզում են արմատախիլ անել թմրանյութերն իրենց շրջակայքում, դուրս շպրտել արտասովոր հագուստներ կրող մարդկանց և այլն»՝ ընդգծելով, թե դա պատշաճ էր ռազմավարության տեսանկյունից։ Ռոտբարդը պնդում էր, որ լիբերթարական ուղերձները Ամերիկայի կենտրոնական մասեր հասցնելու ձախողումը կբերի «թունդ մեծամասնության» կորստին[41]։
1990-ական թթ. Ռոտբարդը, Լյու Ռոքվելը և այլք իրենց լիբերթար-պահպանողական հայացքները բնորոշեցին որպես պալեոլիբերթարիզմ[42]։ Այս դիրքորոշման նախնական հայտարարության մեջ Ռոքվելն ու Ջեֆրի Թաքերը խոսում էին ի նպաստ քրիստոնեական լիբերթարիզմի[42]։ Հետագայում Ռոքվելը դադարելու էր իրեն համարել «պալեոլիբերթար» և «բավարարվելու էր լիբերթար եզրով»[43]։ Այս լիբերթարները շարունակում էին ընդդիմանալ «պետական միջամտության բոլոր ձևերին՝ տնտեսական, մշակութային, հասարակական, միջազգային»՝ պաշտպանելով մշակութային պահպանողականությունը հասարական մտքի ու վարքագծի մեջ։ Պալեոլիբերթարները դեմ էին հանդես գալիս սանձարձակ լիբերթարիզմի դեմ, որը խրախուսում էր «ազատությունը բուրժուական բարոյախոսությունից և հասարակության հեղինակությունից»[42]։ Ավելի ուշ Ռոքվելը հայտնեց, որ իրեն այդպես բնորոշելուց հրաժարվեց, քանի որ մարդիկ այն շփոթում էին պալեոպահպանողականության հետ, որը Ռոքվելի նման լիբերթարները մերժում էին։ Հեռանալով պալեոլիբերթարական դաշինքի ռազմավարությունից՝ Ռոքվելը փաստեց, որ պալեոպահպանողականները «աշխատում էին ներգաղթի հիմնախնդրի վրա»՝ պնդելով, որ «Տեխասի ու Կալիֆոռնիայի դյուրաթափանց սահմանները» կարող են համարվել «ազատությունը նվազեցնող, և ոչ թե բարձրացնող՝ սահմանազանցություններ անելու՝ բացահայտ կերպով սուբսիդավորված իրավունքի պատճառով»[44][45]։
2001 թ. Էդվարդ Ֆիզերը ընդգծեց, որ լիբերթարիզմը անհատներից չի պահանջում հրաժարվել ավանդական պահպանողական արժեքներից։ Լիբերթարիզմը սատարում է ազատության, մասնավոր կյանքի և իրավական մակարդակում մարիխուանայի դեմ պատերազմն ավարտելու գաղափարները՝ առանց փոխելու անձնական արժեհամակարգերը։ Պաշտպանելով տրադիցիոնալիստական պահպանողականության միաձուլումը լիբերթարիզմի հետ և մերժելով այն տեսակետը, որ լիբերթարիզմը նշանակում է լիբերալ մշակույթի սատարում՝ Ֆիզերը ենթադրում էր, թե այդ տեսակետի կողմնակիցների համար գլխավոր խնդիրը «ավանդական բարոյախոսության պահպանումն է, մասնավորապես, ավանդական սեռական բարոյախոսության՝ ամուսնության գաղափարի իդեալականացման ու այն պահանջի հետ մեկտեղ, որ սեռական կյանքը սահմանագծվում է այդ ինստիտուտի շրջանակներում, բայց նաև ընդհանուր շեշտադրումը արժանապատվության և ինքնաբավարարման ու ցոփ կյանքի չափավորության վրա»[19]։
Հանս-Հերման Հոփեն լիբերթար պահպանողական է, որը խիստ քննադատության է արժանացել իր այն համոզմունքների համար, թե մասնավոր սեփականատերերը ունեն իրավունք հիմնադրելու մասնավոր պայմանագրային համայնքներ[38][39][40], որտեղից համասեռականներն ու քաղաքական այլախոհները «ֆիզիկապես կհեռացվեն»[46][47]։ Հոփեն նաև վիճաբանությունների տեղիք տվեց աջակցելու համար ներգաղթի սահմանափակումների վերաբերյալ օրենքներին, ինչը, քննադատների կարծիքով, հակասում է լիբերթարիզմին[48]։ Իր «Դեմոկրատիա։ Ձախողված Աստված» գրքում՝ առաջին անգամ հրատարակված 2001 թ., Հոփեն պնդում է, որ «լիբերթարները պետք է պահպանողականներ լինեն»[49]։ Հոփեն ընդունում էր «հստակ սահմանված հանգամանանքերում կոմունիստների, դեմոկրատների և այլըտնրանքի մոլի պաշտպանների, ոչ ընտանիքամետ կենսակերպերի, ներառյալ համասեռականների միջև տարբերակում դնելու կարևորությունը»[50][51]։ Հակառակ Վալտեր Բլոքի[52]՝ Հոփեն պնդում էր, որ լիբերթարիզմը չպետք է դիտվի որպես բաց սահմաններ պահանջող[53], և «բաց սահմանների խանդավառությունը» նա բնորոշում էր իբրև «էգալիտարիզմ»[54]։ Երկու դեպքում էլ գերադասելով «շուկայական անարխիայի» գաղափարը՝ Հոփեն պայքարում էր հանուն միապետության գերազանցության դեմոկրատիայի նկատմամբ՝ պնդելով, որ միապետները հավանաբար ավելի լավ կկառավարեն այն տարածքները, որոնք իրենցն են համարում, քան դեմոկրատ քաղաքական գործիչները, որոնց տրված ժամանակասահմանն ավելի կարճ է[55]։
Ռիչարդ Էփսթինը, Միլթոն Ֆրիդմենը, Ֆրիդրիխ Հայեքը, Լյուդվիգ ֆոն Միզեսը, Ալբերտ Ջեյ Նոքը, Ռիչարդ Պոզները, Փիթեր Շիֆը, Թոմաս Սոուլը, Դեյվիդ Սթոքմանը և Ուոլթեր Է. Ուիլյամսը բնորոշվել են որպես լիբերթար պահպանողականներ[8][56]։ Նախկին կոնգրեսմեն Ռոն Փոլն ու նրա որդի սենատոր Ռենդ Փոլը բնորոշվել են իբրև գործիչներ, որոնք համադրում են լիբերթարական ու պահպանողական՝ մինիմալ իշխանության գաղափաները և ցույց են տալիս, թե ինչպես է Միացյալ Նահանգների Սահմանադրությունը պաշտպանում անհատական և ավելի լիբերթարական տեսակետներ[57]։
{{cite book}}
: |edition=
has extra text (օգնություն)
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)