Լիմերենս կամ լիմերենցիա, հոգեվիճակ, որն առաջանում է մեկ այլ անձի հանդեպ սիրային զգացմունքներ ունենալիս: Որպես կանոն՝ այն ներառում է մոլուցքային և մելանխոլիկ մտքեր կամ ողբերգական անհանգստության զգացում, ինչպես նաև փոխադարձ զգացմունքներ ստանալու և այդ մարդու հետ հարաբերություններ հաստատելու ցանկություն:
«Լիմերենս» երզույթն ստեղծել է հոգեբան Դորոթի Թենովը, երբ 1960-ականներին իր աշխատությունը գրելու համար սիրո պատկերացումների մասին հարցազրույց է վերցրել ավելի քան 500 մարդուց[1][2][3]: Այն «Ամորենս» բառի (ամորենսը սիրահարված լինելու հոգեվիճակն է) ձևափոխված տարբերակն է[4]: Իր՝ «Սեր և լիմերենս» գրքում Թենովը գրել է, որ «լիմերենսում լինելը նշանակում է զգալ այն, ինչը սովորաբար կոչվում է «սիրահարված լինել»»[5]: Տերմինի ստեղծումը նպատակ է հետապնդել որոշակիացնել հենց այս զգացումը, որը տարբերվում է մնացած այլ՝ ավելի ինտեսնիվ զգացմունքներից և խուսափելու այն ենթադրությունից, որ նրանք, ովքեր չեն ունեցել լիմերենսի զգացում, ի վիճակի չեն սեր զգալու[6][7]:
Ըստ Թենովի, ինչպես նաև մի շարք այլ անձանց, լիմերենսի հոգեվիճակը կարելի է համարել ռոմանտիկ սեր[4][8][9][10][11], կրքոտ սեր[2][11][12], կույր սեր[13][14][15] , սիրային կարոտ[14][3][16][17] կամ նույնիսկ սիրային խելագարություն[18][19][14][20]: Այն հաճախ համեմատվում է քրաշի հետ (անգլ.՝ crush, մարդ, ում հանդեպ սիրային զգացմունքներ են առաջանում), սակայն լիմերենսը ավելի խորը և բուռն հոգեվիճակ է[21][22]:
«Սեր և լիմերենս» գիրքը անվանվել է ռոմանտիկ սիրո մասին հիմնարար ստեղծագործություն[11]: Մարդաբան և հեղինակ Հելեն Ֆիշերը գրել է, որ սիրային գրավչության վերաբերյալ տվյալների հավաքագրումը սկսվել է այն բանից հետո, երբ Թենովը տարբեր մարդկանցից հավաքել է հարցումների պատասխաններ, անձնական օրագրեր և այլ անձնական գրառումներ[23]: Ֆիշերը, ով ճանաչում էր Թենովին և վերջինիս հետ նամակագրական կապի մեջ էր, նշել է, որ Թենովի «լիմերենս» եզրույթն իր մեջ տխուր կոմպոնենտ ունի[24][25]:
Լիմերենսը կապված է ուղեղի դոֆամին հորմոնի պարգևատրման համակարգի հետ (անգլ.՝ reward system): Ռոմանտիկ սիրո վաղ փուլն անվանում են փոփոխված հոգեվիճակ[26] և համեմատում վարքագծային կախվածության[27][28] կամ մարդուց կախվածության հետ[29]: Ուղեղի սկանավորումները ցույց են տվել, որ սիրած մարդու մասին մտածելու ժամանակ մարդիկ մեծ ցանկություն կամ մոտիվացիա են զգում[10][27]: Մի տեսություն լիմերենսում գտնվող անձի՝ այլ մարդու նկատմամբ ունեցած մոլուցքային մտքերը համեմատում է Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման հետ[30], ինչից բխում է մի վարկած, ըստ որի դրանք կարող են կապված լինել ուղեղում սերոտոնինի ցածր մակարդակի հետ[25]: Բայց այդ թեմայով ուսումնասիրությունների արդյունքները դեռևս անորոշ են[11]:
↑ 4,04,1«Will limerence take the place of love?». The Observer. 11 September 1977. «One of the most illuminating sessions was when Dorothy Tennov [...] described her attempts to find a suitable term for 'romantic love.' [...] 'I first used the term "amorance" then changed it back to "limerence,"' she told her audience. 'It has no roots whatsoever. It looks nice. It works well in French. Take it from me it has no etymology whatsoever.'»