Լիվիա Տուրկո իտալ.՝ Livia Turco | |
Կուսակցություն՝ | Դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | փետրվարի 13, 1955 (69 տարեկան) |
Ծննդավայր | Մորոցո, Կունեո, Պիեմոնտ, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիա |
Ի ծնե անուն | իտալ.՝ Livia Turco |
Պարգևներ | |
Լիվիա Տուրկո (իտալ.՝ Livia Turco, փետրվարի 13, 1955, Մորոցո, Կունեո, Պիեմոնտ, Իտալիա), իտալացի ձախակենտրոնամետ քաղաքական գործիչ, սոցիալական համերաշխության նախարար (1996-2001 թվականներ), առողջապահության նախարար (2006-2008 թվականներ)։
Ծնվել է 1955 թվականի փետրվարի 13-ին Կունեոյում, ավարտել է դասական վարժարանը, զբաղվել է դասավանդմամբ, 1978-1982 թվականներին եղել է Իտալիայի կոմունիստական երիտասարդական ֆեդերացիայի (FGCI) քարտուղար Թուրին գավառում, 1986 թվականից եղել է Իտալիայի կոմունիստական կուսակցության քարտուղարության անդամ։ Ձախ կուսակցությունների վերակազմավորմանը զուգընթաց հաջորդաբար անդամակցել է Դեմոկրատական կուսակցության ձախ ուժերին[1]։
1987-2006 թվականներին Տուրկոն եղել է X-XIV գումարման պատգամավորների պալատի անդամ, 2008-2013 թվականներին եղել է XVI գումարման պատգամավոր[2]։ 2006-2008 թվականներին Պիեմոնտից սենատոր է եղել[3]։
1996-2001 թվականներին Լիվիան Տուրկոն սոցիալական համերաշխության նախարար է եղել ձախակենտրոն չորս կառավարություններում՝ Պրոդիի առաջին կառավարությունում (1996 թվականի մայիսի 17-ից մինչև 1998 թվականի հոկտեմբերի 21-ը[4]), Դ'Ալեմայի առաջին[5] (1998 թվականի հոկտեմբերի 21-ից մինչև 1999 թվականի դեկտեմբերի 22-ը[6]) և երկրորդ (1999 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 2000 թվականի ապրիլի 25-ը) կառավարություններում և Ամատոյի երկրորդ կառավարությունում (2000 թվականի ապրիլի 25-ից 2001 թվականի հունիսի 11-ը)[7]։
Լինելով նախարար՝ Ջորջո Նապոլիտանոյի հետ նախաձեռնել է այսպես կոչված «Տուրկո-Նապոլիտանոյի օրենքը» (1998 թվականի մարտի 6-ի № 40 օրենք), որը կոչված էր խրախուսելու օրինական ներգաղթը Իտալիա և խոչընդոտելու անօրինական ներգաղթին։ Այդ նորմատիվային ակտով ստեղծվել էր ժամանակավոր կացության կենտրոնների ցանց (Centri di Permanenza Temporanea), որտեղ առանց փաստաթղթերի Իտալիա մուտք գործել ցանկացողները պետք է գրանցված լինեին 30 օրվա ընթացքում, և այդ ժամկետի ընթացքում նրանց ինքնությունը պարզելու անհնարինության դեպքում 15 օրվա ընթացքում ենթակա էին արտաքսման[8]։
2000 թվականի ապրիլի 16-ի Պյեմոնտում կայացած տարածաշրջանային ընտրություններում Տուրկո Լիվիայի գլխավորած «Livia Turco Piemonte» ձախակենտրոնամետ դաշինքը պարտություն է կրել՝ ստանալով ընտրողների 33,12 %-ի աջակցությունը՝ Էնցո Գիգոյի գլխավորած աջակենտրոնամետ կոալիցիայի ձայների 61,92 %-ի դիմաց[9]։
Պրոդիի երկրորդ կառավարությունում (2006 թվականի մայիսի 17-ից մինչև 2008 թվականի մայիսի 6-ը) Տուրկոն ստացել է առողջապահության նախարարի պաշտոնը[10]։ 2006 թվականին Il Giornale թերթում «Տուրկոն ցանկանում է օրինականացնել էվթանազիան» վերնագրով հոդված է լույս տեսել, ինչի հետևանքով նրա խմբագիր Մաուրիցիո Բելպիետրոն ստիպված է եղել ներողություն խնդրել՝ ընդունելով խմբագրության սխալը․ լրագրողները շփոթել են «Ռոզա» կուսակցության ներկայացուցիչ Մաուրիցիո Տուրկոյին առողջապահության նոր նախարարի հետ։ Ի պատասխան Բելպիետրոյի արդարացումներին, որ սխալի պատճառ է դարձել ձախակենտրոն մեծամասնության օրինագիծը, որը ենթադրում էր իրենց համար անընդունելի բուժման և էվթանազիայի մեթոդների նախապես հայտարարագրման պրակտիկական կիրառում, Տուրկոն հայտնել է իր վրդովմունքը և հիշեցրել, որ որպես կառավարության անդամ իրավունք չունի օրինագծեր նախաձեռնել[11]։
2013 թվականին հրաժարվել է մասնակցել խորհրդարանական ընտրություններին, գլխավորել է ներգաղթի և Դեմոկրատական կուսակցությունում սոցիալական քաղաքականության ֆորումը (Forum immigrazione e politiche sociali)[1]։
2006 թվականի հունվարին Լիբիան Տուրկոն պաշտոնապես ամուսնացել է տարածաշրջանային իշխանությունների աշխատակազմի աշխատակից Պյեմոնտ Ագոստինո Լոպրևիտեի հետ, որի հետ մոտ քառորդ դար սերտ հարաբերությունների մեջ էր[12]։ Նրանց ընտանիքը իտալական մամուլը համարում է տղամարդու և կնոջ միջև նոր հարաբերությունների օրինակ․ երբ 1992 թվականին ծնվել է նրանց միակ որդին՝ Էնրիկոն, հենց Լոպերվիտեն է արձակուրդ վերցրել երեխայի խնամքի համար, քանի որ Տուրկոն զբաղված էր նախընտրական քարոզարշավով[13]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիվիա Տուրկո» հոդվածին։ |
|