Լյուբլինի գետտո (գերմ.՝ Ghetto Lublin), Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հիմնադրված գետտոներից մեկը, ստեղծել է գերմանացիների կողմից Լյուբլին քաղաքում, որն այն ժամանակ Գեներալ-նահանգապետության քաղաքներից մեկն էր[1]։ Գետտոյի բնակիչները հիմնականում եղել են լեհաստանցի հրեաներ, սակայն եղել են նաև գնչուներ[2]։ Լյուբլինի գետտոն, որ ստեղծվել է 1941 թվականին, եղել է օկուպացված Լեհաստանի տարածքում նացիստների կողմից ստեղծված առաջին գետտոներից մեկը, որ հիմնադրվել է «լիկվիդացման» համար[3]։ 1942 թվականի նոյեմբերին շուրջ 30 000 կալանավորներ տարվել է Բելժեց մահվան ճամբար, 4000 կալանավոր՝ Մայդանեկ[4][5]։
Արդեն 1940 թվականին՝ Լյուբլինի գետտոյի բացումից առաջ, ՍՍ և Լյուբլինի ոստիկանության ղեկավար Օդիլո Գլոբոչնիկն սկսել է իրենց ղեկավար պաշտոններից հեռացնել հրեաներին և ստեղծել է նոր տարածք այդ նպատակի համար։ Տասը հազար հրեաներ Լյուբլինից արտաքսվել են գյուղական վայրեր նույն թվականի մարտի սկզբին[6]։
Գետտոն, որ այդ ժամանակ կոչվել է նաև հրեական թաղամաս կամ Wohngebiet der Juden, բացվել է 1941 թվականի մարտի 24-ին։ Արտաքսումն սկսելու և հրեաների համար գետտո ստեղծելու որոշումն ընդունվել է մարտի սկզբին, երբ Վերմախտի զորքերը, որ պատրաստվում էին ներխուժել Խորհրդային Միություն, ապրելու տեղի կարիք ունեին խորհրդա-գերմանական սահմանի մոտ[6]։ Գետտոն, որ միակն էր Լյուբլինի նահանգում 1941 թվականի դրությամբ, տեղակայված է եղել Պոդզամչե մարզի՝ Գրոզդկա դարպասների (այդ ժամանակ կոչվել են նաև «հրեական դարպասներ», քանի որ ծառայել են որպես սահման քաղաքի հրեական և ոչ հրեական հատվածների համար) մոտ, ձգվել է Լյուբարտովսկա և Ունիկա փողոցների երկայնքով՝ մինչև Ֆրանցիսկանսկա փողոցի սկիզբը։ Հրեական տարբեր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները, ինչպիսին է Հրեական լեյբորիստական գլխավոր բունդը Լեհաստանում), տեղավորվել են Լյուբլինի արոցում և շարունակել իրենց գործունեությունն արդեն ընդհատակում[7]։
Գետտոյի ստեղծման ժամանակ բանտարկվել են 34 հազար հրեաներ[1] և անհատ թվով գնչուներ։ Նրանք գրեթե բոլորը մահացել են պատերազմի ավարտից առաջ։ Նրանցից շատերը՝ շուրջ 30 հազար մարդ, ուղարկվել է Բելժեց մահվան ճամբար (նրանցից ոմանք մահվան ճամբար ուղարկվելուց առաջ տեղափոխվել են Պյասկի գետտո) 1942 թվականի մարտի 17-ից մինչև ապրիլի 11-ը․ ըստ գերմանացիների հաշվարկների՝ մահվան ճամբարներ ուղարկվելու համար ամեն օր ընտրվել է 1400 մարդ։ Մյուս 4000 մարդիկ նախ ուղարկվել են Մայդան Տատարսկի գետտո (Լյուբլինի արվարձաններում ստեղծված երկրորդ գետտոն), ապա կա՛մ սպանվել են այնտեղ, կա՛մ ուղարկվել են Լյուբլին համակենտրոնացման ճամբար[1]։ Գետտոյի վերջին բնակիչները, որ եղել են գերմանական գերության մեջ, սպանվել են Մայդանեկ և Տրավնիկի համակենտրոնացման ճամբարներում 1943 թվականի նոյեմբերի 3-ին՝ «Բերքի տոն» (գերմ.՝ Aktion Erntefest) գործողության ընթացքում[8]։ Գետտոյի լիկվիդացման ժամանակ Երրորդ ռայխի պրոպագանդայի նախարար Յոզեֆ Գեբբելսն իր օրագրում գրել է․ «Այս գործողությունը բավական բարբարոսական է, և այստեղ չի նկարագրվի ավելի պարզ։ Քիչ հրեաներ կմնան»[1]։
Լյուբլինի գետտոյի լիկվիդացումից հետո գերմանական իշխանություններն օգտագործել են Մայդանեկի կալանավորների հարկադիր աշխատանքը նախկին գետտոների տարածքը քանդելու և ապամոնտաժելու համար (այդ թվում նաև հարևան Վինավա գյուղում և Պոդզամչե շրջանում), ինչպես նաև խորհրդանշական կերպով պայթեցրել են Մահարամի սինագոգը (որ կառուցվել էր 17-րդ դարում ի պատիվ Միեր Լյուբլինի)։ Այդպիսով՝ ոչնչացվել է մի քանի դարերի ընթացքում հրեաների ստեղծած մշակույթը և համայնքը Լյուբլինում, որ ամենամեծաթիվ սփյուռքներից մեկն էր քաղաքում[8]։
Մի քանի մարդու հաջողվել է փախչել նախքան Լյուբլինի գետտոյի լիկվիդացումը, և նրանք հասել են Վարշավայի գետտո՝ տանելով տեղեկությունն կատարվող դեպքերի մասին[1]։ Ականատեսները Վարշավայի մի քանի հրեաների համոզել են, թե իրականում գերմանացիները նպատակ ունեն ոչնչացնել Լեհաստանի ողջ հրեա բնակչությանը[9]։ Այնուամենայնիվ, այլ մարդիկ, այդ թվում նաև Վարշավայի յուդենրատի ղեկավարը, հերքել են զանգվածային սպանությունների մասին լուրերը՝ դրանք համարելով «չափազանցություն»[3]։ Ընդհանուր առմամբ Լյուբլինի հրեաներից միայն 230 մարդու է հաջողվել վերապրել գերմանական օկուպացիան։