Լյուստրացիան Լեհաստանում (լեհ.՝ Lustracja w Polsce), կանոնակարգ պետական ծառայությունում եղած նախկին կոմունիստների և Լեհաստանի հատուկ ծառայությունների տվյալների հասանելության մասին։
1989-1990 թվականներին, երբ Լեհաստանում ոչ բռնի խաղաղ հեղափոխություն է տեղի ունեցել, և իշխանությունը կոմունիստներից անցել է ընդդիմադիր «Համերաշխություն» արհմիությունների անկախ միավորմանը։ «Համերաշխության» առաջնորդների ձևավորած կառավարությունը երաշխավորել է նախկին կոմունիստների անձեռնմխելությունը։ Միևնույն ժամանակ «Համերաշխության» ակտիվիստների մի մասը պահանջում էր ապակոմունիստականացում։
Լյուստրացիայի գաղափարի էությունը սկզբնական շրջանում այն էր, որ բացառվի այն անձանց մասնակցությունը պետական կառավարմանը, որոնք մասնակից են եղել իրավունքների ու քաղաքացիների ազատության ոտնահարմանը կոմունիստական Լեհաստանում։ Լյուստրացիան անհհրաժեշտ էր նաև ազգային անվտանգությունը պահպանելու տեսանկյունից։ Նախկին գաղտնի աշխատակիցները, որոնք նոր իշխանությունում բարձր պաշտոններ էին ստացել, կարող էին լինել այլ երկրների հետախուզական ծառայությունների շանտաժի առարկա[1]։
Լեհսատանում լյուստրացիայի մասին առաջին օրենքն ընդունվել է 1992 թվականին, սակայն մերժվել է Լեհաստանի Սահմանադրական դատարանի կողմից։ Լյուստրացիայի մասին ընթացիկ օրենքն ընդունվել է 1996 թվականին։
Լյուստրացիայի մասին քաղաքական պայքարի երկար շրջանից հետո, որի ժամանակ հրապարակվել են նախկին ռեժիմի հետ համագործակցած մարդկանց անուններով ցուցակներ, 1997 թվականին, չնայած Լեխ Վալենսայի դիմադրությանը, վերջապես ընդունվել է լյուստրացիայի մասին օրենքը` ստուգելու համար նախկին բարձրաստիճան մարդկանց գործունեությունը և նրանց հնարավոր կապերը կոմունիստական շրջանի անվտանգության ծառայությունների հետ։
Պետական ծառայության անցնել ցանկացողները և խորհրդարանական ընտրությունների թեկնածուները, որոնք նախկինում համագործակցել էին կոմունիստական ռեժիմի հետ, պետք է հրապարակայնորեն հայտնեին իրենց զղջումը և ներում ստանային։ Նրանք, ովքեր իշխանությունների կարծիքով կփորձեին թաքցնել իրենց անցյալը, կհեռացվեին, ընդ որում, նրանց մասին տեղեկությունը կարող էր հրապարակվել։
Լյուստրացիայի տակ է հայտնվել փոխվարչապետ Յանուշ Տոմաշևսկին, որ նախկինում եղել էր այլախոհ։ Արատավորող փաստաթղթեր են հայտնաբերվել նաև մեկ այլ լեգենդար այլախոհի` Լեխ Վալենսայի և նախկին կոմունիստ, Լեհաստանի 7-րդ նախագահ Ալեքսանդր Կվասնևսկու (անգլ.՝ Aleksander Kwaśniewski) հանդեպ։
Արդեն 2004 թվականին այս օրենքից տուժել է լեհական Սեյմի նախագահ Յուզեֆ Օլեքսին. լեհական լյուստրացիոն դատարանը, որը պետք է ստուգեր պատգամավորների համագործակցությունը նախկին հատուկ ծառայությունների հետ, հայտնաբերել էր, որ Օլեքսին 1970-ական թվականներին համագործակցել է բանակային հետախուզության հետ, սակայն այդ հանգամանքը թաքցրել է լյուստրացիոն հայտարարության մեջ։
1997-2007 թվականներին լյուստրացիայի գործընթացը գտնվել է Հասարակական հետաքրքրության ներկայացուցչության (լեհ.՝ Rzecznik Interesu Publiczne) գրասենյակի հսկողության տակ, որտեղ ստուգվել են լյուստրացիոն հայտարարությունները, նախաձեռնվել են լրացուցիչ ստուգումներ այս կամ այն գործով, որոնք կատարվել են կոմունիստական շրջանում[2].[3]:
2006 թվականի հուլիսի 21-ին Լեհական խորհրդարանի ստորին պալատը ընդունել է օրենք, որով ընդլայնվում էին լյուստրացիայի մասին նախկին օրենքի շրջանակները և թույլ էր տրվում առանց լրացուցիչ հետազոտությունների աշխատանքից հեռացնել Լեհաստանի ժողովրդական հանրապետության (1952-1989) անվտանգության մարմինների նախկին աշխատակիցներին։
Օրենքի նախագիծը տարածվում էր վարչական միավորների ղեկավարների, պետական բաժնեմասով ընկերությունների ղեկավարների, գիտնականների, համալսարանների աշխատակիցների, դպրոցների տնօրենների ու լրագրողների վրա։
ԶԼՄ-ներում հրապարակվել են պետական անվտանգության նախկին աշխատակիցների ցուցակները, որոնք ստեղծվել են Ազգային հիշողության ինստիտուտի ֆոնդի նյութերի հիման վրա, և որին հանձնվել էր Լեհաստանի անվտանգության մարմինների արխիվի զգալի մասը։
2006 թվականի հունիսին ԶԼՄ-ում տպագրված նյութի ճնշման տակ պաշտոնաթող է եղել ֆինանսների նախարար Զիտա Գիլյովսկան, որը մեղադրվել է անվտանգության մարմինենների հետ համագործակցության մեջ։ 2006 թվականի գարնանը լեհական ԶԼՄ-ներում հրապարակվել է մի քանի նյութ այն մասին, որ կաթոլիկ հարյուրավոր հոգևորականներ համագործակցել են հատուկ ծառայությունների հետ, սակայն նոր օրինագիծը չի վերաբերել հոգևորականներին։
2007 թվականի հունվարին Լեհաստանում սկանդալ է ծավալվել, որը պայմանավորված էր Վարշավայի միտրոպոլիտ Ստանիսլավ Վելգուսի պաշտոնաթողության հետ։ Նա խոստովանել էր սոցիալաիստական Լեհաստանի հատուկ ծառայությունների հետ իր ունեցած կապերը 1970-ական թվականներին։ Լեհական եպիսկոպոսների արտահերթ հավաքը որոշում էր ընդունել հանձնաժողով ստեղծելու մասին, որը կուսումնասիրեր երկրի բոլոր 45 եպիսկոպոսների կենսագրությունը նրանց ունեցած կապերը բացահայտելու նպատակով։
Ստանիսլավ Վելգուսը իր պաշտոնին էր նշանակվել 2006 թվականի դեկտեմբերի 6-ին։ Վատիկանում ունեցած նրա հարցազրույցում, որը նախորդել էր նրա պաշտոնի նշանակմանը, նա ժխտել էր իր որևէ կապ հատուկ ծառայությունների մարմինների հետ։ Սակայն արդեն 2007 թվականի հունվարին լեհական ԶԼՄ-ներում հայտնվել են հատուկ ծառայությունների արխիվային փաստաթղթեր, որոնցից կարելի էր հետևություն անել, որ այս համագործակցությունը շարունակվել է շուրջ քսան տարի։
Օրենքի` 2007 թվականին ընդունված լրամշակումները, որոնք տարածվում էին անձանց ավելի լայն շրջանակների վրա, Լեհաստանի Սահմանադրական դատարանը ճանաչել է օրենքին մասամբ չհամապատասխանող։ Լյուստրացիայի արդյունքում աշխատանքից ազատվել են լրագրողներ, գործարար մարդիկ, ոչ պետական ուսումնական հաստատությունների՝ գիտության ու կրթության ոլորտի անձինք[4]։
Լյուստրացիոն կարևոր մարմիններից մեկը Ազգային հիշողության ինստիտուտն է և Լեհ ժողովրդի դեմ հանցագործությունների հետազոտման կոմիտեն։ Կոմիտեն ունեցել է հետաքննական և քրեական գործ հարուցելու գործառույթ այն գործողությունների նկատմամբ, որոնք կատարվել են ընդդեմ լեհ ժողովրդի ինչպես նացիստների, այնպես էլ կոմունիստների ձեռքերով[1]։
2007 թվականի սեպտեմբերի վերջին կոմիտեի կայքում սկսվել է քաղաքացիների անունների հրապարակումը, որոնք համագործակցել են հատուկ մարմինների հետ։ Հրապարակումն իրականացվել է 2007 թվականի մարտի 14-ի Լյուստրացիայի մասին օրենքի համաձայն։ Ազգային հիշողության ինստիտուտի տնօրեն Յանուշ Կուրտիկի հավաստմամբ հրապարակման ողջ գործընթացը պետք է տևեր մոտ վեց տարի։ Ամեն անվան կողքին կա նրա՝ հատուկ ծառայությունում ունեցած մականունը, ինչպես նաև հատուկ ծառայությունների հետ հարաբերությունների մանրամասնություններ։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լյուստրացիան Լեհաստանում կատեգորիայում։ |