Լոռամրգիի հյութ | |
---|---|
Ենթատեսակ | berry juice? |
Բաղադրամասեր | cranberry? |
Գույն | կարմիր |
Cranberry juice Վիքիպահեստում |
Լոռամրգիի հյութ, լոռամրգիի պտուղներից ստացված հյութ։ Տերմինը օգտագործվում է ոչ միայն բնական (առանց քաղցրի ավելացման), այլ ընդհանուր առմամբ քաղցրացված տարբերակի համար։
Քիմիական բաղադրությամբ լոռամրգիի հյութը, բացառությամբ վիտամինների, կալիումի, շաքարի և սննդային մանրաթելերի պարունակության, գրեթե նույնական է լոռամրգիի պտուղներին[1]։ Իսկ լոռամրգիի կենսաբանորեն ակտիվ բաղադրիչները կարող են ունենալ հակաբորբոքային ազդեցություն և պաշտպանել օքսիդիչ սթրեսից՝ փոխելով THP-1 բջիջներում գեների էքսպրեսիան[2]։
Գործնական տեսանկյունից, լոռամրգիից ստացված հյութում ամենամեծ կարևորությունը տրվում է շաքարի, օրգանական թթուների, պեկտինային նյութերի և վիտամինների պարունակությանը։
Լոռամրգիի հյութի մեջ օրգանական թթուները ներկայացված են հիմնականում կիտրոնաթթվով, առկա են նաև քինային թթուներ, ուրսոլաթթու, քլորոգենային թթուներ, խնձորաթթու, օլեինաթթու, հետքային քանակությամբ՝ թրթնջակաթթու և սաթաթթու։
Պարզ ածխաջրերի (շաքարների) շարքում գերակշռում են գլյուկոզը և ֆրուկտոզը, սախարոզի պարունակությունը զգալիորեն պակաս է։ Լոռամրգիի պտուղների համեմատ, լոռամրգիի հյութը պարունակում է չափազանց քիչ քանակությամբ ածխաջրեր պոլիսախարիդների խմբից։
Լոռամրգիի պտուղները հարուստ են վիտամիններով, բայց լոռամրգիի հյութի մեջ դրանց պարունակությունն ավելի քիչ է, իսկ վիտամին C-ի պարունակությունը համեմատելի է նարնջի, կիտրոնի, գրեյպֆրուտի և պարտեզի ելակի հյութի հետ։ Ի թիվս այլ վիտամինների, հյութը պարունակում է B1, B2, B5, B6, PP: Լոռամրգիի հյութը վիտամին K1-ի (ֆիլոքինոն) արժեքավոր աղբյուր է, որը չի զիջում կաղամբին և ելակին։
Բացի այդ, լոռամրգիի հյութի քիմիական բաղադրության մեջ նշվում են բետաին և բիոֆլավոնոիդներ՝ անտոցիաններ, լեյկոանտոցիաններ, կատեխիններ, ֆլավոնոլներ և ֆենոլաթթուներ, ինչպես նաև մակրո և միկրոէլեմենտներ՝ զգալի քանակությամբ կալիում, ավելի քիչ ֆոսֆոր և կալցիում։ Առկա է համեմատաբար մեծ քանակությամբ երկաթ, կա նաև մանգան, մոլիբդեն, պղինձ, յոդ, մագնեզիում, բարիում, բոր, կոբալտ, նիկել, անագ, կապար, արծաթ, տիտան, քրոմ, ցինկ, ալյումին և այլն[3]։
Լոռամրգիի հյութն ունի այնպիսի թթվայնության մակարդակ (ph 2.6), որը կարող է քայքայել ատամի էմալը[4][5]։
Լոռամրգիի հյութը լայնորեն կիրառվում է սննդի և օղու արդյունաբերության մեջ։ Այն օգտագործվում է նաև բուժիչ և պրոֆիլակտիկ նպատակներով, քանի որ ենթադրվում է, որ լոռամրգիի հյութն ունի հակաբորբոքային հատկություն, օգտակար է վիտամինների անբավարարության դեպքում և արդյունավետ է կարմրախտի բուժման և կանխարգելման գործում։
Լոռամրգիի հյութը պարունակում է մի նյութ, որը ենթադրվում է՝ ի վիճակի է կանխել բակտերիաների (օրինակ՝ աղիքային ցուպիկի) ամրակցումը միզապարկի պատերին[6]։
Լոռամրգիի հյութը տասնամյակներ շարունակ օգտագործվել է միզուղիների ինֆեկցիաների բուժման համար։ Cochrane Collaboration կազմակերպության վաղ դիտումները ցույց են տվել միզուղիների սիմպտոմատիկ վարակների հաճախականության հնարավոր նվազում հյութը պարբերաբար օգտագործելիս, բայց հետագայում պարզվել է, որ լոռամրգիի հյութը պակաս արդյունավետ է, քան սպասվում էր, և կուտակված տվյալները բավարար չէին բուժման նպատակով խորհուրդ տալու համար։ 2020 թվականի դրությամբ չկա որակյալ ապացույց, որ լոռամրգիի հյութը կարող է կանխել միզուղիների ինֆեկցիաները[7][8]։
Լոռամրգիի հյութը կարող է փոխազդել որպես արյան նոսրացուցիչ օգտագործվող կումարինների հետ, ինչպիսին է վարֆարինը՝ առաջացնելով անկայուն INR[9][10][11]։ The British National Formulary-ը (BNF) և Food and Drug Administration-ը (FDA) խորհուրդ են տալիս խուսափել միաժամանակյա օգտագործումից[12][13]։