Լորաքս իսպ.՝ El Lorax և ուկրաիներեն՝ Лоракс | |
---|---|
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | մանկական գրականություն |
Հեղինակ | Թեոդոր Սուս Գեյսել |
Երկիր | ԱՄՆ |
Բնագիր լեզու | անգլերեն |
Հրատարակչություն | Random House |
Հրատարակվել է | 1971 և հունիսի 23, 1971 |
Նախորդ | Mr. Brown Can Moo! Can You?? |
The Lorax |
Լորաքս (անգլ.՝ The Lorax), Թեոդոր Սուս Գեյսելի մանկական չափածո հեքիաթը, որն առաջին անգամ հրատարակվել է 1971 թվականին[1]։
Գրքում անձնավորման միջոցով պատմվում է այն մասին, թե բնությանն ինչ վնաս կարող է հասցնել ձեռնարկությունների ժլատությունը։ Արդյունաբերությունը ներկայացվում է որպես The Once-Ler (Մեկ-երկու և պատրաստ է), որի դեմքը չի արտացոլվում ոչ գրքի նկարազարդումներում, ոչ էլ 1972 թվականի էկրանավորման մեջ։
Ինչպես հեղինակի գրքերի մեծ մասում, այս ստեղծագործության մեջ հիշատակվող արարածների մեծ մասը նույնպես օրիգինալ են։
Գրքի սկզբում նկարագրվում է խորհրդավոր, գորշ ու տխուր քաղաք՝ սալահատակի վրա «ԱՌԱՅԺՄ» գրությամբ, որի գաղտնիքը կարելի է գուշակել միայն այն ժամանակ, երբ ընթերցող տղան[Ն 1] գտնի Մեկ-երկու և պատրաստ է[Ն 2] (անգլ.՝ Once-ler) տարօրինակ մենակյացին և նրան վճարի 15 ցենտ, մեխ և նախանախանախապապի խխունջի խեցին, որպեսզի նա պատմի, որ ինչ է պատահել այստեղ։ Մեկ-երկու և պատրաստ է պատմում է այն մասին, թե ինչպես է ինքը եկել այստեղ, որ այն ժամանակ ծաղկող հովիտ էր, որտեղ ապրում էին վայրի կենդանիներ և աճում էին տրյուֆելային ծառեր։ Նա սկսել է այդ ծառերից պատրաստել ունիվերսալ երևույթ, որը «պետք է ունենա յուրաքանչյուր ոք»։ Այն կարելի է օգտագործել որպես վերնաշապիկ, գուլպա, ձեռնոց, գլխարկ, գորգ, բարձ և այլն։
Դրանից հետո կոճղի մեջից հայտնվում է Լորաքսը[Ն 3], որը հանդես է գալիս ի պաշտպանություն ծառերի, որովհետև ծառերը խոսել չգիտեն, և փորձում է նախազգուշացնել նրանց հատումից սպասվող վնասի մասին։ Բայց այդ ժամանակ հայտնվում է առաջին գնորդը, այդ պատճառով էլ Մեկ-երկու և պատրաստ է միայն ծաղրում է Լորաքսին, ինչից հետո կանչում է ազգականներին՝ ասելով, որ իրենք հնարավորություն ունեն հարստանալու, եթե նրանք իրեն օգնեն ֆաբրիկայում։
Ֆաբրիկան սկսում է ընդլայնվել, երբեմնի գեղեցիկ երկիրը սկսում է խեղդվել աղբից, և Լորաքսը կենդանիներին ուղարկում է ավելի հյուրընկալ վայր։ Մեկ-երկու և պատրաստ է հայտարարում է դժգոհ Լորաքսին, որ նա, միևնույն է, ընդլայնելու է արտադրությունը, բայց այդ պահին հատվում է վերջին տրյուֆելային ծառը։ Առանց հումքի ֆաբրիկաները փակվում են, և նրա ազգականները հեռանում են։ Այդ ժամանակ Լորաքսը «ափսոսանքով հետ է նայում» և թռչում դեպի ամպերը։
Մեկ-երկու և պատրաստ է մնում է մենակ իր ավերված բնակավայրում, և այդ ժամանակ նա մտածում է Լորաքսի հրաժեշտի ուղերձը՝ «ԱՌԱՅԺՄ» գրությամբ սալի մասին։ Ներկայացնելով իր պատմությունը տղային՝ նա հանկարծ հասկանում է, թե ինչ է նշանակում նրա ուղերձը. եթե ոչ ոք հոգ չտանի, ոչինչ չի փոխվի։ Մեկ-երկու և պատրաստ է տղային տալիս է տրյուֆելային ծառի վերջին սերմը՝ հույս ունենալով, որ եթե անտառի նորից աճի, «Լորաքսն ու նրա ընկերները կվերադառնան»։
2007 թվականի օնլայն հարցման հիման վրա Կրթության ազգային ասոցիացիան (անգլ.՝ National Education Association) «Լորաքս» գիրքն ընդգրկել է «երեխաների համար նախատեսված 100 գրքերի ցանկում»[2]։ Գիրքն ընդգրկվել է նաև բոլոր ժամանակների «հարյուր լավագույն նկարազարդ գրքերի» ցանկում 2012 թվականին «School Library Journal» պարբերականի վարկածով[1]։
2011 թվականին գրքի հրատարակման 40-ամյակի առթիվ «Nature» ամսագրում տպագրված իր հեդվածում Էմմա Մարրիսը Լորաքսին բնութագրել է որպես «մարդատյաց էկոլոգի ծաղրանմանակում»։ Նա գիրքը կոչել է «մռայլ» և հայտարարել, որ կասկածում է, թե այն լավ է փոքր երեխաների համար։ Այնուամենայնիվ, նա ընդհանուր առմամբ գովել է գիրքը և Սյուզին շրջակա միջավայրի պահպանության գործում «հիմարության և թախծի սահմանները» հասկանալու համար[3]։
2012 թվականի էկրանավորման առթիվ նշվել է, որ «Լորաքս» գրքի համանուն հերոսը պաշտպանում է ծառերն ու հանդես գալիս անսահման ժլատության դեմ, սակայն խուսափում է չափազանց ձանձրացնող լինելուց։ Միևնույն ժամանակ գրքի ուղերձը շատ բարդ է էկրանին այն զվարճալի պատկերելու համար, չնայած այն հիշատակվում է «Ավատար» ֆիլմի մի տեսարանում, ինչպես նաև հեղինակին հաջողվել է այնպես անել, որ 1970-ական թվականներին ստեղծված գիրքը պահպանի իր արդիականությունը նաև ներկայում[4]։
2010 թվականի «Ավատար» ֆիլմի ընդլայնված տարբերակում աբորիգենների դպրոցի նախկին շենքում ընթացող տեսարանում ակնարկվում է, որ «Լորաքս» գիրքն այնտեղ օգտագործվել է որպես ուսումնական ձեռնարկ[4]։
Պրեմիերան կայացել է CBS ալքիով 1972 թվականի փետրվարի 15-ին։ Մուլտֆիլմն ստեղծվել է «DePatie-Freleng Enterprises» ընկերության կողմից, ռեժիսորը եղել է Հոլի Փրեթը, դերերը հնչյունավորել են Էդդի Ալբերտը և Բոբ Հոլթը։ Մուլտֆիլմի կրճատված տարբերակն օգտագործվել է 1994 թվականի «Դոկտոր Սյուզին որոնելիս» ֆիլմում։
2012 թվականի մարտի 2-ին տեղի է ունեցել 3D CGI ֆիլմի պրեմիերան, որը գրքի հիման վրա նկարահանել են «Universal Studios» և «Illumination» ընկերությունները" Պրեմիերան նվիրվել է գրքի հեղինակի ծննդյան 108-ամյակին[5]։ Գլխավոր դերերը հնչյունավորել են Դեննի Դե Վիտոն, Զաք Էֆրոնն ու Էդ Հելմսը։ Դեննի Դե Վիտոն ինքն է հնչյունավորել Լորաքսին մուլտֆիլմի իսպաներեն, իտալերեն, ճապոներեն, գերմաներեն և ռուսերեն կրկնօրինակումներում[5]։ Ֆիլմում Մեկ-երկու և պատրաստ է դադարել է խիստ խորհրդավոր լինելուց, իսկ նրա գործությունները բնության հանդեպ պայմանավորված են նրա ընտանիքի ծանր դրությամբ։ Դրանից բացի, ֆիլմում կան մի շարք հերոսներ, որոնց բացակայում են գրքում և նախորդ մուլտֆիլմում։
Թողարկվել է գրքի երկու տարբերակ CD-ով ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում. առաջինում պատմողը Թեդ Դենսոնն է (Listening Library, ISBN 978-0-8072-1873-0) երկրորդում՝ Ռիք Մայելը (HarperCollins, ISBN 978-0-00-715705-1)։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լորաքս (գիրք)» հոդվածին։ |
|