Լուի Ռեո ֆր.՝ Louis Réau | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1, 1881[1][2][1][…] |
Ծննդավայր | Պուատիե[3] |
Մահացել է | հունիսի 10, 1961[2][4][5][…] (80 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա[3] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Բարձրագույն նորմալ դպրոց և Լուվրի դպրոց |
Գիտական աստիճան | agrégation d'allemand? (1904) |
Մասնագիտություն | արվեստագետ, գերմանագետ, բանասեր, համալսարանի դասախոս և արվեստի քննադատ |
Զբաղեցրած պաշտոններ | տնօրեն |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Marianne Cornevin? |
Louis Réau Վիքիպահեստում |
Լուի Ռեո (ֆր.՝ Louis Réau, հունվարի 1, 1881[1][2][1][…], Պուատիե[3] - հունիսի 10, 1961[2][4][5][…], Փարիզ, Ֆրանսիա[3]), ֆրանսիացի արվեստաբան, ռուսական, ֆրանսիական և միջնադարյան արվեստի մասնագետ, պատկերագրության մեթոդի ներկայացուցիչ։ Սանկտ Պետերբուրգի Ֆրանսիական ինստիտուտի տնօրեն։
Լուի Ռեոն ծնվել է 1881 թվականին Պուատիե քաղաքում։ Ավարտել է Փարիզի բարձրագույն նորմալ դպրոցը, որտեղ ուսումնասիրել է գերմանական բանահյուսություն։ Ավելի ուշ հաճախել է նաև ռուսերենի դասընթացների Արևելյան լեզուների և մշակույթների ազգային ինստիտուտում[6][7][8]։ Արդյունքում դարձել է պոլիգլոտ․ ըստ Ժերման Բազենի հուշերի՝ Ռեոն պնդել է, որ տիրապետում է եվրոպական բոլոր լեզուներին՝ բացառությամբ բուլղարենի և պորտուգալերենի[9]։
1908-1911 թվականներին Ռեոն Նանսիի համալսարանում համեմատական գրականագիտություն է դասավանդել[10]։ Այս շրջանին են վերաբերում նրա առաջին արվեստաբանական աշխատանքները՝ «Art français sur le Rhin au XVIII siècle»-ը (1908) և «Primitifs allemands»-ը (1910)[7]։
Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև միության կնքումից հետո երկու երկրների միջև մշակութային կապերի ինտենսիվ զարգացման շրջանում որոշում է ընդունվել Սանկտ Պետերբուրգում Ֆրանսիական ինստիտուտ ստեղծելու մասին։ Ինստիտուտի առաջին տնօրենը 1911 թվականին դարձել է Լուի Ռեոն[9]։ Նրա կազմակերպած դասընթացները՝ նախատեսված ռուսների համար, որոնք տիրապետում են ֆրանսերենին, ներառում էր երկու փուլ՝ «Ֆրանսիական գրականության պատմություն» և «Քաղաքակրթության և արվեստի պատմություն»[11]։ Բացի դրանից, նրա նախաձեռնությամբ և ռուս նկարիչներ Լեոն Բակստի, Ալեքսանդր Բենուայի, Իգոր Գրաբարի և այլոց օժանդակությամբ կայացել է «Ֆրանսիական արվեստի հարյուր տարին (1812—1912)» ցուցահանդեսը, որը դարձել է Ֆրանսիայի սահմաններից դուրս երբևէ անցկակցված ֆրանսիական արվեստի ամենալայնածավալ ցուցահանդեսը[7][12]։
1913 թվականին Ռեոն հեռացել է Ֆրանսիական ինստիտուտից, նրա փոխարեն նշանակվել է Ժյուլ Պատույեն[12]։ 1914 թվականին նա լեյտենանտի կոչումով բանակ է զորակոչվել․ ծառայել է որպես ռուսերենի և գերմաներենի թարգմանիչ։ 1917 թվականին, ստանալով կապիտանի աստիճան, ղեկավարել է ռազմական նախարարության ռուսական մամուլի ծառայությունը[10]։
Պատերազմի ավարտից հետո դասավանդել է արտասահմանի ֆրանսիական ինստիտուտներում․ 1922 թվականին ստացել է փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան[10]։ Այդ ժամանակ է, որ սկսել է աշխատել «Ֆրանսիական արվեստի ազդեցություն» (Histoire de l’expansion de l’art français) աշխատության վրա, որը լույս է տեսել չորս հատորով 1923-1934 թվականներին[9][13]։ 1922 թվականին ավարտվել է նրա երկու հատորանոց «Ռուսական արվեստի պատմություն» գիրքը՝ դառնալով ֆրանսերենով ռուսական արվեստի մասին առաջին գիրքը[6][13]։
1924 թվականին Ռեոն դարձել է «Gazette des Beaux-Arts»-ի գլխավոր խմբագիրը[6]։ 1930-1938 թվականներին եղել է Վիենայում Ֆրանսիական ինստիտուտի տնօրենը։ 1938-1951 թվականներին միջնադարյան արվեստի պատմություն է դասավանդել Սորբոնում, քանդակագործության պատմություն՝ Լուվրի դպրոցում և արվեստի պատմություն՝ Սևրի Բարձրագույն նորմալ դպրոցում[10]։
1947 թվականին Ռեոն ընտրվել է ֆրանսիական Գեղարվեստի ակադեմիայի անդամ[10]։ Եղել է Ֆրանսիական ակադեմիայի, Գիտությունների թագավորական ակադեմիայի, Բելգիայի գրականության և գեղարվեստի, Լիսաբոնի Գեղարվեստի ակադեմիայի, Հունգարիայի գիտությունների ակադեմիայի և Վարշավայի գիտության և գրականության ակադեմիայի անդամ։ Նրա պարգևներից են՝ «Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» պատվո նշան, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշան և այլն[10]։
Լուի Ռեոն ավելի քան 400 հոդվածների և տարաբնույթ թեմաներով մենագրությունների (առաջին հերթին ռուսական, ֆրանսիական և միջնադարյան եվրոպական արվեստների մասին) հեղինակ է[14]։ Գլխավոր ստեղծագործությունների թվում են՝ «Histoire de la peinture française au XVIIIe siècle» (1925-1926), «Ռումինական մշակույթ» (1946), «Iconographie de l’art chrétien» (1955-1959) և «Histoire du vandalisme: les monuments détruits de l’art français» (1959)[6][10]։ Բացի դրանից, Ռեոն Պետեր Ֆիշերի և Մաթիաս Գրունեվալդի, նաև մի շարք ֆրանսիացի քանդակագործների, ներառյալ՝ Էթիեն Մորիս Ֆալկոնեի, Լեուման դինաստիայի, Ժան Բատիստ Պիգալի և Ժան Անտուան Հուդոնի մասին մենագրությունների հեղինակ է[6][10]։
Ժերմեն Բազենն իր «Արվեստի պատմության» մեջ Ռեոյին անվանում է «հիրավի տիեզերական մասշտաբի» հետազոտող[15]։ Չնայած այն բանին, որ ներկայումս Լուի Ռեոյի որոշ գործեր հնացած են համարվում, իսկ նրա մոտեցումը հիմնականում վիճելի է, ընդհանուր առմամբ նրա գործերը չեն կորցրել իրենց նշանակությունը[8][14]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուի Ռեո» հոդվածին։ |
|