Լուիզ Մուշիկիվաբո | |
![]() | |
Կուսակցություն՝ | Ռուանդայի հայրենասիրական միություն |
---|---|
Կրթություն՝ | Ռուանդայի ազգային համալսարան և Դելավերի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | մայիսի 22, 1961 (63 տարեկան) |
Ծննդավայր | Կիգալի, Ռուանդա |
Քաղաքացիություն | ![]() |
Լուիզ Մուշիկիվաբո (ֆր.՝ Louise Mushikiwabo, մայիսի 22, 1961, Կիգալի, Ռուանդա), ռուանդացի քաղաքական գործիչ։ Ռուանդայի արտաքին գործերի և համագործակցության նախարար(2009 թվականից[1]), պաշտոնավարում է նաև որպես կառավարության խոսնակ։ Զբաղեցրել է Ռուանդայի տեղեկատվության նախարարի պաշտոնը ( 2008-2009 թթ.): 2018 թվականին առաջադրվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (OIF) գլխավոր քարտուղարի պաշտոնում, և Երևանում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի ժամանակ ընտրվել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար[2][3]։
Լուիզ Մուշիկիվաբոն ծնվել է 1961 թվականին, Ռուանդայի մայրաքաղաք Կիգալիում[4], Բատսոբ կլանի տուտսի[5] Բիտսինդինկումինի և Նյիրատուլիրայի ընտանիքում։ Հայրը եղել է ֆերմեր, զբաղվել է ընտանեկան փոքրիկ կալվածքի գործերով և սուրճի պլանտացիայում զբաղվել է հաշվապահությամբ[5][6]։ Լուիզ Մուշիկիվաբոյի մանկությունն անցել է Կիգալիում[7]։ Եղել է ընտանիքի 9 երեխաներից կրտսերը[8]։ Նրա եղբայրը՝ Լանդո Նդասինգվան, եղել է Ռուանդայի հայտնի գործարար և քաղաքական գործիչ, նախքան Ռուանդայի ցեղասպանության ժամանակ սպանվելը[7]։ Քույրը՝ Էնն-Մարի Կանտենգվան, եղբոր մահից հետո զբաղվել է նրա «Chez Lando» հյուրանոցայի բիզնեսով և 2003-2008 թթ. պաշտոնավարել է Ռունադայի խորհրդարանում[9]։
Կիգալիում տարրական և միջնակարգ կրթություն ստանալուց հետո 1981 թվականին Մուշիկիվաբոն ուսումը շարունակել է Բուտարե քաղաքի հարավում գտնվող Ռուանդայի ազգային համալսարանում (այժմ՝ Ռուանդայի համալսարան)[4]։ 1984 թվականին ավարտել է համալսարանը՝ ստանալով անգլերենի բակալավրի աստիճան, այնուհետև կարճ ժամանակահատված միջնակարգ դպրոցում անգլերեն է դասավանդել[4]։ 1986 թվականին արտագաղթել է ԱՄՆ[10] և Դելավերի համալսարանում ստացել ֆրանսերեն լեզվի և թարգմանության մագիստրոսի աստիճան[11]։ 1988 թվականին կրթությունն ավարտելուց հետո մնացել է ԱՄՆ-ում[11] և հաստատվել Վաշինգտոնում[12]։ Կարիերան սկսել է աշխատելով լոբբիստական կազմակերպությունների համար, նախքան Աֆրիկյան զարգացման բանկում (ԱԶԲ) պաշտոն զբաղեցնելը, որպես ԱԶԲ-ի պաշտոնյա որոշ ժամանակ բնակվել է Թունիսում[12], այնուհետև դարձել է բանկի հեռահաղորդակցության գծով տնօրեն[8]։
2006 թվականին Մուշիկիվաբոն գրել է Rwanda Means the Universe («Ռուանդա նշանակում է տիեզերք») գիրքը[13], որի համահեղինակն է ամերիկացի լրագրող և ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի նախկին ծովային Ջեք Կրամերը[14]։ Գիրքը կիսով չափ ինքնակենսագրական է՝ նկարագրելով Մուշիկիվաբոյի ընտանեկան պատմությունը, նրա կյանքի վաղ շրջանը Ռուանդայում և իր փորձը Միացյալ Նահանգներ արտագաղթելու վերաբերյալ[13]։ Այն նաև մանրամասն նկարագրում է Ռուանդայի ցեղասպանությունը պատմական տեսանկյունից, ինչպես նաև Մուշիկիվաբոյի անձնական տեսակետից Վաշինգտոնում ապրելու տարիներին, երբ նա ստացել է իր ընտանիքի անդամներից շատերի սպանվելու լուրը[13]։
Լուիզ Մուշիկիվաբոյի եղբայրը` Լանդո Նդասինգվան, Ժուվենալ Հաբիարիմանայի կառավարությունում եղել է վերջին տուտսի նախարարը, սակայն սպանվել է 1994 թվականի ցեղասպանության ժամանակ[15]։ Քույրը՝ Էնն-Մարի Կանտենգվան, եղբոր սպանությունից հետո զբաղվել է նրա «Chez Lando» հյուրանոցի և ռեստորանի կառավարմամբ։ Մուշիկիվաբոն ռուանդացի գիտնական և հոգևորական Ալեքսիս Կագամեի զարմուհին է[6]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիզ Մուշիկիվաբո» հոդվածին։ |
|