Լուիզ Ոսկերչյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | նոյեմբերի 9, 1922[1] Ուոթերթաուն, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[1] |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | մարտի 13, 2000 (77 տարեկան) Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Մասնագիտություն | երաժշտության ուսուցիչ և դաշնակահարուհի |
Գործիքներ | դաշնամուր[1] |
Աշխատավայր | Հարվարդի համալսարան[1] և Բրանդեյսի համալսարան[1] |
Կրթություն | Նոր Անգլիայի կոնսերվատորիա |
Լուիզ Ոսկերչյան (անգլ.՝ Luise Vosgerchian, նոյեմբերի 9, 1922[1], Ուոթերթաուն, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[1] - մարտի 13, 2000, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ)[2], ամերիկահայ դաշնակահարուհի, մանկավարժ, Հարվարդի համալսարանի պրոֆեսոր[3]։
Լուիզ Ոսկերչյանը ծնվել է 1922 թվականի նոյեմբերի 9-ին Ուոթերթաուն քաղաքում (ԱՄՆ), հայ էմիգրանտների ընտանիքում[4]։ Սկզբնական երաժշտական կրթությունն ստացել է ծննդավայրում։ 1945 թվականին ավարտել է Բոստոնի «Նյու Ինգլանդ» կոնսերվատորիան (Գ. Օնդրիսեկի դասարան)։ Ուսման տարիներին մենահամերգներով հանդես է եկել Բոստոնում։ 1948 թվականին The New York Times ամսագիրը գրել է նրա մենահամերգներից մեկի մասին[5]։
1949 թվականին կատարելագործվել է Փարիզի կոնսերվատորիայում (ղեկավար՝ Նադիա Բուլանժե), հաճախել նաև ստեղծագործության դասարանի պարապմունքներին։ Ծանոթացել է ժամանակակից ֆրանսիական երաժշտական դպրոցի կատարողական սկզբունքներին, երկերի մեկնաբանման առանձնահատկություններին, հակադիր հնչյունների փոխանցումների վարպետությանը։ Կատարողական երկացանկը հարստացրել է ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործություններով։
1956 թվականին վերադարձել է ԱՄՆ. դասավանդել է Բրանդեյսի համալսարանում, 1959-1990 թվականներին՝ Հարվարդի համալսարանի երաժշտության ֆակուլտետում (պրոֆեսոր՝ 1971 թվականից)։ Դասավանդել է ապագա ականավոր շատ երաժիշտների[6]։ Նրա ամենահայտնի ուսանողների թվում են եղել Ալիսոն Չառնին, Յո-Յո Ման, Ջոն Քուլիջ Ադամսը, Բոբի Մաքֆերինը, Սթիվեն Պրուսլինը և Ռիչարդ Սենթ Քլերը[7]։
1958 թվականից մի քանի անգամ հանդես է եկել Բոստոնի (դիրիժորներ՝ Շառլ Մյունշ, Սերգեյ Կուսևիցկի), Նյու Յորքի սիմֆոնիկ նվագախմբերի հետ, մենահամերգներով շրջագայել ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Անգլիայում. երկացանկում ընդգրկված են եղել Յ. Ս. Բախի, Լ. վան Բեթհովենի, Ա. Կրաֆտի, Զ. Կոդայի, Ա. Խաչատրյանի, Ա. Բաբաջանյանի, Աարոն Կոպլենդի և ուրիշների ստեղծագործություններից։
Ֆիզիկոս Բրայան Գրինն իր «Մինչև ժամանակի վերջը» (անգլ.՝ «Until the End of Time») գրքում Ոսկերչյանին նկարագրել է որպես իր ամենաազդեցիկ ուսուցիչներից մեկը՝ նշելով, որ նա «խորը հետաքրքրություն է ցուցաբերել այն բանի նկատմամբ, թե ինչպես են գիտական հայտնագործությունները առնչվում գեղագիտական զգացմունքների հետ»։
Լուիզ Ոսկերչյանը մահացել է 2000 թվականի մարտի 13-ին ԱՄՆ Էքտոն քաղաքում։ Հոգեհանգստյան արարողությունն անցկացվել է Սանդերս թատրոնում[8]։
Հարվարդի համալսարանը սահմանել է Լուիզ Ոսկերչյանի դասախոսական մրցանակ[6]։
Լուիզ Ոսկերչյանն ամուսնացած է եղել Կամիլ Պագաջիկի հետ. նրանք ծանոթացել էին 1949 թվականին Փարիզում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |