Լուկա Մենալո (խորվ.՝ Luka Menalo, հուլիսի 22, 1996(1996-07-22)[1][2], Չապլինա, Հերցեգովինա-Ներետվա կանտոն, Բոսնիա և Հերցեգովինա ֆեդերացիա, Բոսնիա և Հերցեգովինա), խորվաթական ծագմամբ բոսնիացի ֆուտբոլիստ, որը խաղում է կիսապաշտպանի դիրքում։ Այժմ հանդես է գալիս խորվաթական Զագրեբի «Դինամոյում»։ Բոսնիայի և Հերցեգովինայի ազգային հավաքականի խաղացող է 2018 թվականից։
Լուկա Մենալոն ծնվել է Խորվաթիայի Սպլիտ քաղաքում, բայց մեծացել է բոսնիական Չապլինայում, որտեղի համանուն թիմում էլ սկսել է ֆուտբոլիստի կարիերան։ 2014 թվականի օգոստոսին նա տեղափոխվել է բոսնիական «Շիրոկի Բրիեգ»։ 2015 թվականի մայիսի 9-ին Մենալոն իր նորամուտն է նշել Բոսնիայի Պրեմիեր լիգայում՝ փոխարինման դուրս գալով Զենիցայի «Չելիկի» դեմ արտագնա խաղի 66-րդ րոպեին[3]։ Խաղադաշտում հայտնվելուց 22 րոպե անց նա խփել է իր առաջին գոլը առաջնությունում։ 2017 թվականի ապրիլի 2-ին Մենալոն հեթ-տրիկի հեղինակ է դարձել Բոսնիայի Պրեմիեր լիգայի Սարաևոյի «Օլիմպիկի» դեմ տնային խաղում[4]։ Ինը ամիս անց նա կրկնել է այս նվաճումը «Չելիկի» հետ արտագնա խաղում, որը նույնպես անցկացվում էր Բոսնիա և Հերցեգովինայի առաջնության շրջանակներում[5]։
2018 թվականի փետրվարի 13-ին Լուկա Մենալոն պայմանագիր է կնքել Զագրեբի «Դինամոյի» հետ մինչև 2023 թվականը, բայց վարձավճարով շարունակել է խաղալ «Շիրոկի Բրիեգում» մինչև մրցաշրջանի ավարտը[6]։ 2018/19 մրցաշրջանում Զագրեբի «Դինամոյի» կազմում դարձել է Խորվաթիայի չեմպիոն[6]։
2018 թվականի հունվարի 28-ին Լուկա Մենալոն իր նորամուտն է նշել Բոսնիայի և Հերցեգովինայի ազգային հավաքականում՝ հիմնական կազմում խաղադաշտ դուրս գալով Ամերիկայի Միացյալ Նահանգների հավաքականի դեմ արտագնա ընկերական խաղում[7]։
«Շիրոկի Բրիեգ»
- Բոսնիա և Հերցեգովինայի գավաթակիր (1)՝ 2016/17
«Դինամո Զագրեբ»
- Խորվաթիայի չեմպիոն (1)՝ 2018/19