Լուսնային ժամացույց, ժամանակի չափման սարք, գործում է արևային ժամացույցի սկզբունքով։ Քանի որ Լուսնի տեսանելի շարժումը երկնքում ամբողջովին տարբերվում է Արևի շարժումից, լուսնային ժամացույցը ճիշտ ժամանակը ցույց է տալիս միայն լիալուսնի գիշերը։ Լիալուսնից հետո ամեն հաջորդ օր ժամացույցը հետ է ընկնում 48 րոպեով, իսկ լիալուսնին նախորդող գիշերը առաջ է ընկնում 48 րոպեով։ Այդպիսով՝ լիալուսնին նախորդող կամ հաջորդող մեկ շաբաթում «սխալների կուտակման» հետևանքով ժամացույցը առաջ կամ հետ է ընկնում 5 ժամ 36 րոպեով։ Այս հատկությունը բնորոշ է պարզ մեխանիզմով աշխատող լուսնային ժամացույցներին։
Առավել բարդ կառուցվածք ունեցող լուսնային ժամացույցները, որոնք հագեցած են տարբեր տեսակի ցուցիչներով, նախագծված են ժամացույցի գտնվելու տեղանքի լայնության և երկայնքի հաշվարկով։
Լուսնի ուղեծիրը շրջանաձև չէ, և Երկրի շուրջը Լուսնի շարժումը անհամաչափ է։ Չնայած ժամանակի հաշվարկի տարբերությունը ամեն փուլում կազմում է 48 րոպե, իրականության մեջ այն կարող է փոփոխվել 20 րոպեից մինչև 1 ժամ 50 րոպե՝ կախված տարվա եղանակից, ուղեծրում Լուսնի դիրքից, դիտողի դիրքից։ Այսպես՝ միջին լայնություններում լիալուսինը օգոստոսին ամեն օր մայր է մտնում գրեթե նույն ժամին։ Բնականաբար լուսնային ժամացույցի տվյալները այդ դեպքում կտարբերվեն։