Լուսնային մեծ խաբեություն անգլ.՝ Great Astronomical Discoveries Lately Made by Sir John Herschel at the Cape of Good Hope | |
---|---|
![]() Լուսնի մուկ-մարդիկ, կենդանիները և բնապատկերը. 19-րդ դարի վիմագրություն | |
Տեսակ | թերթի հոդված |
Ժանր | գիտական ֆանտաստիկա և կեղծ գիտություն |
Հեղինակ | Ռիչարդ Ադամս Լոք |
Բնագիր լեզու | անգլերեն |
Հրատարակչություն | The Sun |
Հրատարակվել է | 1835 |
Թվային տարբերակ | hoaxes.org/text/display/the_great_moon_hoax_of_1835_text/ |
![]() |
«Լուսնի մեծ խաբեությունը» (անգլ.՝ The Great Moon Hoax) կամ Լուսնային «զգայացունց սուտ», վեց էսսեներից բաղկացած շարք, որը հրապարակվել է 19-րդ դարի առաջին կեսին Նյու Յորքի The Sun թերթում Լուսնի վրա խելացի կյանքի և քաղաքակրթության ենթադրյալ գոյության մասին, որի հայտնագործությունը վերագրվել է աստղագետ Ջոն Հերշելին:
Ենթադրվում է, որ այս գիտական խաբեության հեղինակը Sun-ի լրագրող Ռիչարդ Ադամս Լոքն է, թեև նա երբեք հրապարակայնորեն չի ընդունել դա: Լոքի մտերիմ ընկերը և կենսագիր Ուիլյամ Գրիգսը, որը 1852 թվականին հրապարակել է լրագրողի կենսագրությունը, պնդել է նրա հեղինակությունը, սակայն այդ հարցը դեռևս վերջնական պարզված չէ։
1835 թվականի օգոստոսի 25-ից օգոստոսի 31-ը Sun օրաթերթի հերթական համարներում հայտնվել է վեց հոդվածներից բաղկացած մի շարք[Ն 1]: Յուրաքանչյուրի վերնագրում ասվում էր.
Առաջին հոդվածում լրջորեն հաղորդվել է, որ Ջոն Հերշելը իբր ստեղծել է աննախադեպ չափի ռեֆլեկտոր՝ արտացոլող աստղադիտակ, որը կառուցված է բոլորովին նոր սկզբունքով։ Հաջորդ հոդվածում մանրամասն ներկայացվել է այդ աստղադիտակի նախագծման մանրամասները։ Ըստ որի՝ աստղադիտակի հսկա հայելային ոսպնյակի քաշը մոտ յոթ տոննա էր: Անդրադարձնող աստղադիտակի նոր տեսակը, սկզբունքորեն զուրկ էր խողովակից, կարող էր պտտվել լծակների համակարգի միջոցով, օկուլյարի վրա ամրացված մանրադիտակը, ենթադրաբար, հնարավորություն էր տալիս բազմիցս հասնել ստացված պատկերի 42000 անգամ խոշորացման և այն ցուցադրել պատին ամրացված էկրանին, որտեղ կարելի էր տեսնել ամենափոքր մանրամասները:
Անգլիական կառավարությունը, որը գումար էր հատկացրել նման անհավանական սարքի կառուցման համար, պարտավորեցրել էր բոլոր նախաձեռնողներին պահպանել լիակատար գաղտնիություն՝ իբր անհաջող արդյունքների դեպքում խայտառակությունից խուսափելու և հաջողության դեպքում հնարավորություն ունենալու «իրենց ողջ փառքով ներկայացնել ազգի և թագի մեծ փառքին»։ The Sun թերթը կարողացել է առաջինը հրապարակել տեղեկատվություն իր լրագրողներից մեկի՝ Ուիլյամ Հերշելի ուսանող և Ջոն Հերշելի «մշտական քարտուղար» ոմն դոկտոր Էնդրյու Գրանտի հետ ունեցած ընկերության շնորհիվ (հետագայում պարզվել է, որ դոկտոր Գրանտ գոյություն չունի)[1]:
Այս արտասովոր գործիքի օգտագործումը ենթադրաբար Հերշելին հնարավորություն է տվել «հիմնել գիսաստղերի նոր տեսություն. նաև, լուծելով կամ շատ առումներով կատարելագործելով մաթեմատիկական աստղագիտության առջև ծառացած գրեթե բոլոր կարևորագույն խնդիրների լուծումները», պարզ տեսնել լուսնի մակերեսը մոտ 100 անգլիական յարդ տեսանելի հեռավորության վրա և, վերջապես, կատարել զարմանալի բացահայտում, որ Լուսինը բնակեցված է մարդանման էակների ռասայով:
Մեկնելով Բարի Հույսի հրվանդան՝ միջօրեականի աղեղը ճշգրիտ չափելու նպատակով, որի համար անհրաժեշտ էր ուսումնասիրել Մերկուրիի անցումը արեգակնային սկավառակի վրայով, Հերշելը և նրա օգնականները կարճ ժամանակում կարողացել են կառուցել փոքր փայտե աստղադիտարանի շենք, որի «սիրտը հսկա աստղադիտակն էր»[1]:
Իր աստղադիտակի օկուլյարն ուղղելով դեպի Լուսինը՝ Հերշելն, իբր, կարողացել է նրա մակերևույթի վրա տեսնել ծովեր, օվկիանոսներ, գետեր, բազմաթիվ հրաբուխներ՝ ակտիվ և հանգած, եղևնիներ և սաղարթավոր անտառներ, արմավենիներ և, վերջապես, մրգեր և ծաղիկներ: Հոդվածում նկարագրված են նաև անհավանական լանդշաֆտներ. ժայռաբյուրեղապակուց պատրաստված կղզիներ՝ նույն քարի բեկորներով սփռված լողափերով, ծիածանի բոլոր գույներով շողշողացող արևի տակ, պինդ շափյուղաներից պատրաստված լեռների գագաթներ և լուսնային լճերով անկյունագծով հատող թափանցիկ քվարցային լեռնաշղթաներ[1]:
Աստղադիտակի տեսադաշտում հայտնվել են բազմաթիվ կենդանիներ և թռչուններ, որոնք նման էին երկրային բիզոններին և ոչխարներին, զվարճալի կենդանիներ, որոնք հիշեցնում էին կապույտ այծեր, բայց ճակատի մեջտեղում աճող մեկ եղջյուրով, այնպես որ այն հովիտը, որտեղ նրանք առաջին անգամ նկատվել էին, որոշվել էր կոչվել «Միաեղջյուրի հովիտ»: Այստեղ հայտնաբերվել են նաև եղջյուրավոր արջ, եղջերուների մի քանի տեսակներ և թռչունների բազմաթիվ տեսակներ, մասնավորապես մոխրագույն հավալուսն, արագիլ և վայրի աղավնիներ:
Բացի այդ, Հերշելին իբր հաջողվել է բացահայտել Լուսնի վրա բնակվող խելացի էակների առաջին հետքերը: Պարզվել է, որ նրանք երկոտանի կուղբեր են, որոնք ապրում էին տնակներում և գիտեին կրակից օգտվել, ինչի մասին են վկայում խրճիթների տանիքներից բարձրացող ծխի քուլաները: Այս կուղբերը, որոնք սովորաբար իրենց ձագերին կրում էին առջևի վերջույթներով, մի քանի անգամ երևացել են աստղադիտակով, այնուհետև հնարավոր է եղել տեսնել մարդկանց ավելի շատ նման արարածներին[1]:
Այդ մարդանման արարածները մկնիկներ էին («Vespertilio-homo»), որոնք չղջիկների պես թաղանթաթև էին, դեմքը նման էր օրանգուտաններին, ծածկված էին մուգ մորթով և զբաղմունքը բացառապես մրգեր ուտելը, լուսնային գետերում լողանալը, տեղից տեղ թռչելը և զվարճություններն էին, որոնց մասին ասվում էր, որ դրանք «մեծ դժվարությամբ կարող ենք համաձայնեցնել պարկեշտության մասին երկրային մեր պատկերացումների հետ»[2]:
Եվ իբր, հետագա դիտարկումները ցույց են տվել, որ Լուսնի վրա կա ոչ թե մեկ, այլ մի քանի թևավոր մկների ցեղեր, և որքան բաց է նրանց մաշկի երանգը, այնքան ավելի զարգացած է այն համայնքը, որին նրանք պատկանում են՝ միաժամանակ մնալով նույն միամիտ և անվնաս վայրի արարածները: Այս մկնային տարատեսակներից վերջինը, որը նկարագրվել է օգոստոսի 31-ի համարում, իր տեսքով «շատ չի զիջում հրեշտակներին»[1]։
Բացի այդ, դիտարկումները ցույց էին տվել, որ լուսնային մկնիկներից (կամ չղջիկներից) գոնե մի քանիսը կարող են կատարել բարդ շինարարական առաջադրանքներ, ստեղծել կենցաղային իրեր և արվեստի գործեր։ Դիտարկման գագաթնակետը լուսնային տաճարն էր՝ ողորկած շափյուղայե պատերով և պղնձե տանիքով[1]:
Տաճարը դատարկ էր, ներսում, շափյուղա սյուների միջև չէին երևում ոչ զոհասեղաններ, ոչ զոհարաններ, ոչ էլ աղոթողներ, ինչը թույլ էր տալիս ենթադրել, որ սա ոչ թե կրոնական, այլ գիտական կառույց է, կամ վաղուց անցած սերունդների կառուցած հուշարձան կամ նույնիսկ կորած քաղաքակրթության նշան:
Ի վերջո, լուսնային այդ դիտարկումները դադարեցվել են, քանի որ աստղադիտակի օպտիկական ապակին, կենտրոնացնելով արևի ճառագայթները, աստղադիտարանում հրդեհ էր առաջացրել[3]։ Որոշ ժամանակ անց սարքը վերանորոգելուց հետո Ջոն Հերշելն այն ուղղել է դեպի Սատուրն, քանի որ վերանորոգման ընթացքում Լուսինը դադարել էր տեսանելի լինել, և այդ ընթացքում նա պարզել էր, որ Սատուրնի օղակները կազմված են երկու մոլորակների բեկորներից, որոնք ժամանակին կտոր-կտոր էին եղել տիեզերական պայթյունից, ընդ որում, որ դրանց մակերևույթի վրա դեռ տեսանելի էին «ծովերի և սարերի» հետքերը:
Վերջին հոդվածն ավարտվում էր այն խոստումով, որ Ջոն Հերշելի և Թագավորական աստղագիտական ընկերության նոր պաշտոնական զեկույցը շուտով շատ ապշեցուցիչ մանրամասներ կավելացնի արդեն հրապարակվածին[1]:
Ենթադրվում է, որ հոդվածների հեղինակը New York Sun թերթի խմբագիր Ռիչարդ Ադամս Լոքն է (սեպտեմբերի 22, 1800 - փետրվարի 16, 1871), ում կենսագրությունը ենթակա է բազմաթիվ տարբեր մեկնաբանությունների: Մասնավորապես, դրա վաղ տարբերակում, որը հրապարակել է Ուիլյամ Գրիգսը 1852 թվականին, ասվում է, որ լրագրողը ծնվել է Նյու Յորքում, մինչդեռ ժամանակակից հետազոտողները կարծում են, որ նա ծնվել է Անգլիայի Սոմերսեթ նահանգի Իսթ Բրենդ գյուղում (ինչպես վկայում է մկրտության արձանագրությամբ պահպանված փաստաթուղթը), և ավելի ուշ նա հայտարարել էր, որ ինքը Նյու Յորքից է, ինչը հեշտացրել էր աշխատանք գտնելը, որի կարիքը նա խիստ ուներ լրագրողի աշխատանքը կորցնելուց հետո[4]:
Նա սերել է հնագույն ազնվական ընտանիքից, որն ուներ իր զինանշանը, որտեղ պատկերված էին երեք բազե, և սերունդներ շարունակ հավատարմորեն ծառայել էր անգլիական թագին որպես քահանա, շերիֆ, բանակի սպա և վաճառական:
Սխալ պատկերացում է եղել, որ Ռիչարդ Լոքը հայտնի փիլիսոփա Ջոն Լոքի անմիջական ժառանգն է: Իրականում, փիլիսոփան երբեք չի ամուսնացել[5] և, ըստ երևույթին, երեխաներ չի ունեցել։ Հավանաբար, լրագրողի հինգերորդ սերնդի անմիջական նախահայրը եղել էԼյուիս Լոքը՝ փիլիսոփայի հորեղբայրը, որը չորս անգամ ամուսնացած լինելէ եղել և, իբր, իր բոլոր կանանցից ընդհանուր առմամբ երեսունհինգ երեխա է ունեցել:
Ինքը՝ խաբեբան, Ռիչարդ և Աննա Լոքերի (ծն. Ադամս) որդին էր և իր հոր անունով կոչվել էր Ռիչարդ և կրում էր կրկնակի ազգանուն, որը նա ժառանգել էր երկու ծնողներից։ Ապագա լրագրողն ընտանիքի երրորդ երեխան է եղել և ունեցել է չորս քույր և մեկ եղբայր, որոնք մահացել են մանուկ հասակում։ Նա կրթություն է ստացել տանը՝ սկզբում մորից սովորելով կարդալ, գրել և տարրական գիտության հիմունքներ։ 10 տարեկանում նա ուսումը շարունակել է հատուկ վարձու ուսուցչի մոտ, իրեն դրսևորել է որպես շատ ուշիմ աշակերտ՝ գիտելիքի բացահայտ ծարավով։ Ապագա լրագրողը վաղ է սիրահարվել ընթերցանությանը և տարվել արկածային վեպերով, որոնցից առանձնացրել է Ռոբինզոն Կրուզոն և Գուլիվերի ճանապարհորդությունները:
Հետագայում Ռիչարդ Լոքը, իր իսկ խոստովանությամբ, շարունակել է ուսումը անգլիական ամենահին համալսարաններից մեկի՝ Քեմբրիջի աստվածաբանական ֆակուլտետում. բայց սա նույնպես, հավանաբար, ճիշտ չէ (այս համալսարանի ուսանողների ամբողջական ցուցակում հիմնադրման պահից մինչև 1900 թվականը, այսպես կոչված, «Alumni Cantabrigiensis», կան Լոք անունով ինը մարդ, որոնց մեջ չկա ոչ մի «Ռիչարդ Ադամս»): Իրականում, ըստ երևույթին, իր հոր հետ վիճաբանությունից հետո, ով պնդում էր, որ նա շարունակի ընտանեկան ավանդույթը և դառնա գեոդեզիստ, Ռիչարդը մեկնել է Լոնդոն: Մնացած սակավ ապացույցներից կարելի է եզրակացնել, որ նա միացել է հանրապետականներին՝ այդպիսով գրեթե ծայրահեղ ձախ դիրք գրավելով այն ժամանակ գոյություն ունեցող քաղաքական հոսանքների մեջ և նույնիսկ որոշ ժամանակ «առանց հաջողության» փորձել է համագործակցել Republican թերթի վրա։ Նա, հավանաբար, որոշ ժամանակ աշխատել է Լիվերպուլյան «Մեղու» (անգլ.՝ The Bee) և Imperial Magazine հրատարակչությունում, որը հիմնադրել է մեթոդիստ նախարար Սամուել Դրյուն, ինչպես նաև մի քանի այլ Լոնդոնի և գավառական ամսագրերում, նույնպես առանց մեծ հաջողության:
1826 թվականին նա ամուսնացել է Էսթեր Բոուրինգի հետ և ստիպված է եղել վերադառնալ տուն, քանի որ չի կարողացել միայնակ իր եկամուտով պահել ընտանիքը։ 1830 թվականի օգոստոսին նա դուստր է ունեցել, որին անվանել են Ադելաիդա[4]։
Ինքը՝ Լոքը, փորձելով հնարավորինս քիչ հիշել այս ոչ այնքան հաջող ժամանակահատվածը, իր ընկերոջը և կենսագիր Ուիլյամ Գրիգսին ասել է, որ մոտ 1808 թվականին հավաքագրվել է Կանադական ինժեներական զորքեր, որտեղ նա ստացել է սպայական կոչում և ծառայել է գործող բանակում՝ սկսած Պիրենեյան պատերազմի և մինչև Վաթերլոյի Ճակատամարտեր (այսինքն մինչև 1815 թվականը): Բայց, ինչպես պարզվել է արդեն նորագույն ժամանակներում, Լոքն այս անգամ էլ չի դիմացել և խաբել է։ Նույնիսկ ենթադրելով, որ նա կամ իր կենսագիրը շփոթել է ամսաթիվը (իրականում, Պիրենեյան պատերազմն ավարտվել է, երբ նա հազիվ 15 տարեկան էր), և ծառայության իրական ժամանակը տեղի է ունեցել ավելի ուշ ժամանակահատվածում, նրա անունը նշված կլիներ Կանադայի զինծառայողների ցուցակներում, բայց 21-րդ դարում ձեռնարկված առավել մանրակրկիտ որոնումները որևէ արդյունք չեն տվել[4]:
Իրականում, հայրական ժառանգություն չունենալով, նա ընտանիքի հետ տեղափոխվել է ԱՄՆ: Տեղափոխման ճշգրիտ ամսաթիվը հայտնի չէ, բայց հայտնի է, որ 1835 թվականին նա Sun թերթում «դեղին մամուլի» խմբագրի տեղ է ստացել[6], և մեծ հաջողություն չի ունեցել։ Սկզբում նա մասնագիտացել է քրեական ռեպորտաժներում[7]: Այնուհետև հրատարակել է իր ստեղծագործությունը՝ փառք բերելով և' իրեն, և 'թերթին:
Հաջորդ տարի նա հեռացել է Sun խմբագրությունից և սկսել հրատարակել իր սեփական «Նոր դարաշրջան» (անգլ.՝ The New Era) թերթը, որում նա հրապարակել է մեկ այլ միստիֆիկացիա՝ Մունգո Պարկի անհայտ կորած ձեռագրի մասին, որը, սակայն, այդքան հնչեղություն չի ունեցել։ 1851 թվականին նա թողել է լրագրողի աշխատանքը, պաշտոնապես՝ վատ առողջության պատճառով[8], իսկ ժամանակակից հետազոտողների կարծիքով՝ ծանր և համառ բնավորության, իշխանությունների հետ ընդհանուր լեզու գտնելու լիակատար անկարողության և տարիների ընթացքում ալկոհոլի նկատմամբ անտարբեր չլինելու պատճառով: Կյանքի վերջին երկու տասնամյակների ընթացքում նա եղել է մաքսային ծառայող Նյու Յորքում և մահացել 1871 թվականի փետրվարին[4]:
Լոքը երբեք հրապարակայնորեն չի խոստովանել, որ հոդվածների հեղինակն է, չնայած մրցակից հրապարակումներին, որոնք բացահայտորեն դա ասում էին հենց սկզբից, և նա նույնքան համառորեն և ամբողջությամբ հերքել է դրանք, միայն շատ ավելի ուշ խոստովանել է այդ փաստը իր ընկերոջ և ապագա կենսագիր Ուիլյամ Գրիգսի հետ զրույցում: Ուստի մինչ օրս էլ կարծիք կա, որ «խաբեությանը» մասնակցել են նաև այլ անձինք։
Այսպես, երբեմն որպես հեղինակ հիշատակվում է Ժոզեֆ Նիկոլետը (Joseph Nicollet)[4], ֆրանսիացի աշխարհագրագետ, որն այդ ժամանակ ճանապարհորդել է Ամերիկայում (չնայած հոդվածների հրապարակման պահին նա գտնվում էր Միսիսիպի նահանգում), ով երբեմն ենթադրվում է, որ իր ստեղծագործությունը պատճենել է Էդգար Ալան Պոյի «Ոմն Հանս Պֆաալի անհավանական արկածները» (The Unparalleled Adventure of One Hans Pfaall) պատմվածքից:
Հեղինակի մեկ այլ թեկնածու Լյուիս Գեյլորդ Քլարկն (Lewis Gaylord Clark) է՝ նյույորքյան The Knickerbocker գրական ամսագրի խմբագիրը: Ենթադրվում է, որ հենց նրան է դիմել Լոքը, ով անտեղյակ էր աստղագիտական հարցերից, խորհուրդ ստանալու համար, և հենց Լյուիս Քլարկն է նրան խորհուրդ տվել կեղծիքին տալ օրագրի ձև, որը ենթադրաբար արդեն հրապարակվել է այնպիսի հարգված հրատարակության կողմից, ինչպիսին է «Էդինբուրգի գիտական ամսագիրը» (Edinburgh Scientific Journal): Երբեմն կարծում են, որ նա նաև կազմել է պատմության հիմնական ուրվագիծը՝ պատճենելով այն «Ոմն Հանս Պֆաալի անհավանական արկածները» պատմվածքից՝ այդպիսով ցանկանալով չարացնել Պոյին, ում հետ նա վաղուց թշնամացած էր։ Այսպես թե այնպես, «Պֆաալի» հեղինակը երբեք չի կարողացել ներել նրան, չնայած այն հանգամանքին, որ Լոքը գաղափարին տվել է քիչ թե շատ գրական ձև[9]։ Այնուամենայնիվ, չկա որևէ ապացույց, որ Լոքից բացի որևէ մեկ ուրիշն է եղել սենսացիոն կեղծիքի հեղինակը:
Լուսնային «խաբեության» հեղինակը չի փորձել իր օպուսին տալ ամբողջական արժանահավատություն՝ իրար վրա կուտակելով աբսուրդներ, ինչը կիրթ ու քննադատաբար մտածող ընթերցողին տեսական հնարավորություն է տվել միանգամայն ինքնուրույն հասկանալու, որ իր առջև ոչ ավելին, քան գեղարվեստական գրականություն է:
Այսպես, հենց առաջին հոդվածում, միանգամայն լուրջ տոնով, հայտարարվել է, որ ռեֆլեկտորային աստղադիտակի համար ստեղծվել է օբյեկտիվ, որում սկզբունքորեն չէին օգտագործվում ոսպնյակներ, իսկ անդրադարձման համար ծառայում էին հայելիները[10]։ Իրավացիորեն նշելով, որ մեծ խոշորացումների դեպքում վատ լուսավորված առարկաներն ավելի մշուշոտ և անորոշ են թվում, Լոքը հենց հաջորդ պարբերությունում, հակասելով ինքն իրեն, վստահորեն հայտարարել է, որ հսկա ռեֆլեկտորը, ընդհակառակը, բարելավում է աղոտ միգամածությունների տեսանելիությունը, և այսպես շարունակ՝ բացահայտորեն ծաղրելով «միջին ընթերցողի» կրթական ցածր մակարդակը և աստղագիտության տեսությանը և պրակտիկային նրա շատ թույլ ծանոթությունը[1]։
Ջրածնային-թթվածնային մանրադիտակը[Ն 2], որը ոչ մի կերպ Լոքի գյուտը չէր[Ն 3], այն ժամանակվա ամերիկացիների համար նոր և գրեթե անհայտ գործիք էր. այն Նյու Յորքում գոյություն ուներ միակ օրինակով, և (ինչպես քաջատեղյակ էր Լոքը) հետաքրքրասեր մարդկանց անվերջանալի հոսք էր սպասվում այս միակ մանրադիտակի օկուլյարի մեջ նայելու հնարավորությանը, որը ցուցադրվում էր որպես արտասովոր բան Բրոդվեյի թանգարանում[4]:
Իսկապես, այն մարդկանց թիվը, ովքեր բավարար տեսական և փորձարարական հիմքեր ունեին հասկանալու համար, թե որքան անկարևոր է «լուսնային զգայացունց սուտը», կարելի էր հաշվել այն ժամանակ մի ձեռքի մատների վրա, և նրանց ձայները չեն լսվել ընդհանուր հավանության աղմուկի մեջ։
Ավելին, հատուկ պահպանված «գիտական» լեզուն և մաթեմատիկական հաշվարկներին մշտական հղումները, որոնք, սակայն, իրականում երբեք չեն բերվել, տպավորություն էին ստեղծել, որ հոդվածը գրել է եվրոպացի. այն ժամանակվա ամերիկացի ընթերցողի աչքում՝ ավելի կիրթ ու լուսավոր, քան ամերիկացին։ Ջոն Հերշելը, որը հեղինակություն էր, նույնպես կասկածից վեր էր։ Ըստ կենսագիրների՝ 19-րդ դարում այս գիտնականի համբավը կարելի էր համեմատել միայն հաջորդ 20-րդ դարում Ալբերտ Էյնշտեյնի փառքի հետ[4]։
Բացի այդ, հեռախոսի և հեռագրի բացակայության պատճառով Եվրոպայից լուրերը առաքվում էին բացառապես շոգենավային փոստով, երբեմն մի քանի շաբաթ ուշացումով, ուստի թերթի իսկության արագ ստուգումը հնարավոր չէր: Մինչև իրական լուրեր ստանալը Մեծ Բրիտանիայից և հատկապես Հարավային Աֆրիկայից, Լոքն առնվազն մի քանի շաբաթվա «գլխավոր մեկնարկ» ուներ, որից նա հաջողությամբ օգտվել էր[4]:
Բացի այդ, 19-րդ դարի սկիզբը գիտական աննախադեպ առաջընթացի դարաշրջան էր, երբ կյանքը բառացիորեն փոխվում էր աչքի առաջ: Գիտության ամենազորության հավատն անկասկածելի էր դարձել, և միայն այդ պատճառով սովորական ընթերցողը պատրաստ էր հավատալ ցանկացած, նույնիսկ ամենաանհավանական գյուտի հնարավորությանը[11]:
Ով էլ որ լիներ հոդվածի իրական հեղինակը, նրա նպատակ է ունեցել մի կողմից գրել սենսացիոն հոդված, որը կբարձրացնի New York Sun թերթի վաճառքը, իսկ մյուս կողմից՝ ծաղրել որոշ անհավանական աստղագիտական տեսություններ, որոնք վայելում էին վստահություն և համընդհանուր ճանաչում էին գտել:
Տիեզերքում բանական կյանքի գոյության մասին բանավեճը և, որպես մասնավոր դեպք, կյանքը Լուսնի վրա, 18-րդ դարի վերջից մինչև 19-րդ դարի սկիզբը դիտողական աստղագիտության զարգացման հետ մեկտեղ, դադարել էր լինել նախկինում թվացող զուտ հորինված, մտահայեցողական վարկած:
Իրոք, Կանտ[Ն 4]-Լապլասի[Ն 5] վարկածները համոզիչ կերպով ներկայացնում էին աստղերի և Երկրի նման մոլորակային համակարգերի ձևավորման օրինակը, քիմիական կազմի միասնությունը նույնպես կարող էին վկայել Արեգակնային համակարգի այլ մարմինների վրա Երկրի նման կյանքի առկայության մասին: Եթե անցյալի աստղագետները ենթադրում էին նման հնարավորություն՝ հիմնվելով Արարչի ամենակարող բարության թեզի վրա[12], ապա նոր ժամանակներում մոլորակի մակերևույթի գույնի տեսանելի փոփոխությունները, բծերի հայտնվելն ու անհետացումը և, վերջապես, Լուսնի վրա նկատված կառուցվածքները, որոնք առանձնանում էին իրենց կանոնավոր ձևերով, հաճախ մեկնաբանվում էին որպես հիպոթետիկ լուսնային բնակիչների խելացի գործունեության դրսևորումներ[4]։
Այսպիսով, Յոհաննես Կեպլերը կարծում էր, որ Լուսնի խառնարաններն արհեստական ծագում ունեն և լուսնի բնակիչների քաղաքներն են («Էնդիմիոններ»)[13]։
Ուիլյամ Հերշելը, լուսնային «ցնցող ստի» ակամա հերոսի հայրը, նույնպես համարել է, որ Լուսինը բնակելի է և 1780 թվականին գրել է Թագավորական աստղագետ Նևիլ Մասկելինին գրել է. «Կասկած չկա, որ կյանքն այս կամ այն ձևով պետք է գոյություն ունենա Լուսնի վրա…»: Իսկ ըստ Պիեռ Գասենդիի՝ Լուսնի պայմանները հարմար չեն երկրային կյանքի համար, և, հետևաբար, այնտեղ ապրող արարածները կազմակերպված են այլ կերպ, քան Երկրի վրա[13]։ Նմանատիպ կարծիք է հայտնել Բեռլինի աստղադիտարանի տնօրեն Յոհան Էլերտ Բոդեն[12]:
Բայց եթե այս առաջին ենթադրությունները զուտ ենթադրություններ էին, քանի որ, մասնավորապես, Բոդեն ելնում էր Արարչի ամենակարող բարության նախադրյալներից, ապա Յոհան Շրյոթերը 18-րդ դարի վերջում թվագրվող իր աշխատություններում զեկուցել է Լուսնի մթնոլորտի, ճանապարհների, կանաչ դաշտի, ջրանցքի և նույնիսկ քաղաքի դիտարկումների մասին, ինչպես նաև նկարագրել է Լուսնի մակերևույթի գունային փոփոխությունները, որոնք նրա կարծիքով, հավանաբար բուսականության, ամպերի, մառախուղի և ծխի հետևանք էին, որոնք կարող են վկայել արդյունաբերական գործունեության մասին[13]:
1824 թվականին Մյունխենի համալսարանի աստղագիտության պրոֆեսոր Ֆրանց ֆոն Գրություիզենը հրապարակել է մի փաստաթուղթ, որում կապում էր լուսնի մակերևույթի գույնի փոփոխությունները բուսականության հետ, ինչպես նաև պնդում էր, որ աստղադիտակով տեսել է ճանապարհներ և քաղաք (Գրություիզենի Վալլվերկ քաղաք)[14][15][16]:
Նրա կարծիքի հետ ամբողջությամբ կամ մասնակիորեն համամիտ են եղել մեծ մաթեմատիկոս և աստղագետ Կարլ Ֆրիդրիխ Գաուսը, Վիեննայի աստղադիտարանի տնօրեն Յոհան Ջոզեֆ Լիտրոն, ինչպես նաև Վիլհելմ Օլբերսը, որոնք խիստ լրջորեն քննարկում էին սելենիտների (գիպսի մորֆոլոգիական տարատեսակ՝ թափանցիկ, մանրաթելային կառուցվածքով) հետ կապված լինելու հնարավորության հարցը, ինչի համար, օրինակ, առաջարկվել էր Սիբիրում փորել երկրաչափական ձևերի հսկայական հորեր և կերոսին լցնելով դրանք այրել: Այս քննարկումը հրապարակվել էր էդինբուրգյան New Philosophical Journal ամսագրում, որն էլ գրավել էր Լոքի ուշադրությունը և դարձել նրա ոգեշնչման հիմնական աղբյուրը[12]:
Այնուամենայնիվ, 1834 թվականին կատարված նոր դիտարկումները ցույց են տվել, որ Լուսինը, ամենայն հավանականությամբ, չունի մթնոլորտ, և, հետևաբար, նրա վրա կենդանի ոչինչ գոյություն ունենալ չի կարող: Այս տեսակետը պաշտպանում էր, մասնավորապես, Ֆրիդրիխ Վիլհելմ Բեսելը, թեև «բնական աստվածաբանության» կողմնակիցները բոլորովին համոզիչ չէին համարում նման փաստը՝ իրենց կարծիքը հիմնավորելով այն պարզ եզրակացությամբ, որ կյանքի միակ կղզի Երկիրն անկյանք մոլորակներով շրջապատելը հակասում է աստվածային մտահղացմանն ու ողորմածությանը: Ընդունելով Բեսելի եզրակացության իրական լինելը, այնուամենայնիվ նրանք դեռևս հաստատակամորեն համարում էին, որ լուսնային կյանք գոյություն ունի, թեև այն շատ տարբեր է Երկրի վրա եղածից։
Այնուամենայնիվ, Լոքի ծաղրի անմիջական թիրախը վերապատվելի Թոմաս Դիքն էր՝ շոտլանդացի աստվածաբան և աստղագետ, որն այն ժամանակ հայտնի էր որպես «Քրիստոնյա փիլիսոփա» (ըստ իր առաջին գրքի վերնագրի), ով հաշվարկել էր, որ Արեգակնային համակարգում մոտ 21 891 974 404 480 (այսինքն՝ մոտ 22 տրիլիոն) բնակիչ կա, իսկ միայն Լուսնի վրա՝ 4,2 միլիարդ։ Նրա գրքերը չափազանց տարածված էին Միացյալ Նահանգներում: Դիքի ուսմունքի ակտիվ քարոզիչների թվում էր նաև այնպիսի լուսավորյալ մարդ, ինչպիսին Ռալֆ Էմերսոնն էր[17]:
Ըստ Լոքի սեփական հիշողությունների՝ «լուսնային ցիկլը» գրելու խթան է հանդիսացել 1826 թվականին վերապատվելի Թոմաս Դիքի հոդվածը Էդինբուրգի New Philosophical Journal ամագրում, որը նվիրված էր Արեգակնային համակարգում և, մասնավորապես, Լուսնի վրա կյանքի առկայության հարցին: Լրագրողը, ով խիստ հետաքրքրված էր գիտության զարգացմամբ, իբր շատ է ծիծաղել Դիքի սնապարծության վրա, ով առաջարկում էր Լուսնի բնակիչների հետ անհապաղ կապ հաստատելու համար Սիբիրում քարից (սելենիտ) պատրաստված հսկայական երկրաչափական պատկերներ դնել, այնուհետև դիտելով Երկրի արբանյակը աստղադիտակով, սպասել Լուսնի պատասխանին: Դիքն, իր հերթին, ապավինել էր Գրյուտհուզենի հայտնագործությանը, որը վերջերս հայտարարել էր Լուսնի վրա պարսպապատ քաղաքի մասին իր դիտարկումների մասին, և դրան հետևած հայտնի մաթեմատիկոս Կարլ Ֆրիդրիխ Գաուսի (որի հեղինակությունը 19-րդ դարում չափազանց բարձր էր) համաձայնությանը նման ծրագրի հետ: Իրադարձության անցման միտքը, բառացիորեն, առաջացել էր, երբ մոլորեցնողի ուշադրությունը գրավել էր հետևյալ հատվածը[18]:
Լոքին, իր իսկ հավաստիացումներով, մի քիչ զվարճացրել էր այն ինքնավստահ աշխուժությունը, որով գիտուն մարդիկ նախապես հավատքով են ընդունել, որ լուսնաբնակները.
Դոկտոր Դիքի ստեղծագործությունների հետագա ընթերցումը («Քրիստոնյա փիլիսոփա», «Երկնային բնապատկեր» և այլն) ավելի են ամրապնդել նրա ցանկությունը՝ ծաղրել այս շոտլանդացի քահանայի փքվածությունն ու անբողոքարկելիությունը, որն իրար էր խառնել կրոնն ու գիտությունը և խիստ ապացույցների փոխարեն հղումներ էր արել միջնադարյան սխոլաստիկայի ոճով ենթադրյալ եզրակացություններին: Այս խառնաշփոթն այնքան հեռու էր գնացել, որ վերապատվելի Դիքը բավականին լրջորեն մեղադրել էր Ադամին և Եվային երկրաշարժերի, հրաբխային ժայթքումների, ցունամիների և մեր մոլորակի այլ բնական ցնցումների համար, որոնք, իրենց մեղանչելու փաստով, իբր փոխել են երկրագնդի առանցքի դիրքը երկրի ուղեծրի հարթության նկատմամբ[18]: Նա, այս աշխատություններում անհիմն եզրակացության էր եկել «լուսնաբնակների մեծ հանճարի» մասին, քննադատել կառավարություններին «անպտուղ նկրտումների հետևից ընկնելով» միլիոններ ծախսելու համար և փոխարենը պահանջել, որ նրանք անմիջապես սկսեն կառուցել Սիբիրում կամ բավականաչափ հարթ և բաց մեկ այլ տարածքում մի քանի մղոն մակերեսով հսկայական եռանկյունի կամ էլիպս, որի վրա հնարավոր կլիներ օգտագործել բազմաթիվ գործազուրկների ուժն ու եռանդը, դրանով իսկ լուծելով ևս մեկ սոցիալական խնդիր։
Լրագրողի ուշադրությունից չի վրիպել նաև այն, որ, չնայած դոկտոր Դիքի պահանջների անհեթեթությանը և անհնարինությանը, նրա աշխատանքները հսկայական ժողովրդականություն էին վայելում ինչպես Եվրոպայում, այնպես էլ Ամերիկայում, իսկ 1830-ականների սկզբին գրեթե պարտադիր էին ցանկացած հանրային գրադարանում և շատ մասնավոր հավաքածուներում՝ գերազանցելով շրջանառության մեջ գտնվող իսկապես լուրջ գիտնականների աշխատանքները: Մինչև անգամ, այդ դարաշրջանի դպրոցական դասագրքերում Դիքը գովերգվում էր որպես «ականավոր աստղագետ», և նրա եզրակացությունների անհեթեթությունն ու անհիմնությունը, կարծես, քողարկվում էին դրանց սենսացիոնությամբ:
Կեղծիքի վրա աշխատանքը սկսելիս Լոքը, կրկին իր իսկ խոսքերով, ապավինել է այն անվիճարկելի հեղինակությանը, որը վայելում էր եվրոպական գիտությունը Ամերիկայում: «Էդինբուրգի Գիտական ամսագիրը» (Edinburgh Journal of Science), որն իսկապես պատկառելի գիտական հրատարակություն էր, որը Լոքն ընտրել էր որպես տեղեկատվության ենթադրյալ աղբյուր, դադարել էր գոյություն ունենալ այս «զգայացունց ստի» հայտնվելուց երեք տարի առաջ[19]՝ միաձուլվելով «Էդինբուրգի նոր փիլիսոփայական ամսագրի» (Edinburgh New Philosophical Journal) հետ: Թեև Եվրոպայի հետ կապի միջոցների դժվար հասանելիության պատճառով Միացյալ Նահանգներում ընթերցող հանրության մեծամասնությունը դրանից տեղյակ չէր, իսկ մյուսները վերագրել էին հին ու նոր անունները շփոթելուն։ Ավելին, այս ամսագիրը որևէ «հավելված» երբևէ չէր ունեցել, բայց դա նույնպես վերագրվել է լրագրողական սխալին, ընդ որում, հասարակությունը՝ կլանված նյութի սենսացիոն բնույթով, նախընտրել է անտեսել նաև դա։
Լոքի համար ոգեշնչման երկրորդ աղբյուրը Ջոն Հերշելի «Աստղագիտության ակնարկ» գիրքն էր, որը հրատարակվել է Միացյալ Նահանգներում 1834 թվականին։ Այդ գրքում նա, վերապատվելի Դիքի նման հեռու չի չգնում և վերջնականապես չի մերժում լուսնային կյանքի հնարավորությունը, նշելով, սակայն, որ իր ժամանակ աստղագիտության զարգացման մակարդակով անհնար է վերջնական եզրակացություն անել դրա առկայության կամ բացակայության մասին։ Այս աշխատանքում նա գրել է. «Անհրաժեշտ է արմատապես կատարելագործել առկա աստղադիտակները, միայն այս պայմանով մենք կկարողանանք, հավանաբար, տեսնել լուսնի բնակիչների գործունեության հետքերը, ինչպիսիք են արդյունաբերական շենքերը կամ մոլորակի մակերեսի փոփոխությունները»[5]։
Հսկայական աստղադիտակը վերցված էր անմիջապես Դիքի «Երկնային լանդշաֆտ» աշխատությունից, որտեղ նա երազում էր «Օդային ռեֆլեկտորի» մասին, որը կարող է տեսնել Լուսինը «կարծես երեք հարյուր յարդ հեռավորության վրա»։ Նման անհավանական մեքենայի ստեղծողը ոչ այլ ոք էր, քան նույն Edinburgh New Philosophical Journal ամսագրի հրատարակիչ Դեյվիդ Բրյուսթերը՝ շոտլանդացի աստղագետ և օպտիկայի ոլորտում իսկապես ականավոր մասնագետ, ով ոչ պակաս կողմնակից էր լուսնային կյանքի հնարավորությանը[20]:
Ինքը՝ Լոքը, ավելի ուշ հայտարարել է, որ իր լուսնային ցիկլը ստեղծելով, նա նպատակ ուներ, օգտագործելով Դիքի տեսությունը որպես հիմք, ծաղրել գիտական աշխարհի դյուրահավատությունը և կրթված հանրության մեծամասնության նեղմիտությունն ու ագահությունը: Սակայն, ըստ ժամանակակից հետազոտողների, դրա համար ոչ պակաս պատճառ կարող էր ծառայել վարձի չափը, քանի որ Լոքը, ինչպես այն ժամանակ, այնպես էլ ավելի ուշ, փողի խիստ կարիք է ունեցել[21]։
Ինչպես ենթադրվում է, հրապարակման անմիջական խթան է հանդիսացել օգոստոսի սկզբին Sun ամսագրի գլխավոր մրցակցի՝ ամերիկացի լրագրող Ջեյմս Գորդոն Բենեթի «Նյու Յորք Հերալդ» (New York Herald) խմբագրության հրդեհը։ Sun- ի սեփականատերըն շտապեցլ է օգտվել իրավիճակից՝ ցանկանալով ավելացնել վաճառքը և ընդլայնել բաժանորդագրությունները (ինչը նրան ի վերջո հաջողվել է)։ Ավելին, մոտ ապագայում, մինչ Բենեթը փորձում էր նոր շենք գտնել իր խմբագրության համար և ինչ-որ կերպ ծածկել հրդեհից առաջացած կորուստները, Sun-ը չէր կարող վախենալ քննադատությունից ու ծաղրից։
Եվ իրոք, օգոստոսի 31-ին Նյու Յորք Հերալդը վերսկսել է աշխատանքը, իսկ Sun-ը թողարկել է շարքի վերջին՝ վեցերորդ մասը: Sun-ի մրցակից ամսագրում հայտնվել է կործանարար հոդված՝ «Աստղային «զգայացունց ստի» մերկացումը վերնագրով[11]։ Ի լուր ամենքին հայտարարվել է, որ Ռիչարդ Լոքն է ցիկլի իրական հեղինակը, իսկ որպես ապացույց, Բենեթը վկայակոչել է մի խոսակցություն, որն իբր տեղի է ունեցել նրանց միջև երդվյալ ատենակալների դատարանում մեկ այլ դատավարության լսումների ժամանակ, երբ Լոքը բերանից թռցրել է, որ զբաղվում է «աստղագիտությամբ և օպտիկայով»: Այնուամենայնիվ, Բենեթը նաև իր մրցակցի դեմ անմաքրաբարո խաղ է խաղալով՝ շտապել է մեղադրել Լոքին «աղախնի հետ սիրավեպի մեջ, որն ավարտվեց չափազանց անվայելուչ իրավիճակում»: Այս հայտարարությունը հարուցել է Լոքի միանգամայն արդարացված վրդովմունքը, մինչդեռ հասարակությունը, լուսնային կյանքի մասին լուրերից ոգևորված, գերադասել էր ուշադրություն չդարձնել նրանց վիճաբանությանը:
Այնուամենայնիվ, թերթի հիմնական սեփականատիրոջ՝ Բենջամին Դեյի փեսայի ՝ Մոզես ի. Բիչի հիշողությունների համաձայն, նախկին համասեփականատերը՝ պարոն Ուիզները վաճառել է բաժնետոմսերի իր բաժինը: Որից հետո դրանք գնած Բիչը, որը այս գործարքի արդյունքում դարձել էր հրատարակության համասեփականատերը, Լոքին առաջարկել է. «ինչ-որ պատմվածք հորինել, որպեսզի այդ կերպ էլ ավելի ավելանա առանց այն էլ վստահաբար ժողովրդականություն վայելող թերթի տպաքանակը». Նա ապագա «զգայացունց ստի» համար առաջարկել է «Լուսնային պատմություն» վերնագիրը և հետագայում այն զարգացրել է արդեն հայտնի նյութի մեջ[5]:
Հոդվածների շարքի մասին ծանուցվել է 1835 թվականի օգոստոսի 21-ին, որը իբրև վերատպվել է« Էդինբուրգյան կուրանտ» (The Edinburgh Courant) թերթից, որում հաղորդում էր «Սըր Ջոն Հերշելի նոր շինարարական աստղադիտակով արված անհավանական հայտնագործությունների մասին»[22]: Վեց հոդվածներից առաջինը լույս է տեսել նույն թվականի օգոստոսի 25-ին, որից հետո ամեն օր հրապարակվել է նոր հոդված: Վերջին՝ վեցերորդ հոդվածը տպագրվել է 1835 թվականի օգոստոսի 31-ին ՝ հինգերորդից մեկ օր ընդմիջումով։
Ըստ Լոքի սեփական հիշողությունների, որոնք հետագայում փոխանցել է նրա ընկեր Ուիլյամ Գրիգսը «Հանրահայտ լուսնի «Բադի» պատմությունը» ֆիլմում, Լոքը հոդվածների շարքի համար ստացել է 300 դոլար, ինչը բավականին զգալի գումար էր այն ժամանակ (օրինակ, Sun-ի խմբագրի սովորական աշխատավարձը շաբաթական 12 դոլար էր)։ Իսկ Sun-ի սեփականատեր Բենջամին Դեյը շատ տարիներ անց պնդել է, որ համաձայնվելով Լոքի պահանջներին՝ վճարել է նրան «500 կամ 600 դոլար», այսինքն՝ միայն այս աշխատանքի համար խմբագիրը ստացել է իր տարեկան աշխատավարձին հավասար գումար և, այնուամենայնիվ, շատ ավելի քիչ է ստացել, քան տպաքանակի աճից սեփականատերերի աննախադեպ շահույթն էր[4]:
Հրապարակվելուց հետո թերթի տպաքանակը կտրուկ ավելացել է, և բացի այդ, անհրաժեշտություն է առաջացել ևս 60 հազար օրինակ տպագրել, որոնք սպառվել են հաջորդ ամսվա ընթացքում։ Ամերիկան խիստ իրարանցման մեջ էր։ Հենց առաջին օրը տպաքանակը աճել է մինչև 15 հազար օրինակ[23], այնուհետև, ըստ Sun-ի խմբագրության պաշտոնական զեկույցի, երրորդ օրը, երբ լարվածությունը հասել էր իր առավելագույնին, Նյու Յորքում թերթի բաժանորդները գնել են 15440 օրինակ, Բրուքլինում՝ 700 օրինակ, ևս 2 հազար տպաքանակը գնվել են փողոցներում և 1220 այլ վայրերում: Այնպես, որ տպաքանակը հասել է ռեկորդային ցուցանիշըի՝ 19360 օրինակ՝ շատ առաջ անցնելով անգամ ամենամեծ Լոնդոն Թայմսին՝ իր 17 հազար տպաքանակով և այդպիսով զբաղեցնելով աշխարհում առաջին տեղը վաճառքի ծավալով ամենօրյա հրապարակվող թերթերի շարքում։ Ըստ սեփականատիրոջ հիշողությունների՝ «տպարագրական հաստոցը ստիպված էր աշխատել օրական տասը ժամ՝ միայն առկա պահանջարկը բավարարելու համար։ Հասարակությունը քիչ թե շատ անհամբերությամբ սպասում էր մինչև կեսօրվա ժամը երեքը, որպեսզի ստանար լուրեր Լուսնից»[7]։
Արձագանքն իսկապես ցնցող է եղել։ Ֆրենկ Օ'Բրայենը, Sun թերթի պատմությանը նվիրված գրքի հեղինակը, հետագայում գրել է[4].
Գրողները, գիտնականները և պարզապես սենսացիաների սիրահարները սկսել են մտահոգվել, թե ինչ կարող է նշանակել նման հայտնագործությունը մարդկության համար: Մրցակցող հրատարակչությունները, որպեսզի հետ չմնան, սկսել են միմյանց հետ մրցել Sun-ի զեկույցները վերատպելու համար՝ հավաստիացնելով, որ իրենք անմիջականորեն մուտք ունեն դեպի սկզբնաղբյուր, և այնպիսի հարգված հրապարակումները, ինչպիսիք են New York Times և U. S. Gazette թերթերը, լիակատար վստահությամբ են վերաբերվել այդ «զգայացունց ստին»: Թերթերը հավաստիացնում էին սովորական ընթերցողին, որ Հարավային Աֆրիկայից ստացված զեկույցը «լիովին վստահելի է և գիտականորեն հիմնավորված»։
Նյու Յորքից հետո կեղծիքով սկսել են հետաքրքրվել նաև գավառական հրապարակումները, մասնավորապես, Օլբանիում և Ֆիլադելֆիայում լուսնային պատմության ճշգրիտ պատճենները տպագրվել են այս կամ այն չափ շքեղ մեկնաբանություններով[5]: Վերջապես, ըստ Հարիետ Մարտինոյին, Սփրինգֆիլդում (Մասաչուսեթս) տեղակայված որոշակի կրոնական միսիա հայտնել է լուրջ մտահոգվածություն իր մի քանի ներկայացուցիչների Լուսին ուղարկելու հնարավորությամբ՝ տեղի բնակչությանը քաղաքակրթելու և մկրտելու համար[24]: Բանը հասել է նրան, որ Յեյլի համալսարանի դասախոսների պատվիրակությունը ժամանել է Sun-ի գրասենյակներ՝ հատուկ գնելու Journal of Science ամսագրի պատճենը, որտեղից իբր վերատպվել էր զեկույցը: Լոքին որոշ դժվարությամբ հաջողվել է խուսափել տհաճ հարցերից՝ այս անգամ խուսափելով մերկացումից։
Խաբեությունը բացահայտվել է միայն հրապարակումից մի քանի շաբաթ անց, երբ New York Journal of Commerce խմբագրությունն, ի սկզբանե բացահայտորեն կասկածելով սենսացիայի իսկությանը, վերջապես պահանջեցլ է տրամադրել Էդինբուրգից ստացված հոդվածի բնօրինակը, և նեղն ընկած Լոքը ստիպված էր խոստովանել խաբեությունը: Մինչ օրս հայտնի չէ, թե ինչպես է դա տեղի ունեցել։
Եթե պաշտոնական վարկածը, որը, ըստ էության, տեղադրված է եղել Journal of Commerce-ում, ենթադրում է, որ Ֆինն ազգանունով իրենց թղթակցին է հաջողվել իր համառ հարցերով ստիպել Լոքին վերջապես հայտարարել իր հեղինակությունը, և դա տեղի է ունեցել հենց Sun խմբագրությունում[21], ապա ժամանակակից հետազոտողներ Սյուզան Թոմփսոնը և Բրայան Թորնթոնը ենթադրում են մի փոքր այլ մեկնաբանություն. Ֆիննը, իմանալով Լոքի ալկոհոլային կախվածության մասին, կարողացել է նրան հարբեցնել և այդպիսով պարզել ճշմարտությունը[25]: Ընդ որու, ըստ Թորնթոնի՝ դա տեղի է ունեցել Վաշինգտոն հյուրանոցի բարում[26]: Այնուամենայնիվ, ինքը՝ Լոքը, երբեք հրապարակավ չի խոստովանել իր հեղինակությունը՝ արձագանքելով մեղադրանքներին միայն պատասխանատվությունը եվրոպացիների վրա բարդելու փորձով։ Նրա հեղինակության կարճ գրառումում, որը հայտնվել է Sun թերթի 1835 թվականի սեպտեմբերի 16-ի համարում, ասվում է[5]:
Ենթադրվում է, որ հասարակությունը, ի վերջո, հասկանալով, թե որքան հմտորեն են իրենց քթից բռնած տարել, որ բարձր ծիծաղել է սեփական դյուրահավատության վրա, և չնայած դրան, թերթի տպաքանակը չի պակասել[27]։
Ավելին, կեղծիքի բացահայտումից երկու տարի անց այն մի քանի անգամ տպագրվել է որպես առանձին հրատարակություն՝ վիմագրություններով և արդեն իսկ ճշմարտացիորեն ցույց տալով, որ դա ոչ այլ ինչ է, քան Լոքի հեղինակած «զգայացունց սուտ», և այնուամենայնիվ տպաքանակները սպառվել են՝ լրացուցիչ շահույթ բերելով հնարամիտ կեղծարարին: Այսպես, հայտնի են 1836 թվականի անգլերեն, իտալերեն[21], ֆրանսերեն, ռուսերեն հրատարակությունները[28][29], ինչպես նաև 1856 թվականի Նյու Յորքի հրատարակությունը[5]: Նաև, ըստ Բենջամին Դեյի, Լոքը լավ շահույթ է ունեցել՝ վաճառելով սելենիտների պատկերով վիմագրեր։
Լուսնային կյանքի սիրահարները ջերմեռանդորեն պաշտպանել են իրենց համոզմունքները, մինչև որ «զգայացունց սուտը» դադարեցվել է Հերշելի անձնական հավաստիացումներով, որ Sun- ում հրապարակված պատմությունը սկզբից մինչև վերջ հորինվածք է: Այնուամենայնիվ, շատ թերահավատներ շարունակել են հավատալ պատմությանը[30]։
1833 թվականի նոյեմբերին Ջոն Հերշելը իրականում մեկնել է Հարավային Աֆրիկա: Նա գործուղվել էր Թագավորական աստղագիտական ընկերության կողմից՝ ի թիվս այլ բաների, կազմելու Հարավային կիսագնդի աստղային քարտեզը։ Նրա տրամադրության տակ կար 18,25 դյույմ հայելու տրամագծով 20 ոտնաչափ ռեֆլեկտոր, որը բավականին տարածված էր այն ժամանակվա համար, և ոչ այն հսկայական մեխանիզմը, որը նկարագրվում է «զգակացունց ստի» մեջ։ Նրան ուղեկցում էին կինը՝ Մարգարեթը, երեք մանկահասակ երեխաները, սպասուհին և երկու օգնականները, որոնցից ոչ մեկը, սակայն, չէր կրում Գրանտ ազգանունը։
Պատճառը, որը դրդել էր թագին վճարել բավականին թանկ ճանապարհորդության համար, աստղագիտության ոլորտում անգլիական և ֆրանսիական նվաճումների միջև առաջացող անջրպետն էր և մրցակից երկիրը այս կերպ շրջանցելու ցանկությունը:
Ինքը՝ Հերշելը, ինչպես ենթադրվում է, համաձայնել է այս ճանապարհորդությանը՝ կատարելով իր հանգուցյալ հոր խնդրանքը, ով, ի թիվս այլ բաների, իրեն նվիրել էր Հյուսիսային կիսագնդի միգամածությունները դիտարկելուն, և հարավային երկինքը հիմնականում չուսումնասիրված էր մնացել: 1676-1678 թվականներին Սուրբ Հեղինե կղզում Էդմունդ Հալլեյի և աբբա դե Լակայլի կատարած դիտարկումներն ակնհայտորեն անբավարար էին, քանի որ կղզու վերևում գտնվող երկինքը հաճախ ծածկված էր ամպերով, և հետազոտության իրական արդյունքը, հետևաբար, բավականին համեստ էր ստացվել[30]:
Հերշելը 1834 թվականի հունվարին հասել է Բարեհուսո հրվանդան և չորս տարի անց վերադարձել Անգլիա: Զավեշտն այն է, որ նա այս ճամփորդության ընթացքում Լուսինը դիտելու խնդիր չի ունեցել և, իսկապես, դրանով չի զբաղվել: Փոխարենը, նրա ուշադրությունը գրավել է Հալլեյ գիսաստղը, և նրան հաջողվել է հաշվարկել գիսաստղի և Արեգակի փոխազդեցության ուժը՝ գուշակելով արեգակնային քամու գոյությունը, և ապացուցել նրա աստիճանական գոլորշիացման փաստը գիսաստղի պոչից գազերի արտահոսքի միջոցով[31]: Նա նաև կազմել է հարավային երկնքում գտնվող առարկաների կատալոգ, ներառյալ 1707 միգամածություններ և 2102 կրկնակի աստղեր[32], ուրվագծել է Մագելանի Մեծ ամպի և Օրիոնի միգամածության տեսքը և որոշել մոտ 200 աստղերի պայծառությունը։
Միացյալ Նահանգներ հասած այս ճամփորդության մասին հատվածական խոսակցությունները, ինչպես նաև «զգայացունց ստի» հեղինակ հորինած «գաղտնի առաքելության» մասին լրացուցիչ առեղծվածն ու ակնարկները բավարար են եղել թերթերի աշխարհի ամենամեծ կեղծիքներից մեկը ստեղծելու համար:
Ինքը՝ Հերշելը, երկար ժամանակ չի պատկերացրել, թե ինչ անհավանական հայտնագործություններ են վերագրվել իրեն[33]։ Հետագայում նրան զվարճություն է պատճառել այս կեղծիքը։ Նա նշել է, որ իր իրական դիտարկումները երբեք այսքան գրավիչ չեն եղել[30]: Թեև ժամանակի ընթացքում նրան սկսել են նյարդայնացնել նրանց հարցերը, ովքեր շարունակում էին ճշմարտացի համարել այս զեկույցը[34]:
Էդգար Ալան Պոն գրական խաբեության վարպետ է եղել, ով ինքն է հեղինակել դրանցից վեցը: Հետաքրքիր զուգադիպությամբ նա հանդիպել է նաև Ջոն Հերշելի «An Essay on Astronomy» գրքին, որտեղ անվերապահ հեղինակություն վայելող գիտնականը պնդում է, որ Լուսնի վրա այս կամ այն ձևով կյանք գոյություն ունի: Լոքից միանգամայն անկախ, նա նույնպես որոշել էր շահարկել հանրության կույր հավատը գիտության ամենակարողության նկատմամբ՝ այս անգամ հրապարակելով «լուսնի թեմայով» խաբեությունը[35]:
Այս պատմվածքում, որն ի սկզբանե վերնագրված էր «Հանս Պֆաալ. պատմվածք» (Hans Phaall -- A Tale)[36], ի սկզբանե պետք է ներկայացվեր մի կերպար, ով կառուցեց հսկա աստղադիտակ և այդպիսով կարողացավ տեսնել Լուսնի վրա այն, ինչ վրիպում էր ուրիշների աչքից: Այնուամենայնիվ, եթե հավատալու լինենք պահպանված հուշերին, նրա ընկերները նրան հետ են պահել նման ելևէջներից՝ պատճառաբանելով, որ «հսկա աստղադիտակի կառուցումը չափազանց անհավանական կթվա», և դա կխոչընդոտի կեղծիքի հաջողությանը: Համաձայնելով այս փաստարկին, Պոյի հերոսը անհավատալի զուգադիպությամբ պատժից խուսափած մարդասպան է, որին հաջողվել է փախչել Լուսին՝ օգտագործելով կաուչուկի շերտով պատված և մուսլին կտորից պատրաստված օդապարիկ[37][38]։
Բացահայտ ծամածռությունը դրանով չի ավարտվել. ճամփորդությունը տեղի ունեցել ապրիլի 1-ին, և տրանսպորտային միջոցն ինքնին «ծաղրածուի գլխարկ» է հիշեցրել: Բացի այդ պատմությունը պարունակում է նաև ծիծաղելի անուններով կերպարներ, ինչպիսիք են պրոֆեսոր Ռուբադուբը (թմբկահարող) և բուրմիստր Մինհեր Սուպերբուս վոն Անդերդուքը (Mynheer -պարոն, Superbus -լատիներեն՝ «հպարտ», «չափազանց ինքնավստահ», Von Underduk - կրտսեր դուքս)[37][38]:
Հանս Պֆաալի պատմությունն առաջին անգամ հրապարակվել է Southern Literary Messenger ամսագրում 1835 թվականի հունիսի վերջին, այսինքն՝ «լուսնային ցիկլի» առաջին հոդվածի հրապարակումից մի քանի շաբաթ առաջ[39]:
Ի սկզբանե Պոն պլանավորել էր նաև երկրորդ մասը, որտեղ Պֆաալը պետք է նկարագրեր Լուսնի տգեղ, ականջազուրկ և համր բնակիչներին, նրանց հագուստը, սովորույթները, քաղաքական համակարգը և մոլորակի կլիման[40]: Այնուամենայնիվ, դրա հայտնվելը կանխվել էր Լոքի փայլուն միստիֆիկացիայով: Եթե «Հանս Պֆաալը» ակնհայտ ծաղրերգություն էր, ապա «լուսնային կեղծիքը» պնդում էր, որ վավերական է և լուրջ, և միայն այդ պատճառով Պոյի պատմությունն ակնհայտորեն կորցրել էր համեմատվելու և ուշադրության արժանանալու հնարավորությունը:
«Ոմն Հանս Պֆաալի անհավանական արկածները» պատմությունն այժմ համարվում է գիտաֆանտաստիկայի նախահայրերից մեկը: Սակայն իր ստեղծաման ժամանակ այն գրեթե աննկատ է մնացել, քանի որ հասարակության ուշադրությունը կենտրոնացած էր Sun-ի հրապարակած հոդվածների շարքի վրա: Վրդովված Պոն այդ շարքը հրապարակավ անվանել է խաբեություն, իսկ դրա հեղինակին՝ գրագող՝ պնդելով, որ սյուժեն ուղղակիորեն գողացել են իրենից, բայց հրաշքի ծարավ հանրությունը ծիծաղել է «Պֆաալի» հեղինակի վրա[41]։
Ավելի ուշ Լոքը, ով արդեն ընդունել էր իր հեղինակությունը, նույնքան հրապարակավ հերքել է գրագողության մեղադրանքը և երդվել, որ երբեք չի տեսել կամ կարդացել «Պֆաալը»։ Եվ Էդգար Պոն իր պատմության վերաբերյալ գրառումներ է հրապարակել, որտեղ քննարկել է Լոքի կեղծիքը։ Ենթադրվում է, որ Պոն ի վերջո ներել է նյույորքցի լրագրողին, բայց մինչև վերջ նախանձել է վերջինիս հաջողությանը։
Առաջին լուսնային «ցնցող ստի» ապշեցուցիչ հաջողությունը մեծ ազդեցություն է ունեցել նմանակողների վրա, ովքեր անմիջապես ընդօրինակել են աստղագիտական թեման:
Այսպիսով, 1874 թվականին «Նյու Յորք Ուորլդ» թերթում հայտնվել է մի զեկույց, որ աստղագետները, որոնք դիտում էին Լուսինը, պարզել էին, որ նրա մակերեսին ճաքեր են առաջանում, և որ Երկրի արբանյակը շուտով փլվելու վտանգի տակ է։ Ուղերձը մեծ հետաքրքրություն չի առաջացրել։
Շատ ավելի մեծ ռեզոնանս է առաջացրել «Լուսնի գերիները» (Prisoners of the Moon) կոչվող «զգայացունց սուտը», որը հրապարակվել է 1876 թվականի փետրվարին Chicago Times թերթում, որը հայտնում էր, որ Փարիզի մոտ կառուցվել է մեկ այլ հսկա աստղադիտակ, որի օգնությամբ հնարավոր է եղել տեսնել Լուսնի մակերևույթի վրա արդյունաբերական տիպի շենքեր և մի շղթայով իրար կապված աշխատողներ: Ենթադրվում էր, որ դա կարող էր նշանակել, որ Լուսնի վրա գոյություն ունի ստրկություն կամ գերիների հարկադիր աշխատանք[42]:
Եվ վերջապես, 1897 թվականի Նոր Անգլիայի թերթերից մեկն ուրախացրել է իր ընթերցողներին այն լուրով, որ Վեներա մոլորակը իրականում էլեկտրական լամպ է, որը բարձրանում է Սիրակուզայի վերևում և, սկսած երեկոյան ժամը 9-ից, աստիճանաբար իջնում է[43]:
Իհարկե, այս և նմանատիպ «զգայացունց կեղծ լուրերը» գրավել են ընթերցողի ուշադրությունը որոշակի չափով, բայց նրանցից ոչ մեկը չէր կարող պարծենալ հաջողությամբ, որ նույնիսկ ամենափոքր չափով իսկ մոտեցել է այն հաջողությանը, ինչը պատահել էր Լոքի չարաճճի հնարքի հետ[43]:
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: no-break space character in |title=
at position 15 (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն){{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուսնային մեծ խաբեություն» հոդվածին։ |
|