Խաժակ Պարսամյան | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Ավազանի անունը | Սարգիս |
Եկեղեցի | Հայ Առաքելական եկեղեցի |
Անուն | Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյան |
Տիտղոս | Հյուսիսային Ամերիկայի Արևելյան թեմի առաջնորդ |
Կառավարման սկիզբ | 1990 |
Ծնվել է | 1951, հուլիսի 4 |
Ծննդավայր | Արաբկիր քաղաք, Թուրքիա |
Ազգություն | հայ |
Հոգևոր աստիճան | Արքեպիսկոպոս |
Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյան (ավազանի անունը՝ Սարգիս, հուլիսի 4, 1951, Արաբկիր, Մալաթիայի մարզ, Թուրքիա), աստվածաբանության դոկտոր, Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Սուրբ Աթոռում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ։
Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը ծնվել է 1951 թվականին Թուրքիայի Արաբկիր քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է Ստամբուլի Սուրբ Խաչ դպրեվանքում, 1967-1971 թվականներին սովորել է Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց դպրեվանքում և ընծայարանում։ 1971 թվականին ձեռամբ Երուսաղեմի պատրիարք Եղիշե արքեպիսկոպոս Տերտերյանի` ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1973 թվականին ստացել է վարդապետի աստիճան[1]։ Պաշտոնավարել է իբրև Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանի և ընծայարանի փոխտեսուչ, այնուհետև ուսումը շարունակել է Նյու Յորքի Ընդհանուր հոգևոր ճեմարանում, Մինեապոլիսի Սուրբ Ժան համալսարանում, Հռոմի Գրիգորյան համալսարանում և Օքսֆորդի Արևելյան հիմնարկում։ Դասախոսություններով հանդես է եկել ԱՄՆ-ում, Իտալիայում, Անգլիայում, Գերմանիայում, Երուսաղեմում, Հայաստանում։ Ուսումնասիրություններ է կատարել Վենետիկի Մխիթարյանների և Երուսաղեմի գրադարաններում, Երևանի Մատենադարանում, միաժամանակ հովվական գործունեություն է ծավալել Ստամբուլի, Յաֆֆայի, Հայֆայի, Ռամլեի և ԱՄՆ-ի տարբեր շրջաններում[2]։
1990 թվականի մայիսին ընտրվել է Հյուսիսային Ամերիկայի Արևելյան թեմի առաջնորդ, այն ղեկավարելով մինչև մայիս 2018 թվականը։ 1990 թվականին ձեռամբ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռնադրվել է եպիսկոպոս։ 1992 թվականին ստացել է արքության պատիվ[2]։
2018 թվականի սեպտեմբերին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ նշանակվել է Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ և Սուրբ Աթոռում (Վատիկանում) Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչ։ Այս նոր պաշտոնում նրա գործունեությունը ուղղված է առավել ամրապնդելու երկու Եկեղեցիների մերձեցման գործընթացը։ Հայրապետական պատվիրակության առաջնորդական հովանու ներքո են գտնվում՝ Բելգիայի, Իտալիայի, Լյուքսեմբուրգի, Մալթայի, Նիդերլանդների և Իսպանիայի Հայ Եկեղեցու համայնքները։
Խաժակ Սրբազանն ընդգրկվել է մի շարք կրոնական և բարեսիրական կազմակերպությունների ղեկավար մարմիններում, մասնավորաբար «Եկեղեցիների Ազգային Խորհուրդ», «Եկեղեցիների Միջազգային Խորհուրդ», «Խղճմտանքի Կոչ», «Կրոնն Ամերիկյան Կյանքում», «Ազգային տոհմիկ կազմակերպություններ», Ամերիկայի Ս. Գրական Ընկերակցություն» կազմակերպություններում։
Հոգևոր Գերագույն Խորհրդի անդամ է, արժանացել է տարբեր երկրների գիտական և ուսումնական հաստատությունների պարգևների, այդ թվում՝ 2004 թվականին՝ ՀՀ ԳԱԱ ոսկե մեդալի[3]։ Գեղարվեստի պետական ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր է[2]։