Խալաթ (արաբ․՝ خِلْعة և պարս.՝ خلعت)՝ տնային կամ աշխատանքային (ասիական շատ ժողովուրդների մոտ վերնազգեստ ) երկարափեշ հագուստ, կոճկվում է վերևից ներքև[1], սովորաբար պատրաստվում է բամբակե կտորից։ Արաբերեն خِلْعة բառը (խիլ‘ա) նշանակում է «պարգևատրված հագուստ»։
Խալաթը լայնորեն տարածված է ինչպես տղամարդկանց[2], այնպես էլ կանանց շրջանում՝ Իրանում, Հյուսիսային Հնդկաստանում և Միջին Ասիայում՝ որպես վերնահագուստ։ Բարակ և երկար խալաթը ցերեկով մարմինը պաշտպանում է արևի ճառագայթներից, իսկ գիշերը՝ ցրտից։
Ասիայում հարուստ զարդարված խալաթը կարող է հանդիսանալ որպես պատվավոր պարգև (շատ ժողովուրդների մոտ հագուստը կարող է ծառայել որպես սոցիալական դրության խորհրդանիշ)։ XIX դարում Հնդկաստանում «խալաթ» բառը նշանակել է ցանկացած նյութական պարգև (փողի տեսքով, ապրանքների տեսքով և այլն), որը ծագել է Բրիտանական կառավարության գաղթավայրերում և վերաբերվել է տեղաբնակ ազնվական իշխաններին։
Արևմտյան և սլավոնական երկրներում, ընդունված ավանդույթի համաձայն, խալաթը չի օգտագործվում որպես վերնահագուստ։ Այն բաժանվում է տնային և հատուկ՝ աշխատանքային հագուստի։
Տնային խալաթները հագնում են տանը, որպես կանոն, գիշերազգեստի վրայից։ Նախկինում գիշերազգեստը համարվել ներքնազգեստ և ամոթալի է եղել նրանով հայտնվել ընտանիքի կամ հյուրերի առաջ։ Որպես կանոն, խալաթը հագել են արթնանալուց հետո, նախաճաշին՝ ննջասենյակից լոգարան գնալու ժամանակ, ուշ երեկոյան ժամերին՝ քնելուց առաջ։ Մեծ իշխանական տներում դա ավելի մեծ նշանակություն է ունեցել, քան փոքր բնակարաններում։
Աշխատանքային խալաթներն օգտագործվել են հիգիենայի համար, կամ ոչ աշխատանքային հագուստը չկեղտոտելու համար։ Աշխատանքային խալաթներ օգտագործում են բժիշկները, լաբորատորիայի աշխատակիցները, խոհարարները, երբեմն՝ ներկարարները, ատաղձագործները և այլն։ Որոշ մասնագիտությունների համար խալաթի գույնը կանոնակարգված է սանիտարական նորմատիվներով։ Օրինակ խոհարարի խալաթը պետք է սպիտակ լինի, տեխնիկի կամ օպերատորինը՝ մոխրագույն կամ սև, բեռնակրի կամ պահեստի աշխատակցի խալաթը՝ կապույտ։
XIX դարի ռուսական գրականության մեջ խալաթը գործածվել է որպես ազնվականի տոնական կամ անգործ կյանքի խորհրդանիշ։ Վառ օրինակ՝ Ի. Ա. Գոնչարովի «Օբլոմով» վեպում, երբ ստեղծագործության գլխավոր հերոսը տանը հաճախ խալաթ է հագնում։
Բացի դրանից խալաթը հաճախ օգտագործվել է որպես բացառապես տնային կյանքի հագուստ (նայել օրինակ Ա. Բախրախ «Բունինը խալաթով»)։
Բժիշկների մասին խոսակցական լեզվով հաճախ օգտագործվում է պրոֆեսիոնալ մականուն «սպիտակ խալաթով մարդիկ»՝ բոլոր մասնագիտությունների բժիշկների ավանդական սպիտակ հագուստ հագնելու պատճառով։