Խաքանի Շիրվանի պարս.՝ خاقانی | |
---|---|
Ծնվել է | մոտ 1121[1] |
Ծննդավայր | Շիրվան, Իրան[2] |
Վախճանվել է | մոտ 1199 |
Վախճանի վայր | Թավրիզ, Իրան |
Գերեզման | Բանաստեղծների դամբարան |
Մասնագիտություն | բանաստեղծ և գրող |
Լեզու | պարսկերեն և արաբերեն |
Քաղաքացիություն | Շիրվանշահերի պետություն |
Ժանրեր | բանաստեղծություն պոեմ |
Խաքանի Շիրվանի Վիքիքաղվածքում | |
Khaqani Վիքիպահեստում |
Խաքանի Շիրվանի (նաև՝ Խականի, Խաղանի, պարս.՝ خاقانی شروانی, իսկական անունը՝ Աֆզալադդին Բադիլ իբն Ալի իբն Օսման, մոտ 1121[1], Շիրվան, Իրան[2] - մոտ 1199, Թավրիզ, Իրան)[3], պարսիկ բանաստեղծ և արձակագիր։ Հայրը մուսուլման է եղել, իսկ մայրը՝ իսլամն ընդունած նեստորական քրիստոնյա[4]։ Վաղ երիտասարդության տարիներին գրական ճանաչում ստանալով՝ Խաքանին հրավիրվել է շիրվանշահերի պալատ։ Գրել է ներբող-կասիդաներ՝ Խաքանի (թագավորին պատկանող) կեղծանունով։ 1156 թվականին ճանապարհորդել է Մերձավոր Արևելքում, որի տպավորությունների արդյունք են Տիզբոնի ավերակների վերաբերյալ «Մադաինի ավերակները» (հայերեն հրատարակություն՝ «Մեդաին») փիլիսոփայական կասիդան և «Երկու Իրաքների նվերը» պոեմը (ավարտել է 1157 թվականին)։ 1159 թվականին Շիրվանից գաղտնի հեռանալու փորձի համար շահ Ահսաթանի հրամանով Խաքանին բանտարկվել է։ Այդ ժամանակ էլ գրել է «Բանտայիններ» կասիդաների շարանը, որը բանաստեղծի խռովարար ոգու արտահայտությունն է։
Խաքանին ստեղծագործել է պարսկերեն և արաբերեն։ Զարգացրել ու կատարելագործել է գազելի ու կասիդայի ժանրերը։ Նրա պոեզիայում հիմնականը սիրո, մարդկային անհատի երջանկության, ազատության թեմաներն են։ Խաքանիի պոեզիան իր ազդեցությունն է թողել Միջին Արևելքի գրականության զարգացման վրա։
Խաքանին ծնվել է Շիրվանում (այժմյան Ադրբեջանի Հանրապետության արևելյան մասը), արհեստավորի ընտանիքում[4]։ Հայրը մուսուլման է եղել, իսկ մայրը՝ նեստորական քրիստոնյա նախկին ստրկուհի, որը ընդունել է իսլամը։ Խաքանին գրում է, թե նրա մայրը եղել է «մեծ Փիլիպոսի» հետնորդներից․ որոշ գիտնականներ նույնացնում են «մեծ Փիլիպոսին» հռոմեական կայսր Փիլիպոս I-ի հետ[5]։ Խաքանին վաղ տարիքում կորցրել հորը։ Դաստիարակվել է հորեղբոր՝ բժիշկ Քաֆի-ադ-Դին Օմարի մոտ։ Հետագայում Խաքանին իր հորեղբոր մասին գրել է գովասանքի բանաստեղծություն, որում հորեղբորը համեմատել է նրա անվանակից Օմար Խայյամի[6]։
Խաքանին վաղ երիտասարդության տարիներին ցուցաբերել է մեծ ստեղծագործական ունակություններ և դարձել շիրվանշահ Մանուչիհր III-ի գովերգուն։ Նրա վաղ երիտասարդությունից պահպանվել են մի քանի բանաստեղծություններ։ Այս շրջանում գրել է «Հաքաիքի» (փնտրող) ծածկանունով։ Շիրվանշահերը կրում էին «խաքան» (արքա, կայսր) տիտղոսը, որից բանաստեղծը հետագայում ընդունեց Խաքանի (արքայական կամ թագավորին պատկանող) ծածկանունը[7]։ Որոշ ավանդությունների համաձայն՝ Խաքանին իբր թե եղել է հայտնի բանաստեղծ Աբուլ-Ալա Գանջևիի աշակերտը և փեսան, սակայն դա չի հաստատվում Խաքանիի ստեղծագործություններում[4]։ Խաքանին իր պատանեկության տարիներին որոշել է ուխտագնացություն կատարել Մեքքա՝ հակառակ իր հովանավորի ցանկությանը։ Շիրվանից հեռանալու իր առաջին փորձի ժամանակ մոտակա Բայլականում նրան ձերբակալեցին Մանուչիհրի կամակատարները։ Անհնազանդության համար նա 5[8] կամ 7[5] ամիս բանտարկվել է Դերբենդի մոտ գտնվող Շաբարան ամրոցում։ Խաքանին բանտում է մնացել մինչև 1156-7 թվականները, երբ նրան հաջողվեց փախչել բանտից։ Այնուհետև ճանապարհորդել է Մերձավոր Արևելքով[5]։ Նրա ճամփորդությունները հիմք են ծառայել իր հայտնի «Երկու Իրաքների նվերը» (Թոհֆաթ ալ-Էրաքայն) պոեմի համար, որն ավարտել է 1157 թվականին[7]։ Տիզբոնի ավերակների տպավորություններից ներշնչված գրել է «Մադաինի ավերակները» (հայերեն հրատարակություն՝ «Մեդաին») փիլիսոփայական կասիդան։
Շիրվան վերադառնալուն պես Խաքանին ձերբակալվել է Մանուչիհրի հաջորդ Ախսիթան I-ի կողմից։ Այդ ժամանակ գրել է «Բանտայիններ» կասիդաների շարանը, որը բանաստեղծի խռովարար ոգու արտահայտությունն է։ Այդ բանաստեղծություններից մեկը, որը հայտնի է որպես «քրիստոնեական» կասիդան, կոչվել է «գրական ապստամբության իր ամենահամարձակ գործողություններից մեկը»[8]։ Վ․ Մինորսկու կարծիքով այս կասիդայում հիշատակված հովանավորը հետագայի բյուզանդական կայսր Անդրոնիկոս Կոմնենոսն է[5]։
1173–1175 թվականներին Խաքանին հորինել է երգեր՝ փառաբանելով Շիրվանի՝ Կասպից ծովում Կիևյան Ռուսիայի դեմ տարած հաղթանակը։ Այս երգերում որոշ մանրամասներ է հաղորդել ռազմական գործողությունների մասին[5]։ Այս շրջանում Խաքանին կորցրել է իր առաջին կնոջը և երիտասարդ որդուն՝ Ռաշիդ-ադ-Դինին։ Եղերերգեր է հորինել իր սիրելիների մահվան առիթով։ Մոտավորապես նույն ժամանակ Խաքանին կրկին գնացել է ուխտագնացության, ինչից հետո հեռացել է արքունիքից և հաստատվել Թավրիզում։ Իր տապանաքարի արձանագրության համաձայն՝ Խաքանին մահացել է 1199 թվականի հուլիսին[9]։
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաքանի Շիրվանի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաքանի Շիրվանի» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 44) (հեղինակ — Լ․ Շեխոյան)։ |