Խոսքի զարգացում (կամ խոսքի օնտոգենեզ, նաև անգլ.՝ Language development) գործընթացների, փուլերի և մեթոդների լայնորեն օգտագործված կոմպլեքսային անվանում է՝ կապված յուրացման (ինչպես երեխայի, այնպես նաև լայն առումով մարդու կողմից ողջ կյանքի ընթացքում) ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր խոսքի (լեզվի) միջոցով՝ իրենց հերթին բնորոշելով նրա հաղորդակցական հմտությունների, բանավոր մտածողության և գրական ստեղծագործության զարգացումը։
Երեխան 4 տարեկանում առանց հատուկ կրթության մեծերից յուրացնում է լեզուն։ Մինչխոսակցական փուլում նրա մոտ նկատվում է բղավոց, նվնվոց, թոթովանք, մոդուլացված թոթովանք։ Հնչյունական լսողության զարգացումը հնարավորություն է տալիս երեխային յուրացնել հնչյունները։ Կես տարեկանում նրա մոտ առաջանում են ձայնարկություններ, երկու տարեկանում՝ բառակապակցություններ (երկբառ արտահայտություններ), և սկսում է յուրացնել քերականություն։ Երկու տարեկանում երեխան արդեն պետք է հստակ հասկանա առարկաների, գործողությունների նշանակությունը, պատասխանի ծնողների կողմից տրված հարցերին։ Երբ ծնողները իրենց հետ կապված որևէ պատմություն են պատմում, ապա երեխան պետք է կարողանա այն վերապատմել, պատասխանել պատմողի հարցերին։ Դրանից բացի երեխան պետք է հեշտությամբ ցույց տա մարմնի հինգ մասերը՝ այդ թվում հստակ իմանա դրանց նշանակությունները։ Շփվելով մեծերի հետ՝ երեխան արդեն կարողանում է խոսել մի քանի բառից կազմված նախադասություններով, իսկ զրույցի մեջ գործածվում են դերանուններ, մակբայներ, ածականներ[1]։ Երեք տարեկանում երեխայի բառապաշարը բազմապատկվում է և կարող է ընդգրկել 1000-1500 բառ[2]։
Մարդկային շփումից զրկված երեխաները կարող են հարմարվել հասարակությանը նույնիսկ այն դեպքում, եթե նրանք վերադառնում են հասարակություն ավելի քան վեց տարեկանում (բայց ոչ ուշ, քան 12 տարեկանում)[3]։
Լեզվի յուրացման ընթացքում երեխան շատ սխալներ է թույլ տալիս, որը պայմանավորված է նրանով, որ նա փորձում է ամեն ասվածի վրա օգտագործել առավել ընդհանուր կանոններ։ Առաջանում է նաև, այսպես ասած, «միջանկյալ լեզու»։ Երեխաներին այդպիսի սխալները բնորոշ են, և դա կապված է լինում նրանց տարիքից ու լեզվի զարգացման աստիճանից։ Երեխաների կողմից բառերի ստեղծումը արտացոլում է լեզվի յուրացման ստեղծագործական բնույթը, և նույնպես ենթարկվում է որոշակի օրինաչափությունների։
Շարահյուսության յուրացումը սկսվում է միաբառ նախադասությունից, ապա հաջորդում է երկբաղադրիչ նախադասությունը, որտեղ էլ կարելի է առանձնացնել «առանցքային բառեր» և բառեր՝ «բաց դասին» պատկանող։
Բառիմաստին տիրապետելը սկսվում է տեսողական բաղադրիչի մեկուսացումով (հնչյունաբանական), այնտուհետև բառը երեխայի համար դառնում է ավելի հստակ և միայն մեծահասակների հետ շփման ընթացքում օբյեկտիվ աշխարհին տիրապետելու գործընթացում է երեխան հասկանում բառիմաստի բնույթը։ Բառերի իմաստների ներքինացումը տեղի է ունենում հաղորդակցության և գործունեության ընթացքում։
Վերջին տարիների հոգեբանական լեզվաբանության մեջ երեխաների խոսքի ուսումնասիրությունը ի հայտ է եկել որպես առանձին ճյուղ` երեխայի խոսքի անհատական զարգացում կամ լեզվի յուրացման լեզվաբանություն,անգլ.՝ developmental psycholinguistics: Այդ խնդրի շուրջ կայացվում են միջազգային գիտական համախորհրդակցություններ, կազմվում են հատուկ դասագրքեր։