Խորհրդային ժողովուրդ (ռուս.՝ Советский народ), ԽՍՀՄ քաղաքացիներ (ռուս.՝ Граждане СССР), քաղաքացիական նույնություն ԽՍՀՄ-ում, որը բնութագրվում է որպես իր բովանդակությամբ սոցիալիստական մշակույթ, ընդհանուր տարածք, տնտեսություն, միութենական համաժողովրդական պետություն և ընդհանուր նպատակ՝ համայնավարության կառուցումն ունեցող մարդկանց պատմական, սոցիալական, ազգամիջյան ընդհանրություն։
ԽՍՀՄ փլուզումից հետո այդ կայացած վերազգային նույնությունը աստիճանաբար վերացել է[1]։
«Խորհրդային ժողովուրդ» եզրը սկսել է կիրառվել ԽՍՀՄ բնակչության նշանակման համար արդեն 1920-ականներին[2]։
1961 թվականին ԽՄԿԿ XXII-րդ նիստի ժամանակ Նիկիտա Խրուշչյովը ԽՄԿԿ նոր ծրագրի մասին իր զեկույցում հայտարարել է՝
ԽՍՀՄ-ում կազմավորվել է ընդհանուր բնագծեր ունեցող տարբեր ազգությունների մարդկանց պատմական ընդհանրություն՝ խորհրդային ժողովուրդ։ Նրանք ունեն ընդհանուր սոցիալիստական Հայրենիք՝ ԽՍՀՄ, ընդհանուր տնտեսական բազա՝ սոցիալիստական տնտեսություն, ընդհանուր հասարակական-դասակարգային կառուցվածք, ընդհանուր աշխարհահայացք՝ մարքսիզմ-լենինիզմ, ընդհանուր նպատակ՝ համայնավարության կառուցումը, բազմաթիվ ընդհանուր գծեր հոգևոր պատկերի, հոգեբանության մեջ։
Բնօրինակ տեքստ (ռուս.)В СССР сложилась новая историческая общность людей различных национальностей, имеющих общие характерные черты,— советский народ. Они имеют общую социалистическую Родину — СССР, общую экономическую базу — социалистическое хозяйство, общую социально-классовую структуру, общее мировоззрение — марксизм-ленинизм, общую цель — построение коммунизма, много общих черт в духовном облике, в психологии[3]
1971 թվականի ԽՄԿԿ XXIV-րդ նիստի որոշմամբ խորհրդային ժողովուրդը հայտարարվել է ԽՍՀՄ տարածքը բնակեցնող բոլոր դասերի և շերտերի, ազգերի և ազգությունների ամուր հասարակական-քաղաքական և գաղափարային միասնականության արդյունք[4]։
Խորհրդային ժողովրդի որպես մեկ ընդհանրության հասկացողությունը սնուցվում էր այնպիսի ընդհանուր ձեռքբերումներով, ինչպիսիք էին հաղթանակը Երկրորդ համաշխարհային պատերազմում (ԽՍՀՄ-ի համար՝ Հայրենական մեծ պատերազմում) և տիեզերքի յուրացումը։