Գյուղ | |||
---|---|---|---|
Ծաղկաշատ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Լոռու մարզ | ||
Համայնք | Ալավերդի (համայնք) | ||
ԲԾՄ | 1500 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 181[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Ծաղկաշատ, գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքում[2]։
1927 թվականին գյուղը պաշտոնապես անվանվել է Խաչի Դուռ։ Այս անունն առաջացել է բնակավայրի հարավ-արևմտյան կողմում հայտնաբերված 9-ից 10-րդ դարերով թվագրվող համանուն մատուռի անվանումից[2]։
1935 թվականի հունվարի 3-ին գյուղը վերանվանվել է Ծաղկաշատ։ Այս անունն առաջացել է բնակավայրի տարածքում աճող բազմաթիվ ծաղիկների առկայությունից[2][3]։
Բնակավայրը գտնվում է Գուգարաց լեռների արևմտյան լանջերին՝ ծովի մակարդակից 1500 մ բարձրության վրա[2]։ Համայնքի կենտրոն Ալավերդի քաղաքից հեռու է 12 կմ դեպի հարավ-արևելք[2], իսկ մարզկենտրոն Վանաձոր քաղաքից՝ 60 կմ դեպի հյուսիս-արևելք։
Ունի գեղատեսիլ բնություն, շրջապատված է անտառներով[4]։
Ծաղկաշատը Հայաստանի պատմական բնակավայրերից է[2]։
Ծաղկաշատում առկա են բազմաթիվ պատմամշակութային կառույցներ ու կոթողներ։ 2004 թվականի դրությամբ գյուղում և շրջակա տարածքներում հաշվառվել և պետական գրանցում են ստացել թվով 17 հուշարձան, որոնցից են գյուղից 3 կմ դեպի հյուսիս-արևմուտք գտնվող և մ․թ․ա․ 12-10 դարերով թվագրվող դամբարանադաշտը, գյուղից 4 կմ դեպի հարավ-արևմուտք գտնվող և մ․թ․ա․ 8-ից 7-րդ դարերով թվագրվող դամբարանադաշտը, գյուղի մեջ գտնվող 9-ից 20-րդ դարերով թվագրվող գերեզմանոցը, նույն տեղում գտնվող 13-րդ դարով թվագրվող եկեղեցի, վերջինին կից գտնվող 11-ից 13-րդ դարերով թվագրվող խաչքարեր, թևավոր խաչ, եկեղեցու կողքին գտնվող 17-րդ դարով թվագրվող շինություն, գյուղից 2 կմ հեռու գտնվող միջնադարյան գյուղատեղին, 13-րդ դարով թվագրվող գերեզմանոցը, գյուղից 3 կմ դեպի հարավ-արևմուտք գտնվող եկեղեցին, գյուղի հարավում գտնվող և 13-րդ դարով թվագրվող Սուրբ Սարգիս մատուռը[5]։
Ստորև աղյուսակի տեսքով ներկայացված է Ծաղկաշատ գյուղի բնակչության վիճակագրական տվյալներն ըստ տարիների.
Տարի | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 167[6] | 319[6] | 345[6] | 354[6] | 194[6] | 179[7] | 273[6] | 180[6] | 181[1] |
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ[4]։ 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ գյուղում եղել է 560 խոշոր եղջերավոր կենդանի[4]։ Զբաղվում են նաև խոզաբուծությամբ[4]։
Խորհրդային Միության ժամանակաշրջանում գյուղի վարելահողերում աճեցվել է ցորեն ու գարի, սակայն Հայաստանի Հանրապետության անկախությունից հետո ոռոգման ջրի չլինելու պատճառով այդ աշխատանքները դադարեցվել են[4]։
2012 թվականի դրությամբ Ծաղկաշատի շուրջ 25 բնակիչ աշխատել է Թեղուտի պղնձա-մոլիբդենային հանքավայրում[4]։