Ծավալային դրոշմում, մետաղները ճնշմամբ մշակելու հիմնական եղանակ, երբ նախապատրաստուկը ենթարկվում է պլաստիկ դեֆորմացիայի, փոխում իր բոլոր չափերը և ընդունում դրոշմոցի ձևը։ Կիրառվում է դարբնոցա-դրոշմիչ արտադրության մեջ՝ մեքենաների դետալների և այլ շինվածքների սերիական և զանգվածային արտադրության դեպքում։
Տարբերում են սառը և տաք ծավալային դրոշմում։ Սառը դրոշմումն իրականացվում է առանց տաքացման։ Այս եղանակով ստանում են պատասխանատու դետալներ՝ բարձր և կայուն մեխանիկական հատկություններով։ Սառը դրոշմման համար պահանջվում են մեծ ճիգեր (մինչև 2500 Մն/մ² և ավելի), որոնք բացասաբար են անդրադառնում դրոշմոցի կայունության վրա։ Այդ ճիգերը կարելի է փոքրացնել միայն նախապատրաստուկը տաքացնելով, այսինքն՝ տաք ծավալային դրոշմամբ։ Դրոշմոցները բաղկացած են երկու մասից՝ վերևի և ներքևի կամ մամլամատից ու մամլամայրից։
Ծավալային դրոշման զարգացման հեռանկարներն են՝ դրոշմոցների կիրառումը տաք փոքրաթափոն դրոշմման և հզոր սարքավորումների նախագծումը՝ սառը դրոշմման համար, ինչպես նաև մետաղների դեֆորմացման նոր գործընթացների արմատավորումը՝ օգտագործելով գերպլաստիկության երևույթներն ու կիրառելով հիդրոստատիկ մեթոդները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 118)։ |