Ծննդյան իսպանական խաղարկություն (Sorteo Extraordinario de Navidad, ինչպես նաև Lotería de Navidad), ամենամյա իսպանական ազգային խաղարկություն։ Անցկացվում է 1812 թվականից Իսպանիայի Պետական վարչության բաժանմունքի կողմից։ Sorteo de Navidad անվանումն առաջին անգամ կիրառվել է 1892 թվականին[1]։
Ծննդյան իսպանական խաղարկությունը հանդիսանում է ամենահին մշտական խաղարկություններից երկրորդն աշխարհում։ Խաղարկությունն Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ չընդհատվեց, միայն տեղափոխվեց Վալենսիա, քանի որ հանրապետականներն ստիպված էին լքել մայրաքաղաք Մադրիդը։ Հանրապետականների տապալումից հետո խաղարկությունը շարունակեց իր գոյությունը Ֆրանկոյի ռեժիմի օրոք։
Ծննդյան իսպանական խաղարկությունն իր մրցանակային ֆոնդի չափով համարվում է ամենախոշորն աշխարհում։ 2012 թվականի տվյալների համաձայն՝ եթե բոլոր տոմսերը վաճառվեին, վճարված մրցանակների ընդհանուր գումարը կկազմեր 2,52 միլիարդ եվրո (70 % եկամուտ տոմսերի վաճառքից)։ El Gordo («գիրուկ») անվանմամբ առաջին կատեգորիայի մրցանակների ընդհանուր գումարը կազմեց 720 միլիարդ եվրո. այդ գումարը բաժանվեց 180 շահած տոմսերի մեջ, որոնցից յուրաքանչյուրն ստացավ 4 միլիարդ եվրո։
2013 թվականի խաղարկության մեջ սերիաների քանակը փոխվեց՝ 180-ից դառնալով 160, և ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմեց 2,24 միլիարդ եվրո (նախկինի պես՝ տոմսերի վաճառքից 70 % եկամուտ)։
Ծննդյան իսպանական խաղարկությունը հիմնված է տոմսերի հնգանիշ համարների վրա այնպես, ինչպես և սովորական իսպանական ազգային խաղարկությունը։ Անհավանական տարածում ունենալու պատճառով յուրաքանչյուր տոմսը տպագրվում է մի քանի անգամ՝ այսպես կոչված մի քանի սերիաներով։ Յուրաքանչյուր տոմսին վերապահվում է հնգանիշ համար և այդ տոմսի համար պահպանվում է մի քանի սերիանորում։ Օրինակ՝ 00001 համարով տոմսը տպագրվում է մի քանի անգամ՝ տարբեր սերիաներով։ Յուրաքանչյուր տոմսն արժե 200 եվրո։ Քանի որ արժեքը բավականին բարձր է, տոմսերը նաև բաժանվում են դեսյատինների (տասանորդների)։ Մեկ դեսյատինի արժեքը հավասար է €20, դեսյատին գնելու դեպքում շահող տոսմի մրցանակը վճարվում է ամբողջ տոմսի շահման 10 %-ի չափով։
Սերիա, Յուրաքանչյուր տոմս տպագրված է բազմաթիվ անգամներ՝ սերիաների տարբեր համարներով։
Տոմս, արժե 200 եվրո. հնգանիշ համարով ողջ տոսմը կազմված է 10 դեսյատիններից (դեսյատինը տոմսի մասն է)։
Դեսյատին, տոմսի 1/10 մասն արժե 200 եվրո։ Խաղացողների մեծ մասը դեսյատին է գնում։
Հնարավորություն կա թե՛ անհատապես, թե՛ կազմակերպության միջոցով ձեռք բերելու տոմսի ավելի փոքր մասը։ Այդպիսի մասը կոչվում է «ներդրում»։ Շատ կազմակ երպություններ ձեռք են բերում տոմսերը, ապա բաժանում են մասերի և «ներդրումները» վերավաճառում են իրենց հաճախորդներին կամ անձնակազմին։ Սովորաբար տոմսի այդպիսի մասերի արժեքի մեջ ներառված են բարեգործական վճարները։ Այդպիսի «ներդրումների» գնորդները ստորագրում են վճարման հաստատման համար։ Եթե տոմսը շահող է լինում, մրցանակը բաժանվում է այն խաղացողների միջև, որոնք ներդրումներ են արել այդ տոմսով, իսկ չափը կախված է նրանց կատարած վճարների չափից։ Իսպանացիների մեծ մասը յուրաքանչյուր տարի գնում է Ծննդյան խաղարկության տոմսի գոնե ամենափոքր մասը, նույնիսկ եթե մնացյալ ժամանակ ոչ մի խաղարկության չի մասնակցում։ Ընդունված է տոմսերով փոխանակվել ընտանիքի, ծանոթների հետ կամ ձեռք բերել գործատուից։
2013 թվականին խաղարկությանը մասնակցում էր 100.000 տոմսի 160 սերիա (00000-ից մինչև 99999), յուրաքանչյուրը՝ 200 եվրո արժողությամբ։ Եթե վաճառվեին բոլոր տոմսերը, վաճառքից ստացված ընդհանուր եկամուտը կկազմեր 3,2 միլիարդ եվրո, և մրցանակային ֆոնդը կկազմեր 2,24 միլիարդ եվրո (վաճառքից 70 %-ը)։ Յուրաքանչյուր սերիայի համար մրցանակների կառուցվածքն այսպիսին է[2].
Քանակ | Մրցանակ | Նկարագրություն | Ընդամենը |
---|---|---|---|
1 | €4.000.000 | El Gordo (1-ին կատեգորիայի մրցանակ) | €4.000.000 |
1 | €1.250.000 | 2-րդ կատեգորիայի մրցանակ | €1.250.000 |
1 | €500.000 | 3-րդ կատեգորիայի մրցանակ | €500.000 |
2 | €200.000 | 4-րդ կատեգորիայի մրցանակներ | €400.000 |
8 | €60.000 | 5-րդ կատեգորիայի մրցանակներ | €480.000 |
1.794 | €1.000 | La Pedrea | €1.794.000 |
2 | €20.000 | Համարից առաջ և հետ 2 համարների համար, որոնք շահել են 1-ին կատեգորիայում (մոտավորապես) | €40.000 |
2 | €12.500 | Համարից առաջ և հետ 2 համարների համար, որոնք շահել են 2-րդ կատեգորիայում (մոտավորապես) | €25.000 |
2 | €9,600 | Համարից առաջ և հետ 2 համարների համար, որոնք շահել են 3-րդ կատեգորիայում (մոտավորապես) | €19.200 |
99 | €1.000 | 99 համարների համար, որոնց առաջին 3 թվանշանները համընկել են 1-ին կատեգորիայի շահածի հետ | €99.000 |
99 | €1.000 | 99 համարների համար, որոնց առաջին 3 թվանշանները համընկել են 2-րդ կատեգորիայի շահածի հետ | €99.000 |
99 | €1.000 | 99 համարների համար, որոնց առաջին 3 թվանշանները համընկել են 3-րդ կատեգորիայի շահածի հետ | €99.000 |
198 | €1,000 | 99 համարների համար, որոնց առաջին 3 թվանշանները համընկել են համարներից յուրաքանչյուրի հետ, որոնք շահել են 4-րդ կատեգորիայում | €198.000 |
999 | €1.000 | 999 համարների համար, որոնց վերջին 2 թվանշանները համընկել են 1-ին կատեգորիայում շահած համարի հետ | €999.000 |
999 | €1.000 | 999 համարների համար, որոնց վերջին 2 թվանշանները համընկել են 2-րդ կատեգորիայում շահած համարի հետ | €999.000 |
999 | €1.000 | 999 համարների համար, որոնց վերջին 2 թվանշանները համընկել են 3-րդ կատեգորիայում շահած համարի հետ | €999.000 |
9.999 | €200 | 9.999 համարների համար, որոնց վերջին թվանշանը համընկել է 1-ին կատեգորիայում շահած համարի հետ (գումարի վերադարձ) | €1.999.800 |
Ընդամենը սերիայում | €14.000.000 | ||
Ընդամենը 160 սերիայում | €2.240.000.000 |
2012 թվականին 1-ին կատեգորիայի El Gordo մրցանակը շահեց 76058 համարը։ 76057 և 76059 համարները համապատասխանաբար ստացան 20.000-ական եվրո։ Ի լրումն սրա՝ 76000-ից մինչև 76099-ը բոլոր համարները (բացառությամբ՝ El Gordo համարի) ստացան 1000 եվրոյի չափով մրցանակ՝ շահած տոմսի 1-ին 3 թվանշանների հետ ունեցած համընկնման կատեգորիայում։ «58»-ով ավարտվող բոլոր համարները (բացառությամբ շահած համարի) 1000 եվրոյի չափով մրցանակ ստացան, և այն բոլոր համարները, որոնք ավարտվում էին «8»-ով (բացառությամբ՝ շահած համարի) 200 եվրոյի չափով գումարի վերադարձ ստացան։
Տոմսերի, սերիաների հստակ քանակը և արժեքը կարող են փոփոխվել։ Օրինակ՝ 2004 թվականին կար 66.000 տարբեր համար և 195 սերիա։ 2005 թվականին կար 85.000 համար և 170 սերիա, 2006 թվականին սերիաների քանակը մեծացավ՝ հասնելով 180-ի։ 2011 թվականից սկսած՝ տարբեր համարների տոմսերի քանակը հավասարվում է 100.000-ի, սերիաների քանակը կազմում է 180։ Մրցանակների բաշխումը նույնպես կարող է փոխվել, ինչպես օրինակ՝ 2002 թվականին՝ եվրոյի ներմուծմամբ, կամ 2011 թվականին, երբ El Gordo մրցանակը 3.000.000 եվրոյից մեծացվեց մինչև 4.000.000 եվրո, 2-րդ կատեգորիայի մրցանակը՝ 1.000.000 եվրոյից մինչև 1.250.000 եվրո, 5-րդ կատեգորիայի մրցանակը՝ 50.000 եվրոյից մինչև 60.000 եվրո, և ավելացվեցին ևս 20 կատեգորիաներ՝ յուրաքանչյուրը 1000 եվրոյով[3]։
1812 թվականի սեպտեմբերի 18-ից սկսած՝ Ծննդյան խաղարկությունը տարեցտարի միևնույն սխեմայով է անցկացվում։ Անցյալում վիճակահանությունն անցկացվում էր Մադրիդի Lotería Nacional դահլիճում։ 2010 և 2011 թվականներին խաղարկությունը նշվեց Palacio Municipal de Congresos de Madrid-ում, իսկ 2012 թվականին՝ Teatro Real-ում, որը նույնպես Մադրիդում է։ San Ildefonso դպրոցի աշակերտները (մինչ այդ նրանց դերն իրականացնում էին ծառայողական պարտքը կատարելիս զոհվածների որբ երեխաները) դուրս էին հանում համարները և դրանց համապատասխան մրցանակները՝ հանրության առջև արդյունքները բարձրաձայն կրկնելով։ Մինչ 1984 թվականը խաղարկության անցկացմանը մասնակցում էին միայն San Ildefonso դպրոցի տղաները։ 1984 թվականին Մոնիկա Ռոդրիգեսը դարձավ առաջին աղջիկը, ով իրականացրեց խաղարկության արդյունքները՝ ներառյալ 4-րդ կատեգորիայի մրցանակը՝ 25 միլիոն իսպանական պեսետ[4]։ Կա ավանդույթ, որի համաձայն՝ հաղթողներն իրենց շահումի մի մասը նվիրաբերում են San Ildefonso դպրոցին։ Խաղարկությանը ներկա հանրությունը հագնում է իր արտասովոր կոստյումները, որոնք խաղարկության թեմատիկայով են[5]։ Televisión Española պետական հեռուստաալիքը և Radio Nacional de España ռադիոալիքը, ինչպես նաև զանգվածային լրատվության այլ միջոցներ, դեկտեմբերի 22-ին ուղիղ եթերով հեռարձակում են վիճակահանությունը։
Վիճակահանության մեջ օգտագործվում է խաղարկության 2 սարք։ Առաջին պարունակում է 100.000 փայտե փոքրիկ գնդակներ՝ յուրաքանչյուրն ունիկալ հնգանիշ համարով՝ 00000-ից մինչև 99999։ Երկրորդ փոքրիկ սարքը պարունակում է 1.807 փայտե գնդակներ, որոնցից յուրաքանչյուրի վրա նշված է մրցանակը՝ եվրոյով.
Մեր օրերում փայտե գնդակների վրա գրառումներն արվում են լազերով, որպեսզի բացառեն գնդակի կշռի փոփոխման հնարավորությունը[6]։ Դրանցից յուրաքանչյուրը կշռում է 3 գրամ և ունի 18.8 մմ տրամագիծ։ Մինչ այն պահը, որ գնդակները լցվում են սարքի մեջ, կազմակերպիչները հանրությանը հնարավորություն են ընձեռում գնդակներն ստուգելու և համոզվելու, որ յուրաքանչյուր խաղացողի համարը մասնակցում է խաղարկությանը։
Խաղարկության ժամանակ յուրաքանչյուր սարքից միանգամից դուրս են հանվում 2 գնդակներ։ Մի դպրոցականն իրականացնում է տոմսի շահող համարը, մյուս դպրոցականն իրականացնում է դրան համապատասխան մրցանակը։ Այդ գործընթացը կրկնվում է մինչ այն պահը, քանի դեռ հանված չեն լինի բոլոր մրցանակային գնդակները։ Քանի որ բավականին շատ մրցանակ կա, խաղարկույունը մի քանի ժամ է տևում։ Դպրոցականները խաղարկությանը հերթափոխով են մասնակցում[7][8][9][10][11]։
Շահման կուլմինացիան այն պահն է, երբ դուրս է բերվում առաջին մրցանակը՝ El Gordo-ն[12]։ Տոմսավաճառ կրպակները սովորաբար տոմսերը վաճառում են մեկ կամ երկու տարբեր թվերով, այդ կերպ շատ հաճախ առաջին մրցանակի տերերն ապրում են միևնույն քաղաքում կամ աշխատում են միևնույն կազմակերպությունում։ 2011 թվականին բոլոր այն տոմսերը, որոնք շահել էին El Gordo, վաճառվել էին Հրանեին քաղաքում, որն ունի մոտ 2.000 բնակչություն։ 2010 թվականին մրցանակի մի մասը՝ 414 միլիոն եվրոն բաժին հասավ Բարսելոնային, մնացյալ 585 միլիոն եվրոն բաժանվեց Մադրիդի, Տեներիֆեի, Ալիկանտեի, Վալենսիայի, Սարագոսայի, Կասերեսի և Գիպուսկոայի միջև[13]։ 2006 թվականին շահած տոմսերը վաճառվել էին Իսպանիայի մեծաթիվ վաճառակետերում, այն դեպքում, երբ մրցանակային 2-րդ կատեգորիայում շահածը (դեսյատինի համար 100.000 եվրո) վաժառվել էր Մադրիդի կենտրոնում գտնվող Պուերտա դել Սոլ կրպակում։ 2005 թվականին շահած թվերով տոմսերը վաճառվել էին Կատալոնիայի Վիկ քաղաքում, որի բնակչությունը կազմում է 37.825 մարդ, և որի բնակիչները միմյանց միջև բաժանել էին մոտ 500 միլիոն եվրոն (յուրաքանչյուր շահած դեսյատինին բաժին էր ընկնում 300.000 եվրո)։
Իսպաներեն չխոսող խաղացողներին բնորոշ սխալը կայանում է նրանում, որ El Gordo հասկացությունն ասոցացվում է բացառապես Ծննդյան խաղարկության հետ։ Շատերը կարծում են, որ El Gordo-ն խաղարկության անվանում է։ Սակայն El Gordo հասկացության իրական նշանակությունը հետևյալն է՝ առաջին մրցանակ (բառացի՝ ինչպես «գիրուկ»)։ Այլ խաղարկություններ ևս կարող են իրենց անվանման մեջ պարունակել El Gordo բառը։ Օրինակ՝ վերջերս ներմուծված ամենօրյա խաղարկությունը՝ El Gordo de la Primitiva, ոչ մի ընդհանուր բան չունի ծննդյան խաղարկության հետ, բացի կազմակերպիչ ընկերությունից՝ Loterías y Apuestas del Estado-ից։