Կական Հերմանսոն | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 7, 1981[1][2] (43 տարեկան) |
Ծննդավայր | Q10602529?, Լունդի կոմունա, Մալմյոհուս համայնք, Շվեդիա[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Կոնստֆակ |
Երկեր | Idol 2013? և Sommar? |
Մասնագիտություն | հեռուստահաղորդավարուհի, ռադիոհաղորդավար, կատակերգու և արվեստագետ |
Աշխատատու | Շվեդիայի ազգային հեռուստաընկերություն |
![]() |
Կարին Սիգնհիլդ Հերմանսոն (շվեդ.՝ Karin Signhild Hermansson, առավել հայտնի է որպես Կական Հերմանսոն (շվեդ.՝ Kakan Hermansson, օգոստոսի 7, 1981[1][2], Q10602529?, Լունդի կոմունա, Մալմյոհուս համայնք, Շվեդիա[2]), շվեդ հեռուստահաղորդավարուհի, ռադիոհաղորդավարուհի, կատակերգու և արվեստի գործիչ։
Կական Հերմանսոնը ծնվել է 1981 թվականի օգոստոսի 7-ին Լունդ քաղաքում։ Հայրը` Յան Հերմանսոնը, համալսարանում կրոնի հոգեբանության դասախոս էր։ Ծնողներն աշխատավոր դասից են, 1960-ական և 1970-ական թվականներին մասնակցել են ձախ քաղաքական շարժումներին[3]։
Առաջին անգամ համազգային ճանաչում է ստացել 2008-2009 թվականներին` «ZTV» ալիքի «Locash» կատակերգական սերիալին մասնակցելուց հետո։ Նրա կերպարը՝ Ստոկհոլմի հարավային արվարձաններից մեկի բնակչուհի, հիփ-հոփով զբաղվող Կականը, հիմնված է նրա վրա։ Սերիալն ունեցել է երեք եթերաշրջան[4]։
2010 թվականին Կականը շվեդ մոդել և երաժիշտ Յուլիա Ֆրեյի հետ կազմավորել է «Kaka och Julia» դուետը։ Նրանց կատակերգական տեսահոլովակները մեծ տարածում են ստացել համացանցում, ինչի կապակցությամբ ցուցադրվել են շվեդական «SVT» հեռուստատեսության կենտրոնական ալիքի «SVT Humor» հումորային շոուում[5]։ Ավելի ուշ «SVT»-ն Կականին և Յուլիային առաջարկել է վարել սեփական հեռուստատեսային շոուն` «Kaka på Kaka»: Այս շոուում աղջիկները հարցազրույց են վերցրել տարբեր հայտնի մարդկանցից։ Այն եթեր է հեռարձակվել երկու եթերաշրջան։
Կականը բազմիցս աշխատել է լրագրող Փեր Լեռնստրեմի հետ։ 2013 թվականին եղել է «TV4» հեռուստաալիքով Լեռնստրյոմի վարած[6] «Veckans Svensk» ծրագրի լրահաղորդը, ինչպես նաև «TV4»-ի «Idol 2013» շոուի ժամանակ եղել է նրա օգնականը[7]։ Նրանք նաև միասին շվեդական ռադիոյով վարել են «PP3» հաղորդումը։
2014 թվականի հունիսի սկզբին Հերմանսոնը դարձել է «Sveriges Radio P1»-ի «Sommar i P1» առաջատար ռադիոշոուներից մեկի հաղորդավարը[8]։ Շոուում նրա հայտնվելուն նվիրված մամլո ասուլիսի ժամանակ սկանդալ է տեղի ունեցել։ Կականը «Sveriges Radio»-ի ղեկավարների ընտրության համար խստորեն քննադատել է մշակութային բազմազանության բացակայությունը` ասելով. «Ես խիստ զայրանում եմ այն բանի համար, որ բոլորը, ովքեր այստեղ նստած են, սպիտակամորթ են։ Մենք չենք ներկայացնում (ամբողջ) Շվեդիան», - ասել է նա[9]։ Կականի արտահայտությունը միանշանակ չի գնահատվել հասարակության մեջ. նրան քննադատել են նույնիսկ մշակութային փոքրամասնությունների մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում` լրագրող Մուստաֆա Ջանը «Aftonbladet» թերթում[10]։
2016 թվականին Կականին առաջարկել են մասնակցել «Audi Q2»-ի գովազդին, սակայն շուտով «Audi» ընկերությունը ստիպված է եղել դադարեցնել նրա հետ համագործակցությունը։ Դրա պատճառ է դարձել այրատյաց մեկնաբանությունը, որը Կականը Թվիթթերում թողել է 2012 թվականին, և որը 4 տարի անց գրավել է սոցցանցերի օգտատերերի ուշադրությունը[11]։ Այդ միջադեպից հետո ստիպված է եղել ներողություն խնդրել իր անձնական բլոգում[12], որից հետո նրա ներողությունը վերատպել է «Expressen» թերթը[13]։
Կական Հերմանսոնն ավարտել է «Konstfack»-ը (Ստոկհոլմի արվեստի, արհեստների և դիզայնի համալսարան)։ Որպես դիպլոմային նախագիծ՝ կազմակերպել է նեյլ-արտին նվիրված համաժողով։ Ներկայումս նա հիմնականում աշխատում է կերամիկայի հետ, նրա աշխատանքներն արտահայտում են սեռի, խավի և սեքսուալության մասին գաղափարներ[14][15]։ Կականի աշխատանքների ցուցահանդեսներն անցկացվել են Ստոկհոլմի Նաու թանգարանում և Քրիստիանսթադի քաղաքային խորհրդի թանգարանում. վերջին ցուցահանդեսը տեղի է ունեցել Թվիթթերում այրատյացական գրառման հրապարակման հետ կապված սկանդալից հետո, ինչը Կականին ստիպել է Ֆեյսբուքում ցուցահանդեսի հանրային էջում մեկնաբանությունները փակել՝ մեծ թվով քննադատական մեկնաբանությունների պատճառով[12]։ 2014 թվականի մայիսի 28-ին Հերմանսոնը գեղարվեստական ցուցահանդես է անցկացրել Գյոթեբորգի «West Pride» ԼԳԲՏ փառատոնի ժամանակ[16]։
2013 թվականից Կականը «Կանանց նոր խումբ» (շվեդ.՝ Den nya kvinnogruppen) գեղարվեստական կոլեկտիվի վեց անդամներից մեկն է։ Այն ստեղծվել է` ի պատասխան Շվեդիայի արվեստի ասպարեզում արական սեռի արվեստագետների գերիշխանության[17]։
Կական Հերմանսոնն իրեն նույնականացնում է որպես լեսբուհի, արմատական ֆեմինիստուհի[18].[19] և անարխիստուհի[3]։ Ըստ քաղաքական հայացքների` ձախ է։ Քննադատել է ինքնավար ձախերին այն բանի համար, որ իրենց շարքերում շատ են միջին խավի մարդիկ, որոնց խորթ են աշխատանքային դասի շահերը[3]։
Կականի բնակակցուհին Հաննա Օստրովսկին է (շվեդ.՝ Hanna Ostrovski), որը նրանից մեծ է 6 տարով։ 2018 թվականին նրանց ընտանիքում հայտնվել է տղա, որին լույս աշխարհ է բերել Կականը[20]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կական Հերմանսոն» հոդվածին։ |
|