Կակիձոմե (ճապ.՝ 書き初め, «Առաջին գիր»), գեղագրության առաջին վարժության ճապոներեն անվանումը, որը ենթադրում է ինչ-որ ասույթի կամ արտահայտությանը գրումը թղթի վրա վրձնի ու տուշի օգնությամբ Նոր տարում առաջին անգամ։ Որպես կանոն՝ այդ օրը գրված հիերոգլիֆներն ավանդաբար կապված են երջանիկ իմաստաբանության հետ[1]՝ գարուն, երկարակեցություն կամ հավերժ երիտասարդություն։
Ճապոնիայում կակիձոմեին կատարվում է հունվարի 2-ին[2]։ Այդ օրը նաև մարդը երազանք է պահում ամբողջ տարվա համար, որպեսզի էլ ավելի կատարելագործի իր գեղագրական ունակությունները[1]։ Իրադարձությունն այլ կերպ կոչվում է նաև կիսյո (吉書), սիհիցու (試筆) և հացուսուձուրի (初硯)։
Սկզբում ավանդույթը ծագել է կայսերական պալատում, իսկ ժողովրդի շրջանում սկսել է տարածվել Էդո դարաշրջանում։ Կակիձոմեի ժամանակ գրելիս օգտագործվող թանաքի պատրաստման համար անհրաժեշտ ջուրը վերցվել է հունվարի 1-ին[3] մաքուր աղբյուրից։ Ընդունված է եղել նստել՝ հաշվի առնելով աշխարհի կողմերի բարենպաստ ուղղվածություն։
Նախկինում թղթի վրա գրվել են բանաստեղծություններ չինական դասական պոեզիայից, իսկ ներկայում ճապոնացիները գրում են պարզապես «բարենպաստ հիերոգլիֆներ»։ Ընդհուպ մինչև ավագ դպրոց տեղափոխվելը աշակերտներին կակիձոմեին մասնակցելը հանձնարարվում է որպես տնային առաջադրանք ձմեռային արձակուրդի համար։ Դրանից բացի, ամեն տարի՝ հունվարի 5-ին, շուրջ 4 հազար մարդ հավաքվում է մասնակցելու գեղագրության մրցույթին[4] Տոկիոյի Թիյոդա շրջանում՝ Նիպոն Բուդոկանում, և այդ իրադարձությունը լայնորեն լուսաբանվում է տեղի զանգվածային լրատվամիջոցներով։
Գրված թուղթը այրվում է հունվարի 14-ին անցկացվող Սագիտյո փառատոնում։ Եթե այրվող թուղթը թռչում է դեպի վեր, ապա համարվում է, որ դա ցույց է տալիս մարդու բարի ներուժը[2]։