Կաղնի կապտավուն

Կաղնի կապտավուն
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Հաճարածաղկավորներ
Ընտանիք Հաճարազգիներ
Ցեղ Կաղնի
Տեսակ Կաղնի կապտավուն
Լատիներեն անվանում
Quercus glauca
Հատուկ պահպանություն

Կաղնի կապտավուն (լատին․՝ Quercus glauca), հաճարազգիների ընտանիքի կաղնի ցեղի բույս։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշտադալար ծառ է՝ մինչև 15 մ բարձրությամբ։ Բողբոջները կլորավուն են, բութ ծայրով, գորշավուն, ծածկված կլորավուն թեփուկներով։ Ընձյուղները մերկ են, մոխրաշագանակագույն։ Տերևակոթունների երկարությունը հասնում է 1-3 սմ-ի։ Տերևները բացվելիս կարմիր են, ծածկված արծաթավուն աղվամազով, հետագայում մերկանում են, վերևի կողմից անփայլ-կանաչավուն են, ներքևից՝ կապտավուն, կարծես ծածկված նուրբ ալրաշերտով, լայն-նշտարաձև, էլիպսաձև կամ երկարավուն-հակաձվաձև, հիմքում՝ սեղմվող, գագաթում՝ երկարավուն սրածայր, միջին մասից վերև՝ խոշոր սղոցաեզր, 6-12 սմ երկարությամբ և 2,5-5,5 սմ լայնությամբ, յուրաքանչյուր կողմից 10 զուգահեռ ջղերով։ Կաղինները ունեն 3 սմ երկարություն, օվալաձև են, սրածայր նստած պտղակոթունների վրա։ Պտղագավաթները խոր-թասանման են, մինչև 1 սմ տրամագծով, ծածկված մետաքսանման աղվամազով։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական պայմաններում տարածված է Ճապոնիայում, դեպի հյուսիս՝ մինչև հյուսիսային լայնության 38°-ը, Կորեայում, հարավային Չինաստանում։ Ներմուծված է նախկին ԽՍՀՄ մերձարևադարձային շրջանները, հատկապես լավ է աճում Սևծովյան ափերում։

Հայաստանի պայմաններում մշակվում է միայն Իջևանի դենդրոպարկում, որտեղ հաճախակի ցրտահարվում է և ներկայումս աճում է թփանման։ Աճում է ստորին լեռնային գոտու համեմատաբար խոնավ աճելավայրերում՝ գետափերին, ալուվիալ հողերում, բացի Իջևանից նաև Նոյեմբերյանի և Կապանի շրջաններում։ Բնականորեն տարածված տեսակ, գրանցված Հայաստանի Կարմիր գրքում։ Հայաստանի բուսաբանական այգիների ու դենդրոպարկերի տարբեր աշխարհագրական ծագում ունեցող հավաքածուներում, ինչպես նաև կանաչապատման մեջ հանդիպում են կաղնու բազմաթիվ ներմուծված տերևաթափ տեսակներ. կաղնի կարմիր (Q.rubra L.), կաղնի շագանակատերև (Q.castaneifolia C.A.Mey.), կ.ամառային (Q.robur L.) և այլն։ Չնայած իրենց էկոլոգիական բարձր ճկունությանը և գեղազարդությանը, կաղնիները դեռևս լայն կիրառություն չեն գտել կանաչ շինարարության մեջ։

Կիրառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճապոնիայում (հատկապես Տոկիոյում) լայնորեն է մշակվում, քանի որ աչքի է ընկնում դեկորատիվ բարձր հատկություններով (հատկապես գարնանը, երբ բացվում են կարմիր, արծաթագույն աղվամազով ծածկված գեղեցիկ տերևները)[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 177։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաղնի կապտավուն» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաղնի կապտավուն» հոդվածին։