Կամիլա Ուիլյամս | |
---|---|
Կամիլա Ուիլյամս, լուսանկարը՝ Կառլ Վան Վեխտենի, 1946 թվական | |
Ծնվել է | հոկտեմբերի 18, 1919[1][2] Danville, Վիրջինիա, ԱՄՆ[3] |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | հունվարի 29, 2012[4][5][1][…] (92 տարեկան) Բլումինգթոն, Ինդիանա, ԱՄՆ |
Գերեզման | Oak Hill Cemetery |
Մասնագիտություն | օպերային երգչուհի |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | Ինդիանայի համալսարան, Բլումինգթոն |
Կրթություն | Վիրջինիա նահանգի համալսարան |
Պարգևներ | |
Camilla Williams Վիքիպահեստում |
Կամիլա Էլլա Ուիլյամս (անգլ.՝ Camilla Williams, հոկտեմբերի 18, 1919[1][2], Danville, Վիրջինիա, ԱՄՆ[3] - հունվարի 29, 2012[4][5][1][…], Բլումինգթոն, Ինդիանա, ԱՄՆ), միջազգային ճանաչում ունեցող ամերիկացի օպերային սոպրանո։ Նյու Յորքում հանրահայտ դասվանդողների մոտ ուսում ստանալուց հետո առաջին աֆրոամերիկուհին էր, որ կանոնավոր պայմանագիր է ստորագրել Նյու Յորքի քաղաքայն օպերային թատրոնի հետ[7]։ Ավելի վաղ հաղթել է վոկալ մրցույթներում և 1943–44 թվականին արժանացել Մարիան Անդերսոնի անվան կրթաթոշակի։
Առաջին աֆրոամերիկուհին էր, որը 1954 թվականին Վիեննայի պետական օպերայում հանդես է եկել գլխավոր դերակատարմամբ։ Հետագայում որպես մենակատար ելույթներով հանդես է եկել բազմաթիվ եվրոպական նվագախմբերի հետ ու որպես համերգային կատարող շրջագայել ԱՄՆ-ում, Ասիայում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում։ Առաջին աֆրոամերիկուհին էր, որ 1977 թվականին որպես պրոֆեսոր նշանակվել է Ինդիանայի համալսարանում, որտեղ դասավանդել է մինչև 1997 թվականը։
Ծնվել է 1919 թվականի հոկտեմբերի 18-ին Վիրջինիա նահանգի Դանվիլ քաղաքում լվացարարուհու և վարորդի ընտանիքում, որոնց չորս զավակներից ամենակրտսերն էր։ Հասակ է առել աղքատության մեջ, սակայն ընտանիքում կարևորել են երաժշտությունը։ Ծնողները նրա մեջ ներարկել են հարգանք երաժշտության, եկեղեցու և կրթության հանդեպ, և ութ տարեկան հասակում երեխան դաշնամուր էր նվագում, երգում դպրոցում և քաղաքային եկեղեցում[8][9]։
Ուսում է առել Վիրջինիայի պետական քոլեջում (այժմ՝ Վիրջինիայի պետական համալսարան) և ստացել երաժշտության բակալավրի աստիճան[8]։ Քոլեջում ուսումնառությունն ավարտելուց հետո թողել է երրորդ դասարանի ուսուցչուհու իր աշխատանքն ու շարունակել երաժշտություն ուսումնասիրել Ֆիլադելֆիայում, վոկալի հեղինակավոր ուսուցչուհի Մերիոն Ֆրեշլի մոտ։ Կրթության համար վճարելու նպատակով Վիրջինիայի քոլեջի անգլերենի նրա նախկին դասախոս Թոսսի Վայթինգը հիմնել է «Կամիլա Ուիլյամսի ֆոնդը»[8]։ 1943 և 1944 թվականներին արժանացել է Մարիան Անդերսոնի անվան կրթաթոշակի և շարունակել վոկալ մրցումներում մրցանակների արժանանալ[10][11][9]։
1944 թվականից սկսած երգել է ամերիկյան ռադիոհաղորդումներում։ 1946 թվականին առաջին աֆրոամերիկուհին էր, որի հետ ամերիկյան մի նշանավոր օպերային ընկերություն կանոնավոր պայմանագիր է կնքել, որի հիման վրա դեբյուտով հանդես է եկել Նյու Յորքի քաղաքային օպերային թատրոնում Պուչինիի «Մադամ Բատերֆլայ» օպերայի գլխավոր դերով[12]։ Կատարումը «Նյու Յորք Թայմս» օրաթերթի քննադատի կողմից գովասանքի է արժանացել որպես «ակնթարթային և ակնառու հաջողություն»[7]։ Նյու Յորքի քաղաքային օպերային թատրոնում հանդես է եկել նաև Նեդդայի դերերգով Ռուջերո Լեոնկավալոյի «Պայացներ» օպերայից, Միմիի դերերգով Պուչինիի «Բոհեմ» օպերայից, Մարգուերիտի դերերգով Գունոյի «Ֆաուստ» օպերայից, Միքայելայի դերերգով Բիզեի «Կարմեն» օպերայից ու Վերդիի «Աիդա» օպերայի գլխավոր հերոսուհու դերերգով[8][12]։
ԱՄՆ-ում և Եվրոպայում հանդես է եկել բազմաթիվ այլ օպերային ընկերությունների հետ։ 1954 թվականին դարձել է առաջին աֆրոամերիկուհին, որը գլխավոր դերակատարմամբ հանդես է եկել Վիեննայի պետական օպերայում՝ կատարելով «Մադամ Բատերֆլայը»։ 1963 թվականին «Երթ դեպի Վաշինգտոն» բողոքի խաղաղ ակցիայի ժամանակ Սպիտակ տան մոտ, ինչպես նաև Լինքոլնի հուշահամալիրի մոտ 250,000 մարդու ներկայությամբ երգել է ԱՄՆ-ի ազգային հիմնը, որին հաջորդել է Մարտին Լյութեր Քինգի «Ես երազանք ունեմ» հանրահայտ ճառը։
Որպես հանրահայտ համերգային կատարող շրջագայել է ամբողջ ԱՄՆ-ում, Լատինական Ամերիկայում, Աֆրիկայի տասնչորս երկրներում, ինչպես նաև բազմաթիվ ասիական երկրներում՝ Հարավային Կորեա, Չինաստան, Ճապոնիա, Լաոս, Հարավային Վիետնամ, Ֆիլիպինյան կղզիներ, Նոր Զելանդիա և Ավստրալիա[8][12]։ Բացի դրանից նաև հանդիսանում էր Լոնդոնի Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի, ԲԲՍ-ի սիմֆոնիկ նվագախմբի, Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի, Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի, Չիկագոյի սիմֆոնիկ նվագախմբի, Ֆիլադելֆիայի նվագախմբի և Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատարը։ 1950 թվականին Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախմբի ու դիրիժոր Լեոպոլդ Ստոկովսկու հետ ձայնագրել է Գուստավ Մալերի «8-րդ սիմֆոնիան»։
1970-ական թվականներին վոկալ է դասավանդել Բրուկլինի քոլեջում, Բրոնքսի քոլեջում, Քուինս քոլեջում և այլուր[13]։
1977 թվականին նշանակվել է Ինդիանայի համալսարանի «Jacobs School of Music» դպրոցի վոկալի պրոֆեսոր․ այդ պաշտոնում առաջին աֆրոամերիկուհին էր։ 1984 թվականին դարձել է Չինաստանի մայրաքաղաք Պեկինի կոնսերվատորիայի առաջին աֆրոամերիկուհի դասախոսը։ 1997 թվականին դարձել է Ինդիանայի համալսարանի «Jacobs School of Music» դպրոցի վոկալի պատվավոր պրոֆեսոր, սակայն շարունակել է մասնավոր դասեր տալ[12]։
1950 թվականին ամուսնացել է քաղաքացիական իրավունքների պաշտպան Չառլզ Թ․ Բիվերսի հետ, որը սերտորեն համագործակցում էր սևամորթների իրավունքների պաշտպան Մալկոլմ Իքսի հետ։ Մահացել է 1969 թվականին[7]։
2000 - 2011 թվականներին ապրել է իր բուլղարացի նվագակցող Բորիս Բազալայի ընկերակցությամբ[7]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամիլա Ուիլյամս» հոդվածին։ |
|