Կանադայի վերաբնակիչները անգլ.՝ The Settlers in Canada | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ձև | վեպ |
Հեղինակ | Ֆրեդերիկ Մարիետ |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Բնագիր լեզու | անգլերեն |
Գրվել է | 1844 |
Հրատարակվել է | 1844 |
«Կանադայի վերաբնակիչները» (անգլ.՝ The Settlers in Canada), մանկական արկածային վեպ, անգլիացի ծովագնաց և գրող Ֆրեդերիկ Մարիետի 21-րդ գիրքը[1], որն առաջին անգամ հրատարակվել է 1844 թվականին։ Ստեղծագործության իրադարձությունները ծավալվում են Վերին Կանադայում 1790-ական թվականներին և ներկայացնում են ներգաղթյալների ընտանիքի արկածները Օնտարիո լճի մոտ, նրանց դիմակայությունը բնության և բնիկ ժողովրդի դեմ։
Անգլիայում Քեմփբելլների ընտանիքը ժառանգում է տոհմական կալվածք։ Մեծ որդին ընդունվում է քոլեջ, իսկ երկրորդը մեկնում է ծառայության նավատորմում։ Մի օր հայտնվում է ժառանգության ուրիշ հավակնորդ, որն ապացուցում է իր իրավունքները դրա նկատմամբ։ Քեմփբելլները ստիպված են լինում նահանջել։
Միստր Քեմփբելլը վաճառում է բիզնեսը կալվածքի հարցերը լուծելու համար, և դրանից հետո մնացած փողը բավարար է միայն Կանադա արտագաղթելու և Օնտարիոյի լճի մոտ բնակություն հաստատելու համար։ Խնդիրը համախմբում է ընտանիքի անդամներին, որոնք աշխատում են իրենց ֆերմայի զարգացման համար՝ պայքարելով վատ եղանակի, թշնամաբար տրամադրված հնդկացիների և անտառային հրդեհների դեմ։ Նրանց օգնում է էքսցենտրիկ, բայց պատրաստակամ որսորդ Մալաքի Բոունը, և նրանք ողջունում են նոր ներգաղթյալներին իրենց ֆերմայում։
Ի վերջո, գալիս է մի նամակ ազգականի՝ կալվածքի սեփականատիրոջ մահվան վերաբերյալ։ Կալվածքը նորից անցնում է Քեմփբելլների տնօրինության տակ, միստր և միսիս Քեմփբելլները վերադառնում են Անգլիա, իսկ նրանց երեխաներից յուրաքանչյուրը գնում է իր ուղով[2]։
Մարիետն այս վեպը գրել է նախորդ ստեղծագործության՝ «Մեծ օվկիանոսի» խորտակումը վեպի հաջողությունից հետո[3]։ Հեղինակը այցելել է Կանադա 1837 թվականին[4] և ձեռք բերել մի քանի հարյուր ակր հող Մեծ լճերի մոտ, որտեղ ծավալվում են նրա վեպի հիմնական իրադարձությունները[2]:.
Վեպի թեմատիկան մոտ է Ջեյմս Ֆենիմոր Կուպերի ստեղծագործություններին[2] և արկածները համատեղում է գաղութային հովվերգության հետ։ Առաջին վերաբնակիչների հոգսերն և բնիկների դեմ պայքարի դժվարությունները Քեմփբելլներին դարձնում են հաջողակ ներգաղթյալներ, որոնք մասամբ ընդունում են բնիկների հմտությունները[5]։
Վեպում (8 գլուխ) առաջին անգամ օգտագործվում է «paddle your own canoe» արտահայտությունը (բառացի՝ «թիավարեք ձեր մակույկը», որ նշանակում է «հույս դիր միայն ինքդ քեզ վրա»)[6]։
|