Կանայք Մադագասկարում, հայտնի են նաև որպես մալգաշներ կամ մալգաշ կանայք։ Սովորաբար ավելի երկար են ապրում, քան տղամարդիկ։ Ամուսնանալով երիտասարդ տարիքում՝ նրանք ավանդաբար ենթարկվում են իրենց ամուսիններին։ Մոտ մեկ երրորդն իրենց առաջնեկին ունենում է մինչև 19 տարեկանը, և նրանք, ովքեր ցանկանում են հետաձգել երեխա ունենալը, կարող են հակաբեղմնավորիչներ օգտագործել։ Հղիության արհեստական ընդհատումը սովորական երևույթ է և կանանց 24 տոկոսի մոտ դա տեղի է ունեցել։ Թեև նրանք սահմանադրորեն հավասար են տղամարդկանց, սակայն ունեն անհավասար գույքային իրավունքներ և որոշ ոլորտներում նրանց աշխատանքի տեղավորման հնարավորությունները սահմանափակ են։
Մալագաշ կանանց կյանքի միջին տևողությունն ավելի բարձր է, քան տղամարդկանցը՝ 2010 թվականի տվյալներով կանանց միջին տարիքը կազմել է 61,3 տարի, տղամարդկանց 57,7 տարվա դիմաց։ Կանայք ավելի շատ են, քան տղամարդիկ։ 2010 թվականի տվյալներով երկրի 19,669,953 ընդհանուր բնակչության մեջ կանայք կազմել են 50,3 տոկոս[1]։
Սակավարյունությունը տարածված է մալագաշ կանանց շրջանում, նրանց 36 տոկոսը տառապում է դրա ինչ-որ ձևով, հիմնականում՝ թեթև։ Վերջին տարիներին դրա տարածվածությունը նվազել է[2]։ Մադագասկարում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածվածությունը ցածր է աֆրիկյան միջինից, իսկ ազգային մակարդակով այն կազմում է 1 տոկոս։ Հղի կանանց մոտ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով վարակվածության մակարդակը ցածր է։ Այնուամենայնիվ, սեռական ճանապարհով փոխանցվող մյուս հիվանդությունների, հատկապես սիֆիլիսի դեպքերը բարձր են[3]։
Մալագասական օրենսդրությունը սահմանում է 14 տարեկանը որպես կանանց ամուսնության նվազագույն տարիք, որը տղամարդկանց նվազագույն տարիքից ցածր է։ Մինչև 18 տարեկան աղջիկների ամուսնանալու համար պահանջվում է միայն ծնողի համաձայնությունը, մինչդեռ 18 տարեկանից բարձր աղջիկները կարող են տալ իրենց համաձայնությունը։ ՄԱԿ-ի տվյալներով՝ 15-ից 19 տարեկան աղջիկների 34 տոկոսն արդեն ամուսնացած են։ Բազմակնությունն արգելված է, սակայ այն դեռ հանդիպում է[1]։ Մշակույթն ավանդական նահապետական է[4]։
Մադագասկարում ծնելիության ընդհանուր մակարդակը նվազում է, բայց այն դեռևս բարձր է։ Ակնկալվում է, որ այդ ազդեցությունը կվերանա 30 տարվա ընթացքում։
19 տարեկանից ցածր մալագաս կանանց մոտավորապես մեկ երրորդն արդեն ունի առնվազն մեկ երեխա[5] և նրանց մեծ մասը կերակրում է կրծքով, ընդ որում 51 տոկոսը բացառապես կրծքով է կերակրել վեց ամիս[6]։
Թեև մալագաս կանայք ավելի ու ավելի են օգտագործում ինչպես սովորական, այնպես էլ ներարկային հակաբեղմնավորիչներ, դեռևս դրանք բավարար չեն[7], կանանց միայն 1,5 տոկոսն է օգտագործում իմպլանտացված հակաբեղմնավորիչներ[8]։ Աբորտների մակարդակը գնահատվում է 10 հղիությունից 1-ը, ընդ որում կանանց 24 տոկոսը աբորտ է անում[9]։ Ամուսնացած կանանց 15 տոկոսը, ովքեր ցանկանում են օգտագործել հակաբեղմնավորիչներ, հասանելի չեն ընտանիքի պլանավորման նախաձեռնություններին[10]։ Շատ դեպքերում կնոջ ամուսինն է որոշում, թե ինչ քայլեր ձեռնարկի։ Փոքրամասնությունը (կանանց 9 տոկոսը և տղամարդկանց 8 տոկոսը) այն կարծիքին են, որ ամուսինը կարող է ծեծել կնոջը, եթե նա հրաժարվում է սեռական հարաբերությունից[10]։
Կրթությունն իր ազդեցությունն է ունեցել Մադագասկարում մանկական մահացության մակարդակի վրա։ Համաշխարհային բանկից Մարիաննա Շարպի և Իոանա Կրուզի կարծիքով՝ միջնակարգ կրթություն ունեցող մայրերի մոտ 40-50 տոկոսով ավելի քիչ է մանկական մահացությունը, քան ավելի քիչ կրթված կանանց մոտ։ Ավելի երիտասարդ կանանց մոտ նույնպես ավելի քիչ հավանական է մանկական մահացությունը[11]։ 2003 թվականից ի վեր պերինատալ մահացության միջին մակարդակը նվազել է[12]։
Մադագասկարում մայրական մահացության մակարդակը ցածր է Ենթասահարայից հարավ գտնվող երկրների միջինից 100,000 կենդանի ծնվածից 498 մահացության ընդհանուր ցուցանիշով։ Մահացության այդ ցուցանիշը կայուն է մնացել 2000-ից 2009 թվականներին։ Այդ ցուցանիշի վրա ազդել են բազմաթիվ գործոններ[13]։ Չնայած 86 տոկոսն անցնում է նախածննդյան հետազոտություն, նրանցից 49 տոկոսին չի ասվում, թե արդյոք կան բարդություններ[14]։ Նոր ծննդաբերած մայրերի մոտավորապես 46 տոկոսը հետծննդյան խնամքի չորսից պակաս սեանս է ունենում։ Կանանց մեծ մասը ծննդաբերում է առողջապահական կենտրոններից դուրս, իսկ օժանդակ ծննդաբերությունների թիվը գնալով նվազում է։ Ըստ Շարպի և Կրուզի՝ մալագաս կանանց 35 տոկոսը, ովքեր ծննդաբերում են առողջապահական կենտրոններից դուրս, բժշկական օգնություն չեն ստանում։ Բավականին տարածված են նաև անցանկալի հղիության պատճառով աբորտները[13]։
Հարուստ և միջին դասի մալագաս կանայք շատ ժամանակ են ծախսում ճաշ պատրաստելու վրա և կարող են աշխատել մանիոկայի, բրնձի և եգիպտացորենի արտադրության մեջ։ Ավելի աղքատ կանայք հաճախ աշխատում են բրնձի արտադրության մեջ ընտանիքի տղամարդկանց հետ, թեև նրանք ավելի հավանական է, որ աշխատեն հացահատիկի չոր դաշտերում։ Բերքահավաքի սեզոնից դուրս նրանք կարող են արտադրել և վաճառել այլ ապրանքներ՝ իրենց ընտանիքների համար եկամուտ ստանալու համար[15]։
Մալագաս կանայք մասնակցում են նաև բնավճարով կատարվող աշխատանքներին։ Ոմանք, այդ թվում՝ ամուսնալուծված կանայք, ովքեր ունեն հողատարածք՝ առանց տղամարդկանց համապատասխան աջակցության, աշխատանքը վստահում են հարազատներին կամ համայնքի այլ անդամներին, մինչդեռ մյուսները կարող են աշխատել ընդհանուր հողի վրա իրենց ամուսինների հետ։ Այնուամենայնիվ, բնավարձով աշխատող կանայք հազվադեպ են հանդիպում իրենց ամուսիններից առանձին[16]։
Մադագասկարի սահմանադրությամբ գենդերային խտրականությունն արգելված է, սակայն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) նշում է, որ դեռևս տեղեկություններ են ստացվում ժառանգական իրավունքների հարցում խտրականության մասին։ ՏՀԶԿ-ն գենդերային խտրականության աստիճանը ըստ սոցիալական ինստիտուտների և գենդերային ինդեքսի գնահատել է որպես միջին մակարդակի[1]։
Կանայք օրենքի համաձայն ունեն հավասար սեփականության իրավունքներ, թեև Մադագասկարի արևելյան ափի որոշ հատվածներում նրանք չեն կարող հող ունենալ։ Նրանց թույլատրվում է ունենալ սեփական բիզնես և հող գնելու համար ամուսնու թույլտվության կարիք չունեն։ Նրանց քաղաքացիական ազատությունները հիմնականում հարգվում են[4]։ Սակայն ամուսնու բռնության դեպքում կանայք պետք է իրենք զեկուցեն հանցագործության մասին, որպեսզի ոստիկանությունը գործի։ Թեև ոստիկանություն զանգահարելը հազվադեպ է հանդիպում։
Կանայք ունեն նաև ավանդական իրավունքներ, որոնք հայտնի են որպես միսինտակա (ֆր.՝ droit de misintaka), որը թույլ է տալիս նրանց ժամանակավորապես լքել իրենց ամուսիններին[1]։ Այդ իրավունքը օրենսդրական մակարդակով վերապահված է կնոջը և գործում է, եթե ամուսինը թույլ է տալիս կոպիտ խախտում ամուսնությունից բխող պարտականությունների և պարտավորությունների նկատմամբ։ Կինը կարող է ժամանակավորապես լքել ընտանիքի տունը և երկու ամսով գնալ ծնողների կամ մերձավոր ազգականների, բռնության զոհերի կենտրոն կամ որևէ «բարեխիղճ մարդու» մոտ։ Կնոջը տուն վերադարձնելու համար, մինչև այդ ժամկետը լրանալը, ամուսինը պարտավոր է ծնողների կամ մերձավոր ազգականների ներկայությամբ կամ նրանց բացակայության դեպքում ազնվական ծագում ունեցող անձանց ներկայությամբ կատարել «Ֆամպոդիանա» (ֆր.՝ Fampodiana) ապաշխարության ծես։ Կինը կարող է ցանկացած պահի վերադառնալ ընտանիք իր կամքով[17][18]։
Կարծիք կա, որ Մադագասկարում կանայք պետք է կենտրոնանան խոհարարության վրա, իսկ գյուղատնտեսությամբ պետք է զբաղվեն տղամարդիկ։ Այսպիսով, ավելի աղքատ մալագաս կանայք իրավունք չունեն հողագործությամբ զբաղվել օտար հողերում[15]։
Ամուսնալուծվելիս մալագաս կանայք ավանդաբար ստանում են ամուսնության ընթացքում ձեռք բերված ունեցվածքի մեկ երրորդը, իսկ մնացած երկու երրորդը ստանում են իրենց ամուսինները, նրանք կարող են նաև ամուսնության ընթացքում առանձին պահել իրենց ունեցվածքը[16][4]։ Ամուսնու մահվան դեպքում երեխա լույս աշխարհ բերած մալագաս այրին ստանում է ընդհանուր ունեցվածքի կեսը։ Սակայն եթե զույգը երեխա չի ունենում, ապա ժառանգության մեծ մասը բաժին է հասնում ամուսնու ընտանիքին[1]։